Հոգեւոր հայրենիք ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական դիրքորոշում

Հոգեւոր հայրենիք ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական դիրքորոշում

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի այս համարի հերոսը երաժիշտ, երգահան Վահան Արծրունին է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։

Չի ստացվում ստեղծել համընդհանուր դաշտ

Հոգեւոր Հայաստանը շատ կարեւոր կատեգորիա է, հատկապես՝ մեր ազգի պարագայում։ Սա առիթ է հստակեցնելու եւ սահմանելու այն տիրույթը, ուր կարեւորվում են հենց հոգեւոր կյանքի խնդիրներն ու նպատակները։ Ընդհանրապես, նման գաղափարները ձեւավորվում են, որպեսզի ներազդեն ընդհանուր մթնոլորտի վրա, այսինքն՝ ապահովեն որոշակի զարգացում, ընթացք։ Մարդիկ պետք է մտածեն այդ ուղղությամբ, որպեսզի նախեւառաջ զարգացնեն իրենք իրենց, եւ, հետեւաբար, որպես այդպիսին՝ կզարգանա նաեւ հանրությունը, եւ շարժ տեղի կունենա դեպի այդ հոգեւոր տիրույթները։ Իսկ իրականում ի՞նչ է ստացվում․ այդ իդեալներն անհատականացվում են, որովհետեւ նման գաղափարներ բարձրացնելը, ցանկացած էտապում, հանդիսացել է անձնային սեփականություն։ Այսինքն՝ կային մարդիկ, որոնք այդ գաղափարներն ունեին, բայց դրանք երբեք չէին դառնում հանրության սեփականությունը ու չէին հանրայնացվում, էլ չեմ ասում, որ երբեւիցե որպես պետական զարգացման ծրագիր չէին ներկայացվում։ Սա, կարծում եմ, ամենագլխավոր աբսուրդներից է մեր իրականության, որովհետեւ, խոսելով հոգեւոր հայրենիքի մասին, մենք խոսում ենք անձնային տեսանկյուններից, եւ չի ստացվում ստեղծել համընդհանուր դաշտ, որը եւ կխթանի այն պրոցեսները, որի մասին նշեցի։ Ինչու դա տեղի չի ունենում՝ որովհետեւ պատկերացումներն էթիկայի եւ կենցաղային կուլտուրայի մասին, իմացությունները սեփական մշակույթի եւ պատմության մասին բեւեռացված են։ Մի բեւեռում խիստ կարեւորված՝ խորը գիտելիքներով եւ համոզումներով։ Մեկ այլ բեւեռում՝ համատարած տգիտության եւ անբանության մթնոլորտում այդ խնդիրների անտեսում։ Այսինքն՝ հոգեւոր հայրենիքի խնդիրն իրենց չի հուզում, եւ դա կրում է զանգվածային բնույթ։ Միակ լծակը՝ կոտրելու այդ արատավոր ավանդույթը, պետական ռեսուրսի գործածումն է։ Այն պահին, երբ պետությունը բարձրաձայնի հոգեւոր հայրենիքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը եւ ստեղծի հստակ մեխանիզմ՝ հանրահռչակելու այդ իդեալները, այդ պահից էլ ականատեսը կդառնանք այդ ընթացքի սկզբին։
Պետության ձեռքում 2 կարեւորագույն լծակ կա՝ մեկը մշակույթի հարցերով զբաղվող գերատեսչությունն է, մյուսը՝ հայ առաքելական եկեղեցին, որը պատասխանատու է նաեւ իր հոտի հոգեւոր զարգացման համար։ Այսինքն՝ այստեղ համատեղ վեկտոր պետք է լինի, եւ այդ ամենն ի կատար ածվի այդ 2 լծակներն օգտագործելով։ Դրանք պետք է լինեն ծրագրային բնույթի որոշումներ, հստակ ծրագրեր։ Իսկ որպեսզի այդ լծակները սկսեն աշխատել, հարկավոր է պարզապես քաղաքական դիրքորոշում։ Այսինքն՝ հոգեւոր Հայաստանն իմացաբանական կատեգորիա լինելուց բացի, պետք է դառնա նաեւ կենցաղային առաջնություն։

Հեղափոխական նշանաբանություն․ «Անտունիից»՝ Թաթա

Մշակույթն արդյո՞ք արժեւորված է, եւ մշակույթի մասին մենք խոսո՞ւմ ենք հեղափոխությունից հետո։ Եթե առաջին հեղափոխական միտինգի ժամանակ հնչում էր «Անտունին», վերջին՝ եզրափակիչ միտինգի ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հնչում էր արդեն Թաթան։ Ես առաջին հերթին սա մշակութաբանական մաղով եմ անցկացնում, ցանկացած պատմական իրադարձություն ժամանակի մեջ ծնում է խորհրդանիշներ, սիմվոլներ։ Դա մեզնից անկախ է լինում, ինչպես որ «դուխովը» դարձավ որոշակի նշանաբանություն։ Նույնը տեղի ունեցավ նաեւ երաժշտության, կերպարվեստի, գրականության ոլորտում։ Մենք պետք է դատենք նման մոդուլներով․ եթե երաժշտության մոդուլի մեջ տեղի է ունենում այս ալգորիթմը, բնականաբար, նույն ալգորիթմը պետք է կրկնվի մնացած բոլոր բնագավառներում։ Եվ երբ Ստեփանակերտում վարչապետը բարձրաձայնեց պետական վեկտորների մասին, այդ կարեւորությունների ցանկում չկար մշակույթի ոլորտը, ինչն ինձ համար շատ օրինաչափ էր։ Դա նշանակում է, որ զարգացման տեսլականի, հայեցակարգի մեջ մշակույթն ընդհանրապես ընդգրկված չէ։ Հենց դրանով էլ պայմանավորված են մի քանի նախարարությունների միավորումը, բյուջեի կրճատումը։ Բնական է, որ այդ ներքին մոդելի տրամաբանությամբ էլ պետք է զարգանան իրադարձությունները։ Դա ասում եմ վստահ, որովհետեւ իմ առնչությունն ունեցել եմ՝ առաջարկելով Կոմիտասի 150 ամյակի հետ կապված մի ամբողջական ծրագիր՝ 23 համերգից բաղկացած, 55 արվեստագետների մասնակցությամբ, որտեղ ներկայացված էր ամբողջ մշակութային Հայաստանի աշխարհագրությունը։ Եվ այդ ծրագրի անտեսումը վկայում է նաեւ այն մասին, որ այդ ալգորիթմը որդեգրված է պետականորեն։

Սկսել դաշտը համակարգելուց

Որպեսզի մենք իմանանք՝ արդյոք մեր մշակույթը լավն է, թե վատը, պետք է դաշտը համակարգենք, հասկանանք՝ արժեւորելու այդ սանդղակն ինչպիսին է՝ գեղարվեստական մի շարք գործակիցներ կան, որոնց միջոցով նկարագրում ենք այդ երեւույթը՝ արժեւորելով կամ չարժեւորելով։ Մինչեւ այդ համակարգումը տեղի չունենա, մենք մեր որակումներում խիստ անձնային պատկերացումներից չենք կարող դուրս գալ, այնինչ արվեստում ու մշակույթում գործում են համընդհանուր պատկերացումներն ու ստանդարտները։ Խնդիրն այն է, որ մենք գուցեեւ ունենք լավ մշակույթ, բայց գուցեեւ չունենք, բայց դրա մասին իմանալու համար մենք պետք է համընդհանուր դաշտը համակարգենք եւ դրանից հետո նոր մեր առնչությունների չափը հասկանանք։ Ես 2017-ից ռադիոհաղորդում եմ վարում Հանրային ռադիոյում եւ շաբաթը 2 անգամ հանդիպում եմ առնվազն 2 արվեստագետի հետ, եւ իմ պատկերացումն այսօրվա երաժշտական ոլորտի մասին ոչ թե աբստրակտ մի բան է, այլ միջանձնային հարաբերություններով հաստատված պատկերացում։ Մենք ունենք ոչ թե լավ մշակույթ, մենք ունենք այնպիսի մշակույթ, որ ցանկացած երկիր կերազեր այդ բովանդակությամբ, այդ մշակույթի ֆիզիկական կրիչներով լցնել հոգեւոր հայրենիքի տիրույթը։

Հեղափոխությունը ոչ մի բան չի հեղափոխել

Այն միջավայրում, որտեղ ես եմ ապրում եւ ստեղծագործում, այդ շրջապատն անբաժան է այդ հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտից։ Որքան էլ որ չընդունենք դիմացինի մոտեցումները՝ արվեստի հետ կապված, բայցեւայնպես, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի եւ սիրո գնահատականի առումով վերաբերմունքը միանշանակ է եւ անփոփոխ։ Եվ այստեղ հեղափոխությունը ոչ մի բան չի հեղափոխել։ Հեղափոխությունը պետք է հեղափոխեր հանրության վերաբերմունքը, այդ թվում՝ մշակութային եւ հումանիտար արժեքների, իր անցած պատմական ուղու նկատմամբ, բայց այդ առումով մենք ականատես ենք հակառակ պրոցեսների՝ բաժանում սեւ եւ սպիտակների, որը ծնում է ե՛ւ սոցիալական բեւեռացում, ե՛ւ պատկերացումների բեւեռացում, ու շատ բնական է բացասական էֆեկտը․ մարդիկ ոչ միայն հանդուրժող չեն, այլեւ առիթը բաց չեն թողնում՝ բաց տեքստով իրենց ատելությունը, արհամարհանքը, հեգնանքն արտահայտելու դիմացինի հանդեպ։ Այդ առումով մենք ոչ մի բան ձեռք չենք բերել․ սա ընդամենը լոզունգ է, որը համապատասխանում էր հեղափոխության առաջին էմոցիոնալ էտապին։ Բայց այդ շրջանից հետո գալիս է ռացիոնալ գնահատման շրջանը․ ես դեռ այդ ընթացքի մեջ եմ, ու պետք է իրատեսորեն գնահատել փոփոխվող իրավիճակը։