Նիկոլն ու Ժիրոն «պսակվեցին», ապրի «քավորը»

Նիկոլն ու Ժիրոն «պսակվեցին», ապրի «քավորը»

Կենացները, ինչպես ընդունված է ասել, քաղցրանում են: ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումով փաստվեց, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելով՝ դատարանը եւ ուժային կառույցները տապալել են սահմանադրական կարգը: Նիկոլ Փաշինյանը հայտնվեց անելանելի վիճակում՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներն էլ հնարավոր է առաջիկայում հերքվեն, իսկ դա կրախն է այն ուժերի, որոնք հայտարարել էին, թե Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտել են: Մի խոսքով՝ ՍԴ որոշումից հետո Փաշինյանին ոչինչ չէր մնում անել, քան գնալ մարզադաշտ եւ մտահոգ դեմքով հետեւել Հայաստան-Իտալիա խաղին, որի արդյունքը խորացրեց նրա մտահոգությունները: Այ, եթե կարելի լիներ կրկնել մեկ անգամ արդեն գործած սխրանքը եւ պողոսարշավ կազմակերպել ՍԴ-ի դեմ, վիճակն այդքան ծանր չէր լինի: Ցավոք, աշխարհը չընդունեց իրավական պետություն կառուցելու այդ «հեղափոխական» քայլը: Եվ այս իրավիճակում սկսվեցին «հարսանիքի» պատրաստությունները:

Քավորը

Քավորի հարցն ամենադժվար հարցերից մեկն է: Մինչեւ համոզում ես, հոգիդ դուրս է գալիս: Փաշինյանի պարագայում, սակայն, քավոր գտնելը զարմանալիորեն արագ ստացվեց, եթե չասենք՝ քավորն իր ոտքով եկավ: Եթե այնպես ստացվի, որ ինձ թամադա նշանակեն այդ հարսանիքին, առաջինը հենց քավորի կենացն եմ խմելու, քանզի «հարսն» ու «փեսան» իրար չէին գտնելու, եթե չլիներ քավորը: Եվ այսպես՝ Փաշինյանը դժվար կացության մեջ էր, երբ հանրահայտ գեղի կլուբից հնչեց քավորի կլկլան ձայնը: ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ հասկացնելով, որ Փաշինյանն իրավունք չունի հուսահատվելու այս իրավիճակում. «Համոզված ենք, որ առկա են օրինական բոլոր մեխանիզմները եւ գործիքակազմը` իրավիճակը հանգուցալուծելու համար, եւ Հայաստանի իշխանությունները օր առաջ պետք է գործադրեն դրանք` երկրի կայունությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու եւ հեղափոխության նվաճումները պահպանելու նպատակով»: Ճիշտն ասած՝ մի քիչ անհասկանալի է, թե ՍԴ-ից այնկողմ ինչ օրինական մեխանիզմների մասին է ակնարկում քավորը, բայց որ ասում է, երեւի մի բան գիտի: Այս դեպքում շատ ավելի հետաքրքիր է «գործիքակազմի» պահը, քանի որ արդեն համոզվել ենք, որ բաց ձեռքերով մարդուն, երբ նա ոչ մի «իզմ» չի դավանում, եւ երբ թթվածնի վերջին բալոնը՝ հանրային աջակցությունը, սպառվող ռեսուրս է, հատուկ գործիքներ են պետք՝ ծանր իրավիճակից դուրս գալու համար: Փաստորեն, քավորը ճիշտ տեղից է բռնել՝ գործիքակազմ առաջարկելով: Մեզ հուզող միակ հարցը հիմա սա է՝ արդյոք հնարավո՞ր է քավորի առաջարկած գործիքակազմով «օրինական մեխանիզմներ» աշխատեցնել ՍԴ որոշման եւ կառույցի դեմ, որն այս դեպքում Հայաստանի Հանրապետությունն է:

Գործիքակազմ

Ինչո՞ւ հանկարծ Նիկոլ Փաշինյանին գործիքակազմ (գործիքների հավաքածու) պետք եկավ: Սա երկար պատմություն է, որին այստեղ չենք անդրադառնա, բայց կփորձենք հասկանալ՝ հատկապես ի՞նչ մասնագիտության գործիքներ է առաջարկում քավորն այս իրավիճակում: Սա կարեւոր է այնքանով, որ Փաշինյանը հենց այդ գործիքների գործադրումով պետք է չեզոքացնի երկրի կայունությանը սպառնացող վտանգը եւ պահպանի հեղափոխության նվաճումները: Կարծում եմ՝ գլխավոր գործիքը, ինչպես գլխի եք ընկնում, հենց ինքը՝ քավորն է: Գործիք դառնալու համար մեր քավորի խելքն իրենը չէ: Կողքից նայողը կասեր՝ ինչպիսի՞ նվիրվածություն հեղափոխությանը, որի նվաճումների հեղինակն ինքը չէ: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «խասյաթի հարց է»: Այսուհանդերձ, քավորն ինքն իրենով եւ գեղի կլուբի ողջ անձնակազմով չի կարող գործիքակազմ համարվել: Այլ գործիքներ էլ են պետք: Եվ քավորի հայտարարության օրը կառավարությունում են հայտնվում Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը՝ Փաշինյանի հետ «պսակադրության» անսքող առաջարկով: Նրանց անակնկալ խնամախոսությունը, բնականաբար, որոշակի ապրումներ պատճառեց Փաշինյանին, բայց նա այլեւս ոչինչ անել չէր կարող, քան ընդունել սեփական «սխալը», որ մի ժամանակ գործել էր՝ ՊՊԾ գնդի «հերոսների» հանդեպ: Շատ չերկարացնեմ․ հենց տեղում նշանը դրին, լմնցրին, գնաց: Հետո, արդեն դրսում, «նորափեսա» Ժիրոն պետք է հայտարարեր. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռեւանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու տեղի ունենա այդ ռեւանշը»: Ահա եւ հասկացանք, թե ինչ նկատի ուներ քավորը՝ «երկրի կայունությանը սպառնացող վտանգ» ասելով: Դա, փաստորեն «հների» ռեւանշի վտանգն է, որից պետք է ազատվել ամեն գնով, անգամ՝ ահաբեկչության: «Մենք այդ ուժն ենք…»,- ասում է Ժիրոն:

Շարժառիթ

2008թ. մարտի 1: 2019թ. սեպտեմբերի 4: 11 տարի: 11 տարի անց Հայաստանի Սահմանադրական դատարանն իր քայլն է անում՝ Քոչարյանի կալանավորումը հակասահմանադրական է, նրան առաջադրված մեղադրանքները՝ կասկածելի: Քավորը չի կարող հանգիստ նստել տեղը, կրակը տարածվում է դեպի իր փեշերը: 10 զոհ: Սարսափելի է նույնիսկ մտածելը: Ո՞վ է պատասխան տալու: Եվ, որպեսզի ինքը պատասխան չտա, նոր զորահավաք է կազմակերպում՝ մի անգամ արդեն քավության նոխազ դարձած Նիկոլի ձեռքով երկրում «կարգուկանոն» հաստատելու համար: «Ժիրոն՝ քեզ օգնական, Նիկոլ ջան, եթե կուզես՝ գործիք»,- ասում է քավորը: Ապրի մեր քավորը: