Ի՞նչ կլինի, եթե Պուտինը որոշի տեսակցել Քոչարյանին

Ի՞նչ կլինի, եթե Պուտինը որոշի տեսակցել Քոչարյանին

Երեկ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում  արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցինք՝ եթե Պուտինն իսկապես ցանկանա այցելել Քոչարյանին, դիվանագիտորեն դա ինչպե՞ս կընկալվի ՀՀ իշխանությունների կողմից, եւ արդյոք կարո՞ղ է այն որեւէ կերպ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
Մնացականյանն ասաց, որ մեր հարցի «եթե»-ով կոնտեքստն իրեն բոլորովին չի հրապուրում մեկնաբանելու, թե «եթե այնպես, ապա, ուրեմն, ինչպե՞ս»։
«Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին, եւ վստահ եմ, որ անցկացնելու ենք շատ լավ եւ շատ արդյունավետ գագաթնաժողով։ Եվ վստահ եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն այս գագաթնաժողովից միայն շահելու են, խորանալու են եւ ամրապնդվելու են։ Մեր մոտեցումը եւ մեր նպատակը դա է»,- հարցին հստակ պատասխան չտվեց ԱԳ նախարարը։

Մենք հարցը ձեւափոխեցինք՝ Քոչարյանի գործոնը որեւէ կերպ չի՞ խանգարում հայ-ռուսական հարաբերություններին։ Զոհրաբ Մնացականյանն ասաց․ «Նորից եմ կրկնում՝ միջպետական հարաբերություններում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մենք ունենք շատ հստակ ձեւավորված օրակարգ եւ երկու կողմերի հստակ ցանկությունը՝ խորացնելու եւ ամրապնդելու մեր հարաբերությունները»։
Մինչդեռ նկատենք, որ Քոչարյանի գործոնը, դատելով տարբեր տեղեկություններից եւ մամուլի հրապարակումներից, նաեւ ՌԴ-ից եկող որոշակի ազդակներից, կարծես թե իսկապես իր ազդեցությունը թողնում է Փաշինյան-Պուտին եւ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների վրա։ Անգամ խոսակցություն կա, որ Պուտինը պայման է դրել Փաշինյանի առջեւ՝ ազատ արձակել Քոչարյանին, եթե ուզում են, որ բնականոն հարաբերությունները վերականգնվեն երկու երկրների միջեւ։

Բայց ԱԳՆ-ն, բնականաբար, այս խոսակցությունները չի մեկնաբանում։ Քոչարյանի գործոնի մասին է վկայում նաեւ Պուտինի՝ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ տարածած շնորհավորանքը, որտեղ ՌԴ նախագահը շռայլ խոսքերով է գնահատել ՀՀ երկրորդ նախագահի անձը, ինչն էլ ծանր էին տարել հակառակ ճամբարի ներկայացուցիչները։ Իսկ դա արտացոլված էր հաջորդ օրը «Հայկական ժամանակում» տպագրված խմբագրականում, որտեղ գրեթե որպես վիրավորանք էին ընդունել Քոչարյանին ուղղված մեծարանքի խոսքերը, որտեղ նրա վաստակն է գնահատված՝ որպես պետական գործչի։ Խմբագրականի հեղինակը գրել էր՝ կհասկանայինք, եթե ընդամենը Քոչարյանին առողջություն մաղթեին՝ որպես նրա ընկերներ, բայց երբ մենք նրան դատում ենք սահմանադրական կարգը տապալելու համար, ինչ-որ վաստակի մասին խոսել, որպես պետական գործիչ՝ շնորհավորել, չի կարելի։