«Ֆրանսիայի կողմից ՀՀ-ի վերազինումը նոր ուղի է դեպի պատերազմ». Բաքուն սպառնում է

«Ֆրանսիայի կողմից ՀՀ-ի վերազինումը նոր ուղի է դեպի պատերազմ». Բաքուն սպառնում է

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հատուկ հայտարարության մեջ, որում դատապարտել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են նաև, որ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պայմանագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ օրերս Ֆրանսիա կատարած այցի ժամանակ։ Ըստ այդմ, Փարիզը CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի մեր երկրին: