«Հրապարակ». Կուսակցություններն ասում են ինչ նռնակ է կիրառվել, ես տալիս եմ քաղաքական գնահատական

«Հրապարակ». Կուսակցություններն ասում են ինչ նռնակ է կիրառվել, ես տալիս եմ քաղաքական գնահատական

«Հրապարակի» զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն է:

- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանրային գիտակցության մեջ մի քանի անձի հետ է ասոցացվում` մեկը Դուք եք, մյուսը` Անի Սամսոնյանը: Անցած շաբաթ «Հրապարակը» գրել էր, որ Սամսոնյանը համաձայն չէ Էդմոն Մարուքյանի վարած քաղաքականությանը եւ կարծում է, որ ԼՀԿ-ն ավելի հստակ ընդդիմադիր դիրքորոշում պետք է որդեգրի: Դրա հաջորդ օրը Սամսոնյանը Ֆեյսբուքում գրառում արեց, որ հեռանում է կուսակցությունից, Դուք էլ այդ գրառումը լայքել էիք։ Կարելի՞ է ենթադրել, որ կիսում եք Սամսոնյանի տեսակետը եւ ողջունում եք նրա այդ քայլը: Ինչո՞ւ: Գուցե Դուք է՞լ եք ցանկանում հեռանալ «Լուսավոր Հայաստան»-ից:

- Դե, ամեն դեպքում, Անին մեր ընկերն է, անտեսեի՞ նրա գրառումը կամ ջղային սմայլ դնեի` ի՞նչ անեի: Դա ոչ մի կապ չունի: Ես իմ բոլոր ընկերներին` առանց բացառության, ովքեր նման որոշում են կայացրել, ամեն դեպքում, չեմ անտեսել` միշտ էլ արձագանքել եմ:

- Կուսակցությունն այն ժամանակ կտրուկ արեւմտյան ուղղվածություն ուներ, հիմա, կարծես, ինչ-որ բան է փոխվել:

- «Լուսավոր Հայաստան»-ը բալանսավորված քաղաքականության կողմնակից է: Երբ նախկինում իշխանությունները միակողմանի` պրոռուսական քաղաքականություն էին վարում, խոսել ենք բալանսավորման մասին, Եվրոպայի հետ հարաբերությունները պահելու մասին, սակայն հիմա, երբ հակառուսական են քայլերը, գնում են պրոարեւմտյան ուղղությամբ, այսինքն` դիմել են մյուս ծայրահեղությանը, մենք կրկին փորձում ենք զուտ բալանսավորել այդ ամենը:

- Նախորդ չորեքշաբթի, երբ ոստիկանները ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառեցին, նռնակներ նետեցին խաղաղ ակցիա իրականացնողների ուղղությամբ, գրեթե բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՔՊ-ի հաճախորդների, հայտարարություն տարածեցին, դատապարտեցին այդ երեւույթը եւ այլն: «Լուսավոր Հայաստան»-ը, որն ընդդիմադիր կուսակցություն է իրեն համարում, ոչինչ չասաց այդ մասին: Ինչո՞ւ։

- Մենք նման` հայտարարություն տարածելու ավանդույթ, իրավական գնահատականներ տալու, չունենք: 2016 թվականից այս կողմ մեր գնահատականները հայտնում ենք անհատապես, էլի կուսակցության անունից, սակայն ոչ առանձնահատուկ հայտարարություն: Իմ կարծիքով` սա իշխանությունների կողմից քաղաքական եւ իրավական բնույթի հաշվեհարդար էր, որը կարող է ունենալ նաեւ տարբեր դրսեւորումներ: Կուսակցություններն արձանագրում են, թե ինչ տեսակի նռնակ է կիրառվել, ինչ է տեղի ունեցել արդյունքում, իսկ ես տալիս եմ քաղաքական գնահատական: Անկախ ամեն բանից, էությունը նույնն է` քաղաքական հաշվեհարդար իշխանափոխություն պահանջողների հանդեպ: Ինչ խնդիրներ տեսնում ենք՝ շարժման հետ կապված, լռում ենք, չենք ցանկանում վնասել: Այդքան բան կարող եմ ասել: