«Հրապարակ». «Արմենիա»-ն ուշացնում է չվերթները․ ուղեւորներին բերում է եգիպտական Air Cairo-ն

«Հրապարակ». «Արմենիա»-ն ուշացնում է չվերթները․ ուղեւորներին բերում է եգիպտական Air Cairo-ն

«Արմենիա» ավիաընկերությունը մի քանի ամիս է՝ թռիչքներ է իրականացնում ընդամենը մեկ օդանավով, քանի որ  մյուս օդանավերը, որոնք վարձակալել է եվրոպական գրանցումով ընկերություններից` լիզինգով, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հայտնվել են սանկցիաների տակ։ Դա է պատճառը, որ ընկերությունը չի կարողանում ժամանակին իրականացնել թռիչքները եւ առաջացրել է ուղեւորների դժգոհությունը, հատկապես՝ Եգիպտոս հանգստի մեկնածների։ Տուրիստական ընկերությունները կրում են մեծ վնասներ, ստիպված են լինում այլ ընկերության՝ հիմնականում Air Cairo-ի օդանավերով կազմակերպել իրենց հաճախորդների վերադարձը Հայաստան։ Նկատենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը բավականին լավ համբավ ունեցող ընկերություն էր, բայց այսօր տոմսեր է վաճառում եւ չի կարողանում իր ուղեւորներին ժամանակին տեղ հասցնել։ Մինչդեռ կար մի պահ, երբ նույն «Արմենիան» էր օգնության հասնում «Ֆլայուան Արմենիա» ընկերությանը, երբ վերջինս խնդիրներ ուներ։

Այս պահին խնդրի առջեւ են կանգնած օգոստոսի 17-ին եգիպտական Հուրգադա հանգստավայր մեկնած ՀՀ քաղաքացիները։ Station Tour տուրիստական ընկերության տնօրեն Նաիրա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 2-ին «Արմենիա»-ի միջոցով Հուրգադա մեկնած ուղեւորները պետք է վերադառնային օգոստոսի 16-ին, ժամը 12։30-ին, սակայն վերադարձել են ամսի 17-ի լույս 18-ի գիշերը, ժամը 2։30-ին, եգիպտական Air Cairo ավիաընկերության օդանավով։
Նույն խնդրի առջեւ կանգնել են նաեւ այս շաբաթ մեկնած ուղեւորները, որոնց «Արմենիան»-ն պետք է Հուրգադա հասցներ օգոստոսի 16-ին, առավոտյան 9։40-ի չվերթով, սակայն հասցրել է մեկ օր ուշացումով, այսինքն՝ մեկ օր մարդիկ կորցրել են։ Իսկ հիմա էլ նամակ է ուղարկել, որ մեկ օր՝ մոտ 30 ժամ շուտ է լինելու թռիչքը։

«Մեր ուղեւորները պետք է վերադառնային ամսի 23-ի գիշերը կամ լույս 24-ին, բայց վերադարձն ամսի 22-ի գիշերն են դրել՝ առանց որեւիցե մեկին տեղեկացնելու, ինչի մասին մենք տեղեկանում ենք վերջին պահին, այսինքն՝ ուղեւորն արդեն էսօր պետք է check out լինի հյուրանոցից։ Ստացվում է, որ մենք՝ որպես տուրիստական ընկերություն, դուրս ենք գալիս անպարտաճանաչ, որովհետեւ չենք կարողանում հաճախորդին հստակ ժամ ու օր ասել հետվերադարձի, երբ որ հաճախորդը վճարել է յոթ օրվա համար, բայց մնում է էնտեղ հինգ օր եւ ավել երկու օր է վատնում ե՛ւ թռիչքի, ե՛ւ հյուրանոցի համար, որը բավականին թանկ արժի, ու ստացվում է՝ տուրիստականն է խաբում էս պահին։ «Արմենիա»-ն բորտ չունի, ինքնաթիռ չունի, չի կարողանում թռիչք իրականացնել, թռչում է Air Cairo-ն, որպեսզի մեր հաճախորդները գոնե չմնան առանց հյուրանոցի»,- խնդիրը ներկայացրեց Նաիրա Գրիգորյանը։

Զրուցեցինք նաեւ «Արմենիա» ավիաընկերության  փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանի հետ, որի հետ այս օրերին հաճախորդները չէին կարողանում կապվել։ «Չկա մի ուղեւոր, որը դուրս է մնացել, չենք բերել: Նման նախադեպ չի եղել ու չի էլ լինելու։ Ցանկացած տեղ, որտեղ լինի, ավիաընկերությունը 2020 թվից, երբ դեռ քովիդը եղել է, 1500 վաուչեր ենք ունեցել, ու էսօր չկա մի ուղեւոր, որ իր վաուչերին համապատասխան՝ ճանապարհորդած չլինի «Արմենիա» ավիաընկերությամբ։ Ֆորսմաժորային իրավիճակ է, այսինքն՝ ավիաընկերությունը քնից չի արթնացել ու որոշել չվերթն ուշ թռցնել կամ իր գլխին խնդիրներ առաջացնել»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը եւ հիշեցրեց, որ սանկցիաների պատճառով բոլոր օդանավերը, որոնք թռել են Ռուսաստան, եվրոպացի լիզինգատուները հետ են վերցրել, ինչի մասին ինքը նաեւ գրառում էր կատարել Ֆեյսբուքում, եւ հիմա սա, ըստ Խաչատրյանի, նույն խնդրի հետեւանքն է։

«Հիմա մի օդանավը չի կարող էդքան ուղղություններով թռիչքներ անել, դրա համար խնդիր է առաջացել, հետեւաբար, մենք չվերթները կատարում ենք ժամային ուշացումներով»,- ասաց նա։ Այդ դեպքում ճիշտ չի՞ լինի, արդյոք, որ ուղղություններից մեկը հանեն, թողնեն մեկ ուղղություն, որ հասցնեն։ Խաչատրյանը զարմացավ․ «Չէ, իհարկե, չի լինի, այսինքն՝ բոլոր չվերթերը պետք է կատարվեն, որովհետեւ ուղեւորների հանդեպ մենք պարտականություն ունենք՝ չենք կարող մի չվերթը հանենք, տարբերություն դնենք ուղեւորների միջեւ: Բոլոր չվերթները կատարվելու են ժամային որոշակի շեղումներով։ Այսինքն՝ մեր ավիաընկերությունը 1500 ուղեւորի փոխհատուցել է, 1500 հոգու հյուրանոցի ծախսը, ավիատոմսը հոգացել է, եւ եթե գտնվի մեկը, որ ասի՝ իրեն պատճառած վնասի համար ավիաընկերությունը չի փոխհատուցել, գոյություն ունեն դատական-իրավական ճանապարհներ, թող դիմեն»։