«Հրապարակ». Ինչո՞ւ էին առաջ հեռախոսային ահաբեկիչները բացահայտվում

«Հրապարակ». Ինչո՞ւ էին առաջ հեռախոսային ահաբեկիչները բացահայտվում

Երեւանի բնակիչների համար ռումբերի տեղադրման մասին ահազանգերը սովորական երեւույթ են դարձել: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո մի քանի օր շարունակ տարբեր ժամերի փակվում էին մետրոպոլիտենի կայարանները, բնակիչներին այս մասին հատուկ չէին էլ տեղեկացնում, եւ մարդիկ մետրոյի մոտակա կայարան հասնելով էին միայն իմանում, որ այն փակ է:

Հուլիսի 16-ին «Չարբախ» եւ «Գարեգին Նժդեհ» կայարաններում քաղաքացիներին ներս չէին թողնում՝ ասելով, որ կարող է ռումբ լինել։ Այդ օրը մետրոյի աշխատանքը վերականգնվեց 17.00-ից հետո: Ռումբի կեղծ ահազանգերը, պարզվում է, այսբերգի երեւացող մասն են միայն։ Ռումբի 31 կեղծ ահազանգ ենք ունեցել ութ ամսում․ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալն է սա: Ահազանգողներից եւ ոչ մեկին չեն բացահայտել:

Միակ կատակչին, ում անձը հաստատվել է, գյումրեցի տղամարդն է, որի նկարը տարածվեց համացանցով։ Իհարկե, սա չի կարելի համարել բացահայտում։ Մարդն ինքն է ներկայացել՝ ասելով, որ հարբած վիճակում զանգել է 911 ու հայտնել Գյումրիի հարկայինի եւ Ազգային ժողովի շենքերը պայթեցնելու մտադրության մասին: Կեղծ ահազանգերի շքերթի տարատեսակ բացատրություններ են շրջանառվում, որոնցից ամենատարածվածն այս օրերին ադրբեջանցիների կազմակերպած հեռախոսային տեռորն է։ Մյուսը հանրային հիստերիայով պայմանավորված անհանգստությունն է՝ անվտանգային խաթարված միջավայրում, որն այսպիսի տարօրինակ դրսեւորում ունի։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ կարեւոր չէ, թե ովքեր են անում։ «Ազերիներն են, թե ովքեր՝ մենք պարտավոր ենք բացահայտել։ Ենթադրենք, ազերիներն են, ուրեմն պետք է թույլ տանք, որ նրանք անպատիժ ամեն ինչ անե՞ն։ Շատ հեշտ է ասել՝ ազերիներն են, ու դրանով փակել հարցը։ Մեր հասարակությունն էլ այնպիսին է, որ կա մի մեծ մաս, որը ինչ ասում են, հավատում է։ Այս մասսայի վրա իրենք խաղում են»։ Գառնիկ Իսագուլյանն իր վարկածն ունի։ Կեղծ ահազանգերը որոշակի տեխնոլոգիա են՝ հասարակության ուշադրությունը շեղելու։ Ո՞վ է դա կիրառում, եթե տեխնոլոգիա է։ Իսագուլյանը չի  մանրամասնում։ «Հայ ժողովրդի եւ հայության թշնամիները։ Հիմա թե դրանք ում տեսքով են՝ ադրբեջանցու, թուրքի, թե հայի, էական չէ, ինչքան շուտ մենք դրանց բացահայտենք, այդքան կշահենք։ Մեր հատուկ ծառայությունները, կարծում եմ, այդ տեխնիկական հնարավորություններն ունեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը)։ Արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Մեր տեղեկություններով, ահազանգերի մի մասը եկել է էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով։ Դրանք եկել են տարբեր հիմնարկների, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեներին։ Դրանք ստացող պաշտոնյաները հարցաքննվել են։

Հարցերի հարցն է, թե ինչու տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, երբ միջոցներն օր-օրի կատարելագործվում են, հեռախոսային ահաբեկիչներին չեն բացահայտում։ Բոլորս հիշում ենք, որ նախկինում եւս օդանավակայաններում, ինքնաթիռներում, ՊԵԿ շենքում, մետրոյի կայարաններում ռումբերի տեղադրման մասին կեղծ նախազգուշացումներ են արձանագրվել։ Անգամ՝ հանրակրթական դպրոցում։ Բայց այդ ահազանգերի հետ մեկտեղ տեղեկանում էինք բացահայտումների մասին։ Մամուլում ուժայինների հաղորդումներ էինք կարդում՝ որ հայտնաբերվել է այս կամ այն «հեռախոսային ահաբեկիչը»։ Անուններ չէին տրվում, բայց բնակչությունը՝ ինչպես դրա հոգեկան անհավասարակշիռ, այնպես էլ գիտակից մասը գիտեր, որ հետեւելու է պատիժ։

Օրինակ, 2019 թվականի դեկտեմբերի 17-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր ահազանգ, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ է տեղադրված: ԱԱԾ-ն գտավ հեռախոսային ահաբեկչին՝ Երեւանի 34-ամյա բնակիչ Կ. Ս․-ին: 2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ. Գ․-ն զանգել էր ոստիկանություն ու ասել, որ ԱԺ-ում պայթուցիկ է տեղադրված։ Քաղաքացուն բացահայտեցին, նա արտերկրում էր, բայց նրան պատասխանատվության ենթարկելու փորձ այդ երկրի իրավապահների միջոցով, այնուամենայնիվ, արվեց։ 2017 թվականի մայիսին գտան «Հրազդան» մարզադաշտում ռումբի տեղադրման մասին հաղորդողին, որը Երեւանի 30 տարեկան բնակիչ էր։ Ինչո՞ւ այսօր բացահայտումներ չունենք, իսկ չապացուցված վարկածները խաթարում են հանրային անդորրը։
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մի վարկած է հրապարակել, թե ահազանգերը կազմակերպված բնույթ են կրում եւ հոսում են մեկ աղբյուրից, միեւնույն մարդկանց ձեռքի գործն են։ Միության համահիմնադիր, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ հեռախոսազանգերի ու անանուն հաղորդագրությունների հեղինակը, հավանաբար, նույն անձն է կամ անձանց խումբը։ Նրա կարծիքով, նպատակը խուճապ առաջացնելն է։ «Նման ձեւով լրացուցիչ պրոբլեմներ են ուզում առաջացնել»,- մեզ ասաց նա։

Ըստ Համբարձումյանի, կեղծ ահազանգերը պետք չէ կապել «Սուրմալուի» դեպքի հետ, քանի որ այս դեպքում չի եղել նախազգուշացնող ահազանգ։ «Դա ուղղակի զուգադիպություն է, խուճապ առաջացնողներն օգտվում են իրավիճակից»։ Առհասարակ, բա՞րդ է կեղծ ահազանգողներին գտնելը, ի՞նչ է պետք դրա համար։

ԱԱԾ նախկին տնօրենն ասում է․ «Իրավապահներն ունեն համապատասխան հնարավորություններ եւ դրանով զբաղվում են։ Դա լուրջ վերլուծության, տեխնիկական հնարավորությունների դաշտում է։ Եթե կարողանում են այդ ամենը համադրել, արդյունք տալիս է, այդ դեպքում բացահայտվում են»։ Ինչո՞ւ էին առաջ ավելի շատ բացահայտում այդ դեպքերը, քան հիմա։ «Առաջ ավելի շատ էին աշխատում, ավելի քիչ էին քնում, գուցե պատճառը դա էր»,- ասում է Միքայել Համբարձումյանը։ ԱԱԾ նախկին սպաները փորձում են իրենց հասանելի միջոցներով պարզել, թե ովքեր են զանգերի ու հաղորդագրությունների հեղինակները։ Թե ինչպես է դա արվելու, եթե նրանք չեն կարող օգտվել հարուցված քրեական գործերի նյութերից ու ԱԱԾ գործիքակազմից, հասկանալի չէ։