Հուսահատությունը ոչնչացնում է հույսով․․․

Հուսահատությունը ոչնչացնում է հույսով․․․

Հասկանում ենք, որ եթե գողը տնից է լինում, եզը երդիկից են հանում։ Եթե գողը տնից է լինում, հուսահատությունն անչափելի է լինում։  Կիրանցիների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ դրա վառ վկայությունն է։ Տարբեր աղբյուրներ նույնն են կրկնում՝ կիրանցիները,  երբ դուրս են եկել կառավարության շենքից, թևակոտոր թռչունների նման եղել՝ հուսալքված, հուսահատված հիասթափված։ Թևակոտոր մարդը նույնն է, ինչ թևազուրկ թռչունը։ 

Հրապարակը  ընդհանուր աղմուկի մեջ շատ նուրբ հարց է բարձրացնում, որը իշխանության գլխավոր զենքն ու հաղթաթուղթն է․ «երեկ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միևնույն է՝ Փաշինյանն իր սև գործն ավարտին է հասցնելու»։ Սրան սրտատրոփ սպասում է այս իշխանությունը։ Հիշեք, Արցախը թևաթափելու, հուսահատեցնելու համար մեկ տարի շարունակ ինչ քայլերի էին դիմում ու համբերատար սպասում, երբ սովից մարդիկ կթուլանան ու կդառնան կառավարելի։ Հուսալքված ժողովրդին կարելի է քշել այն ուղղությամբ, որ ուղղությամբ ուզում ես։ Դա Փաշինյանի անձնական զենքը չէ, այդ զենքը նրան տվել է թշնամին, որպեսզի կարողանա «կռվել սեփական ժողովրդի դեմ»։ Շատերը երևի չեն պատկերացնում հուսալքության կործանարարությունը։ Փաստերը ձեր առաջ են, իսկ ես կներկայացնեմ մի առակ, թե ինչ զենք է հուսալքությունը․

«Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրության է ներկայացնում իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և ամեն մի գործիքին ամրացնում է պիտակ, որպեսզի բոլորն իմանան ինչ է դա և որքան է դրա գինը։

Գործիքների մեջ էին՝ նախանձի փայլփլուն դաշույնը, բարկության մուրճը և ագահության թակարդը։ Դարակների վրա գեղեցիկ դասավորված էին՝ վախի, գոռոզության և ատելության բոլոր գործիքները։ Բոլոր գործիքները տեղավորված էին գեղեցիկ բարձիկների վրա և հիացմունք էին առաջացնում դժողքի այցելուների մոտ։

Իսկ ամենավերջին դարակի վրա դրված էր փոքրիկ, բոլորովին աչքի չընկնող և բավական մաշված մի փայտե սեպ, որի պիտակի վրա նշված էր. «Հուսալքություն»։ Զարմանալին այն էր, որ այս գործիքը շատ ավելի թանկ արժեր, քան բոլոր գործիքները միասին վերցված։ Այն հարցին, թե ինչո՞ւ է սատանան այսքան բարձր գնահատել այս գործիքը՝ նա պատասխանեց.

– Սա իմ զինանոցի միակ գործիքն է, որին կարող եմ անվերապահորեն վստահել, եթե մնացած գործիքները իրենց չարդարացնեն, – և նա քնքշորեն շոյեց փայտյա սեպը։ – Եթե ինձ հաջողվի խրել այն մարդու գլխում՝ մարդը սկսում է բացել բոլոր դռները մնացած գործիքների համար…»

Հուսահատ մարդու մոտ առաջին միտքը, որ առաջանում է սա է ՝ ես այլևս ոչինչ չեմ կարող անել։ Տվյալ դեպքում՝ տեսնելով իշխանության վարքագիծը, ոմանք հենց այդպես էլ մտածում են։ Իշխանությունը  դուրս է եկել մեր եկեղեցու դեմ, որովհետև նա մխիթարող, հույս տվող, հուսալքությունից մարդկանց հանելու, միաբանելու  զորություն ունի։ Բագրատ Սրբազանի գործը հենց դա է։ Նա հուսահատությունը ոչնչացնում է հույսով․ «Երանի այն մարդուն, ով իր հույսը Աստծո վրա է դրել» (Սաղմ. 2:13): «Ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավեն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա» (Սաղմ. 17:31)։ 

Շնորհակալ լինենք մեր եկեղեցուն, որ թևակոտոր թռչունի վերքերն է ապաքինում։ Համոզված եղեք, որ նա այդ թռչունին պատրաստում է թռիչքի և ինչպես Սրբազանն է ասում․  «Սա չակնկալիքների պայքար է. մեր ակնկալիքն է ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ»։