Մարիխուանային` այո, TikTok-ին՝ ոչ․ ամերիկյան բարքեր

Մարիխուանային` այո, TikTok-ին՝ ոչ․ ամերիկյան բարքեր

ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը մշակել է առաջարկ, ըստ որի մարիխուանան կարող է երկրում դասակարգվել որպես ոչ այնքան վտանգավոր թմրանյութ։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նոր առաջարկը թույլ կտա կանեփի օգտագործումը բժշկական նպատակներով և կճանաչի, որ այն ավելի քիչ վնասակար է, քան այլ դեղամիջոցները: Ինչպես նշում է AP-ն, եթե նոր դասակարգումը հաստատվի, դա կարող է լինել «պատմական քայլ», որը հետևանքներ կունենա ողջ երկրում։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են գործակալության աղբյուրները, առաջարկությունները չեն նշանակում ԱՄՆ-ում մարիխուանայի ամբողջական օրինականացում դաշնային մակարդակով և այն օգտագործելու թույլտվություն ռեկրեացիոն նպատակներով։

ԱՄՆ-ում դաշնային մակարդակով արգելված է մարիխուանայի օգտագործումը, սակայն տարբեր նահանգներ իրավունք ունեն ինքնուրույն կարգավորել օրենսդրությունն այս ոլորտում: Մարիխուանայի օգտագործումը ռեկրեացիոն նպատակով օրինականացվել է մի շարք նահանգներում և Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում։ Ավելի քան 30 նահանգներ բժշկական նպատակներով մարիխուանա վաճառելը հանցագործություն չեն համարում: Շատ դեպքերում կանեփի օգտագործումը թույլատրվում է քաղցկեղով, գլաուկոմայով և մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդկանց, ինչպես նաև ինսուլտից, վնասվածքներից և դեպրեսիայից ապաքինվելու գործընթացում։

Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր դրույթը, ըստ որի երկրում պետք է վաճառվի կամ արգելվի TikTok սոցիալական ցանցը։