Պարո՛ն վարչապետ, ես կփակեմ ձեր լվացքի մեքենայի ապառիկը

Պարո՛ն վարչապետ, ես կփակեմ ձեր լվացքի մեքենայի ապառիկը

Երկրիդ վարչապետը լվացքի մեքենան ապառիկով է առնում հերիք չի, մի հատ էլ ապառիկը՝ ամսեկան մի 6000 դրամ, չի կարողանում փակել... Եվ էս խայտառակ փաստը նա ԱԺ ամբիոնից հայտարարում է մեծագույն հպարտությամբ՝ փորձելով ցույց տալ, թե իբր իրենք էլ մեզ պես աշխատավարձով մի կերպ յոլլա գնացող ընտանիք են, կողքից ոչ մի լևի եկամոտ չունեն: Չէ, բայց եկեք պատկերացնենք՝ վարչապետը, որն ստանում է միջինը մեկ միլիոն դրամ աշխատավարձ, որն ի պաշտոնե մեքենայի, վառելիքի և տան ծախս չի անում, վարչապետը, որի կինը բազմամիլիոնանոց հիմնադրամի նախագահ է, որի դուստրը ամեն օր թանկարժեք սրճարաններից սելֆիներ է անում, վարչապետը, որի բացահայտ կամ պարտադրված ջերմ բարեկամներն են դարձել Լֆիկը, Հովիկը, Գագոն, էն մյուս Գագոն, էլ ավելի մյուս Գագոն և ոչ միայն՝ դրանց ամեն մեկից բխող ջերմագին վերաբերմունքով հանդերձ (դե լավ, չմանրանանք, պարոն Վանեցյան, ՀՔԾ պետի ականջն էլ խուլ, միամիտ չբռնի «անհարկի» գործ հարուցի խեղճերի վրա) ու էսպես բազմաթիվ դրվագներ, կամ էդ նույն վարչապետը, ում Աստված ու մեկ էլ ՔՊ-ականները գիտեն՝ որքան ֆինանսական օժանդակություն են ուղարկել դրսերից հեղափոխության օրերին և, քավ լիցի, բնավ չեմ խորանում, թե ովքեր են ուղարկողները եղել, էսօր խեղճացած ու անճարակ տոնով հայտարարում է, թե մի լվացքի մեքենա ենք առել ապառիկով ու մինչև հիմա էդ վարկը չենք փակել: Արարատ Միրզոյանն էլ կողքից դամ է քաշում, թե բա՝ ես էլ, ես էլ, պարոն վարչապետ : Ու բոլորը ծափ են տալիս և հրճվում: Միրզոյանի կինն էլ շտապում է ֆեյսբուքով հպարտանալ, թե Արարատը «Զիգզագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք է դրված (երևի մտածել է՝ մեր կառավարության DJ-ի խանութն ա «Զիգզագը», գրենք, թող ռեկլամ լինի): Նույն ձև էլ երևի էն Maybach-ը փոզմիշ եղավ՝ ապառիկով չտվին (սաղ ես էի մեղավոր) :)

Եւ սա ասում են երկրի առաջին ու երկրորդ դեմքերը: Տղերք, եթե դուք ինձնից 5-6 անգամ բարձր աշխատավարձ եք ստանում, բայց ի վիճակի չեք ձեր գումարներն էնպես տնօրինել, որ անգամ մի լվացքի մեքենայի ապառիկ չկարողանաք փակել, կամ էնքան անբարեխիղճ վարկառու եք, որ ընկնում եք սև ցուցակ, բա երկիրն ու տնտեսությունը ո՞նց եք կառավարելու: Լավ, կարելի՞ է ամեն ինչ էսքան էժանացնել ու իջեցնել կենցաղային՝ լվացքի մեքենայի ու փոշեծծիչի մակարդակի:

Հ.Գ. Վարման կարգով մի առաջարկություն անեմ. պարոն վարչապետ, ես էլ ապառիկ ունեմ երկու հատ, բայց պատրաստ եմ իմ համեստ աշխատավարձից էդ 6000 դրամը ամսեկան տրամադրել՝ ձեր տան լվացքի մեքենայի վարկը փակենք պրծնենք, թե չէ ես իսկապես վատ եմ զգում, որ իմ երկրի վարչապետը լվացքի մեքենան ապառիկով է առել ու մինչև հիմա վարկը չի մուծել:

#Մի_որոշ_մի_բանով_օգնեք
#Վարկերս_փակեմ