Նիկոլն Ալիեւին ասում է՝ քարտեզդ ասա, թե ինչ ես ուզում, համոզեմ ժողովրդին, քանի դեռ լուռ են՝ տամ

Նիկոլն Ալիեւին ասում է՝ քարտեզդ ասա, թե ինչ ես ուզում, համոզեմ ժողովրդին, քանի դեռ լուռ են՝ տամ

«Հրապարակի» զրուցակիցն է արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սեւյանը:                                                              

- Մեկ ամսից ավելի է՝ Արցախը բլոկադայի մեջ է, իրավիճակը ծայրահեղ է, ու հանկարծ արտահերթ ընտրությունների մասին հայտարարություն է արվում: Նման գործընթացը բուն Արցախում որոշման արդյո՞ւնք էր, թե՞ դրսից էր ուղղորդված:

- Բնական է, որ դրսից ուղղորդված որոշում է: Այդ խոսակցությունները սկսվեցին հայտարարությունից դեռեւս 4-5 օր առաջ, հիմնականում ռուս խաղաղապահների դեմ տրամադրողների կողմից: Ինչի՞ եք ադրբեջանցիների համար նման հնարավորություն ստեղծում: Հետագայում այդ քայլերը մեր դեմ են գործարկվելու:

- ՀԱՊԿ-ի զորավարժություններից Փաշինյանի հրաժարվելը շատերը մեկնաբանում են որպես Հայաստանին ռազմական օգնությունից զրկելու հերթական որոշում:

- ՀԱՊԿ-ի զորավարժությանը մասնակցելուց հրաժարվելն իր ասուլիսում բացատրեց այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ի՝ այստեղ առկայությունը վտանգ է սպառնում, Ադրբեջանը կարող է սպառնալիք տեսնել իր դեմ: Լավ տեղ չի տանում: Բոլորիս էլ պարզ է, չէ՞, որ Հայաստանը, ոչ մի այլընտրանք չունենալով, փորձում է ռուսների մեջքին խփել՝ Հայաստանից ռուսներին հանել: Հեռուն եթե նայենք, պարզ է, այս մարդիկ բերվել են, միակ նպատակը, որ մտել են Հայաստան, հեղափոխություն են արել՝ ծրագիրը եղել է ռուսներին Հայաստանից հանելը, Թուրքիայի վիլայեթ սարքեն, երկրորդ ծրագրով Իրանին խփելու համար արդեն կոալիցիա կազմած:

- Այսինքն՝ ռուսներին տարածաշրջանից հանելուց հետո Հայաստա՞նն է դառնալու Իրանի դեմ պատերազմի թատերաբեմ:

- Մեր ժողովուրդը չի գիտակցում, թե ինչ է կատարվում, հետեւաբար, նույնիսկ այդ սպառնացող վտանգներին համարժեք ռեակցիա կամ գնահատական տալ չեն կարողանում: ՀԱՊԿ-ի զորավարժության՝ այստեղ անցկացումը չափից դուրս մեծ նշանակություն ուներ: Հնարավոր էր, չէ՞, գային, զորավարժություն անեին, զենքը թողնեին՝ գնային: Ոնց որ Թուրքիան արեց՝ զորավարժությունն անցկացրին, պատերազմից առաջ եկավ՝ իր ինքնաթիռն ու զորքի կեսը թողեց ու գնաց: Հնարավոր էր, որ ռուսական կողմից նման մանիպուլյացիա արվեր, զորավարժությունն արվեր, տեխնիկան թողներ, ռազմաբազան ու Հայաստանը հզորացներ՝ քողարկեր զենք տալու միջոցը: Երկրորդ խնդիրը․ եթե սրանք մտածում են, որ ռուսին տարածաշրջանից կհանեն ու թուրքերի ղեկավարությամբ հանգիստ կապրեն, չարաչար սխալվում են: Այդ պարագայում ռուսն էլ է խփելու, ու Նիկոլին չեն էլ նայելու: Թուրքիան ո՞նց է այսօր հարձակվում տարբեր ուղղություններով՝ Սիրիա, Իրաք եւ այլն, տարբեր պատճառաբանություններով՝ հակաահաբեկչական, իր տարածքային անվտանգության ապահովման պատճառաբանությամբ կարող է հայտարարել, որ Հայաստանն իր համար կարմիր գիծ է, ու իր սահմանները պահպանելու համար 102-րդ բազան հզորացնում է ու թույլ չի տալիս:

- Ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումն այս պարագայում:

- Բոլորս էլ գիտենք, եթե պատերազմը սկսվեց, հրահրվելու է Ադրբեջան, Նախիջեւան ուղղություններով պատերազմ, բայց ցավն այն է, որ պատերազմը լինելու է Զանգեզուրում, այսինքն՝ Հայաստանի տարածքում: Պատերազմը չի տեղափոխվելու Ադրբեջան կամ Իրան, պատերազմը սկսվելու է Զանգեզուրում: Ոնց տեսնում ենք, Ռուսաստանն Ուկրաինայում սկսել է ավելի մասշտաբային գործողություններ, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան սկսել են տանկեր ու ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային: Պատերազմն Ուկրաինայում կարմիր գծերին է հասնում՝ այդ ուղղությամբ պետք է նայել, ինչ մնում է Հայաստանին, իրենք փորձելու են տարածաշրջանից ռուսին հանել, ու վերջ՝ իրենց միսիան ավարտված է, վաղը կարող է ելնեն ու փախնեն Կանադա: Հետո թող փորձեն գտնել, կպարզվի՝ տեղը ոչ ոք չգիտի:

- Այս իրողությունների հետ կապ ունե՞ր Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի այցելությունը Հայաստան ու Փաշինյանի հետ նրա հանդիպումը:

- Մուրի այցելությունը Հայաստան արդեն պիտի բազմաթիվ հարցեր առաջացներ: Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարում է, որ ինքը պատրաստ է գնալ խաղաղության, զիջումների՝ հանուն խաղաղության, բայց վերջը չգիտի, թե որտեղ է: Ու այսքանից հետո ժողովուրդը չի ասում՝ Ղարաբաղ չկա՝ հասկացանք, ասում ես՝ Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ, բա ի՞նչ զիջումներ ես ուզում անել, որ վերջը չի երեւում, մինչեւ ո՞ւր ես զիջելու, որ գաս ասես՝ ժողովուրդ, այսքանն էլ զիջում եմ, ու վերջ: Մարդիկ բացահայտ, մարդկանց ծաղրելով՝ հայտարարում են: Բավական էր այդ ասուլիսը լսել, հասկանալու համար․ մարդը բացահայտ հայտարարում է՝ ես համաձայն եմ, բայց թող ինձ ծայրն ասեն, ես ծայրը չեմ տեսնում, թե մինչեւ ուր եմ զիջելու: Ռուբինյանն ասում է՝ պետք է հրաժարվենք ցեղասպանության պահանջից, Նիկոլն ասում է՝ նաիրյան Հայաստանից պիտի վերադառնանք 29․800 քառակուսի կիլոմետր: Այսինքն, Բոլթոնի այն ծրագիրն է, որ Հայաստանը պետք է պատմական կաղապարներից հրաժարվի, մարդիկ իրենց ծրագիրն ամբողջ թափով իրականացնում են, ու ոչ մի դիմադրություն չկա:

- Անդրադառնանք Փաշինյանի հայտարարությանը՝ զիջումների մասին: Արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ ինքը պատրաստ է անվերջ զիջել, թե՞ նկատի ուներ, որ մի կետ կա, որից այն կողմ չի կարող անցնել: 

- Նիկոլն այդ հայտարարությամբ մեսիջ էր տալիս ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ Ալիեւին, որ կարճ, կոնկրետ, այ ախպեր, դու մի գծագիր, մի քարտեզ բեր, տեսնեմ՝ մինչեւ ուր եմ տալիս, տեսնեմ՝ ընդունելի՞ է, թե՞ չէ: Որովհետեւ նույն օրը թե՛ Փաշինյանն ասուլիս տվեց, թե՛ Ալիեւը: Ալիեւն ասում էր՝ չտաք, կգրավեմ Զանգեզուրի միջանցքը, Նիկոլն էլ ասում է․ ես չգիտեմ՝ մինչեւ ուր եմ զիջելու, այսինքն, նույն ակնարկն են անում, որ քարտեզդ ասա, թե ինչ ես ուզում, համոզեմ այս ժողովրդին, քանի դեռ լուռ են՝ տամ:

- Ստեղծված իրավիճակում ընդդիմությունը կարո՞ղ է իրավիճակ փոխել, թե՞ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի:

- Սկսենք այստեղից, որ ավելի հասկանալի լինի: Նախ՝ Նիկոլի խաղաղության պայմանագիր, չգիտեմ ինչեր, Արցախի հարցը, ինչպես Մարիա Զախարովան հայտարարեց՝ թող Նիկոլն էս կողմ, էն կողմ չընկնի, թող իր ժողովրդին ասի, թե ինչեր է խոստացել տալ ու որ իր խոստումներից հետ է կանգնում, թող մեր մեջ թյուրիմացություն չգցի, պարզ է, որ Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Այստեղ խնդիրն այն էր, որ ժողովուրդը ոտքի չելավ ու ոչ մի բան էլ չի անում: Նիկոլն իր այս քայլերով խփում է հա՛մ Ռուսաստանին, հա՛մ Իրանին։ Փորձեմ բացատրել․ Ադրբեջանը մինչեւ հիմա չի հարձակվում, ինչո՞ւ: Մի քանի օր առաջ Իրանի Ազգային ժողովի նախագահը, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահները հանդիպել էին, նպատակը՝ պարսիկներին ինչ-որ բան տան կամ քաշեն գործի մեջ՝ Հայաստանից հրաժարվի, իրենք իրենց գործն անեն, կարող են կոպիտ անել, այնպես անել, որ Հայաստանից Իրանը հեռու մնա: Այն էլ չստացվեց պլանը, պարսիկները չխաբվեցին: Երկրորդ ծրագրով Նիկոլը գնում է խաղաղության պայմանագրի, քանի որ եթե հարձակվեն, Իրանը լեգիտիմ իրավունք է ստանալու՝ զորք մտցնել Հայաստան, պատերազմի ժամանակ: Իսկ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի Նիկոլից ստանան թուղթ, պայմանագրով, ստորագրված՝ օրինավոր, որ Հայաստանն իր հոժար կամքով է տվել միջանցքը կամ այդ սահմանները։ Ինչի՞ համար, այդ դեպքում Իրանը կճանաչվի ագրեսոր: Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը պայմանավորվել են իրենց սահմանները փոխել, չորրորդ պետությունը չի ընդունում: Այս դեպքում Նիկոլը թե՛ Իրանին է մեջքից խփում, թե՛ Ռուսաստանին: Բոլորը պիտի հասկանան, որ Նիկոլը գնում է մինչեւ վերջ, այն դեպքում, երբ մեր հարեւանը կոկորդը պատռելով գոռում է, որ չի թողնի Հայաստանի սահմանները փոխվեն, այս մարդն իր ասուլիսի ժամանակ կանգնում ու հայտարարում է, որ ինքը պատրաստ է զիջել, ուղղակի ծերը չի տեսնում:

- Արցախի հարցն ի՞նչ եղավ:

- Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են, դա պարզ է:

- Իսկ ընդդիմությունն ի վիճակի՞ է ինչ-որ բան փոխել այս պարագայում:

- Ընդդիմության մասին խոսք չկա, այս ընդդիմությունը զրո ընդդիմություն է: Եթե ընդդիմությունը ընդդիմություն լիներ, սրանք երկիրը հինգ տարի չէին քանդի: Իրենց հույսով մնալ՝ ոչ ոքի խորհուրդ չէի տա, իրենք չեն թողնի, որ իրենցից բացի այլ քաղաքական ուժ զարգանա, երիտասարդ, գիտելիքներով լի սերունդ աճի: Ժողովրդական շարժման հավանականությունն էլ շատ քիչ եմ տեսնում, գրեթե բացառում եմ, ընդդիմության հույսով ժողովրդական շարժում երբեք չի լինի, դարձել ենք խեցգետնի ու կարապի նման՝ սայլն ամեն մեկն իր կողմն է քաշում: Բոլորն աթոռակռիվ են անում, բայց հայտնի խոսքը լսող չկա, որ աթոռակռիվ մի արեք՝ հողի համար կռիվ տվեք, որ աթոռը դնելու տեղ լինի, ինչը չկա: Հեռուն չգնանք, իբր ունենք հանրապետության նախագահ՝ Վահագն: Հիմա շատ զավեշտալի բան ասեմ, ինքն այսօր հարցազրույց է տալիս Ռիգայից: Գնացել է Պրիբալտիկա՝ հայ- պրիբալտիկական հարցեր լուծի, հասկանո՞ւմ եք, թե սրանց կատեգորիան ուր է հասել: Երեկ Պրիբալտիկան հայտարարում է, որ իրենք զենքի մատակարարում են սկսում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ, Վահագը վեր է կացել ու գնացել է Պրիբալտիկա: Ու այսքանից հետո ռուսական ի՞նչ պատասխան կարելի է սպասել մեր երկրի հանդեպ, գիտակից մարդն ի՞նչ պատասխան է սպասում: