Արեւմուտքը եվ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն կործանվել հանուն Ուկրաինայի

Արեւմուտքը եվ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն կործանվել հանուն Ուկրաինայի

Շատերն ասում են, որ ռուս-ուկրաինական զինված հակամարտության ավարտը չի երեւում: Ավելին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ նույնիսկ Ուկրաինայի լիակատար պարտությունից հետո Ռուսաստանը կմնա ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում՝ որպես մեծ ռեսուրսներ ունեցող հակառակորդ: Սա թափանցիկ ակնարկ է այն մասին, թե իբր Ռուսաստանը չի կարող Արեւմուտքի հետ հարցերը կարգավորելու հույսեր փայփայել նաեւ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաղթական ավարտից հետո: Բայց ամբողջ հարցն այն է, թե ուժերի ինչպիսի դասավորություն կստեղծվի աշխարհում, երբ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ընդունեն Ուկրաինայում իրենց պարտությունը: Ասել է, թե Ստոլտենբերգի հայտարարության մեջ քաղաքականությունն ավելի շատ է, քան ճշմարտությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անշուշտ, գիտի, որ իրենից առաջ շատ ավելի խորն ու համակարգային ճգնաժամեր են եղել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, բայց դրանք հաղթահարվել են խելամիտ քաղաքական եւ պետական գործիչների շնորհիվ, երբեմն էլ բանը հասել է ջերմ հարաբերությունների: Այսու ենթադրում եմ, որ Ստոլտենբերգի հայտարարությունն ուղղված է ոչ այնքան Ռուսաստանին, որքան ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնք սկսել են դժկամությամբ միջոցներ հատկացնել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին հակազդելու համար: Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Զելենսկին չի դադարում օգնություն խնդրել փողի եւ զինտեխնիկայի տեսքով: Ինչո՞ւ ԱՄՆ-ն ինքը չի հատկացնում անհրաժեշտ գումարն ու զենքը, ինչո՞ւ իր աշխարհահռչակ ավիակիրները չի ուղարկում Սեւ ծով, ինչո՞ւ չի փորձում կարճ ժամկետներում պարտության մատնել Ռուսաստանին եւ իր գործընկեր երկրների հարկատուներին ազատել արդեն մեկ տարի ձգվող այս ակնհայտ կողոպուտից: Այս հարցը ես չէ, որ տալիս եմ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, այլ, ասենք, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, ԵՄ այլ երկրների բազմամիլիոն հարկատուներն ու կառավարությունները:

Ստոլտենբերգի հայտարարությանը հաջորդեց Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի հրաժարականը: Հազիվ թե հրաժարականի պատճառը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն է, բայց հայտնի է, որ տիկին նախարարին վերջին ամիսներին քննադատում էին Գերմանիայի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի տխուր վիճակի համար: Արդյո՞ք նույնքան տխուր է ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի զինված ուժերի նյութատեխնիկական բազան: Հենց երեկ լուր ստացվեց, որ հինգ պակաս ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու Վրաստանը չի պատրաստվում օգնություն տրամադրել Ուկրաինային եւ այնտեղ ուղարկել Վրաստանի կառավարության ձեռք բերած որոշ զինատեսակներ:

«Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ վրացական պետությունը ներքաշվի ռազմական առճակատման մեջ, հետեւաբար, մենք, իհարկե, չենք կարողանա ռազմական օգնություն ցուցաբերել առճակատման կողմերից մեկին։ Ավելին, որքան ես գիտեմ, խոսքը գնում է այնպիսի զինատեսակների փոխանցման մասին, որոնք մենք գնել ենք»,- ասել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարար Թեյա Ցուլուկիանին: Ո՞վ է Վրաստանին դրդում ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Զելենսկին, հայտնի է, բոլորից է օգնություն խնդրում, բայց եթե ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Վրաստանից չպահանջեին օգնություն տրամադրել Ուկրաինային, Վրաստանի կառավարության ներկայացուցիչը, գուցե, նման հայտարարություն չաներ: Այստեղ մի նկատառում եւս. ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ամեն կերպ փորձում են Ուկրաինայում Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ քաշել նաեւ այն երկրներին, որոնք, չլինելով հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, որոշակի հակասություններ ունեն Ռուսաստանի հետ: Վրաստանը, Ադրբեջանը, իսկ վերջերս՝ նաեւ Հայաստանը, սկսել են ավելի ու ավելի հաճախ նկատվել Արեւմուտքի հակառուսական ճոճանակի վրա:

Ստոլտենբերգի հայտարարությունը, սակայն, կարելի է մեկնաբանել մեկ այլ տեսանկյունից: Նա կարծես խոսում է մոտ ապագայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի անմիջական հակամարտության մասին, ինչը շատ դժվար է պատկերացնել Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի ներկա հարաբերությունների պայմաններում: Ինչո՞ւ ԱՄՆ-ն հեռացավ Սիրիայից, Իրաքից, Եգիպտոսից, Լիբիայից, Աֆղանստանից, ինչո՞ւ են ամերիկացիները շատ զգուշավոր գործում Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Քաթարում, այլուր: Պատճառն այն է, որ թվարկված երկրներում, մեղմ ասած, տեղ չունեն ժողովրդավարության եւ հասարակական կյանքի կազմակերպման նրանց պատկերացումները: Այդ երկրներում ԱՄՆ-ին անգամ իր դաշնակիցները սատար չկանգնեցին՝ չցանկանալով հարաբերությունները փչացնել տեղական իշխանությունների հետ, որոնցից շատերի հետ ունեին փոխշահավետ համագործակցություն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Գերմանիայի նման երկիրը հետագայում ներքաշվի Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ՝ լինի դա ԱՄՆ-ի դրդմամբ կամ առանց դրա: Չգիտես արդեն՝ ի՞նչ մոծակ պետք է կծի Ֆրանսիային կամ Հունաստանին, որ ձեռնոց նետեն Ռուսաստանին, այն էլ՝ Ուկրաինայի վերջնական պարտությունից հետո: Հետեւաբար, Ստոլտենբերգի հայտարարությունը ոչ թե Ռուսաստանին ապագա հակամարտությամբ ահաբեկելու, այլ աշխարհակործան պատերազմի փուլի մոտալուտ ավարտի ու տեւական «խաղաղության» փուլի մեկնարկի մասին է, երբ կլռեն թնդանոթները, եւ «պատերազմները» կշարունակվեն արդեն դիվանագիտական սենյակներից ներս: