Արշալույսում կրքերն օրեցօր են թեժանում

Արշալույսում կրքերն օրեցօր են թեժանում

22 օր է՝ Արշալույսի գյուղապետարանի աշխատանքները կաթվածահար են: Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը պահանջողները աշխատողներին արգելում են վարչական շենք մտնել, որպեսզի, իրենց ձեւակերպմամբ՝ համայնքի ղեկավար Գրիգորյանի ցուցումով կեղծ փաստաթղթեր չսարքեն: Փետրվարի18-ին, երբ մի քանիսը փորձել էին աշխատավայր հասնել, հանդիպել էին ակցիայի մասնակիցների դիմադրությանը: Գործին խառնվել էին ոստիկանները, ու նրանց եւ արշալույսցիների միջեւ քաշքշուկ էր սկսվել:

Աշխատողներից մի քանիսին, այնուամենայնիվ, հաջողվել էր «սողոսկել» գյուղապետարան: «Երկու ժամ չկա՝ ներսում են, բայց արդեն հասցրել են Զարզանդի համախոհներին տեղեկանքներ տրամադրել»,- ասաց Զավեն Խաչատրյանը: Տեղեկանքները, ինչպես պարզվեց ավելի ուշ, աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Թամարա Պողոսյանը տրամադրել էր առանց կնքելու, որովհետեւ կնիքը Զարզանդ Գրիգորյանն իր մոտ է պահում: «Իրենք գիտեն, թե որտեղ ա թաքնվում գյուղապետը: Տեղեկանքը ստեղից վերցնում, տանում են, Զնդոն (Զարզանդ Գրիգորյանի կեղծանունն է) պեչատում է»,- ասաց Հաբեթ Արամյանը:

Ցուցարարները գյուղապետարանի մոտ նույնիսկ գիշերային հերթապահություն են սահմանել՝ հնարավորություն չտալով Գրիգորյանի համախոհներին հասանելի լինել որեւէ փաստաթղթի: «Ասում են՝ օրենքը, համայնքի ղեկավարին հետ կանչելու առումով, թերի է: Ես հասկանում եմ, որ նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են իրենց ու իրենց սպասարկող իշխաններին պաշտոններում ցմահ պահելու համար: Բայց եթե էդ իշխանիկը հանցագործ է, որի նկատմամբ մի շարք նյութեր ու քրեական գործեր կան հարուցված, որի պաշտոնավարմանը դեմ է համայնքի բնակիչների զգալի մասը, որովհետեւ իշխանիկը վախի մթնոլորտում է պահում գյուղը, ընտրովի վերաբերմունք է ցուցաբերում բնակիչների նկատմամբ, օրենքն ինչո՞ւ է լռում»,- ասացին արշալույսցիները:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մի քանի անգամ հանդիպել է կողմերի հետ: Հատկապես ցուցարարներին բացատրել է, որ ՏԻՄ օրենքում եւ կառավարման ինստիտուտում չկա օրենք, որը մարզպետին հնարավորություն կտա պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին: Խնդրի անցնցում լուծման տարբերակը, ըստ մարզպետի, հրաժարականն է: «Ես հրաժարական չեմ տալու, թող չսպասեն: Եթե 30 հոգի այդպես ա ուզում, դա չի նշանակում, որ գյուղն ա ուզում: Մեծամասնությունն էլ իմ հետեւից ա գալիս ու չի թողում, որ հրաժարական տամ: Իսկ էդ 30 հոգին, որ գիշեր-ցերեկ գոռում են, միլիոնների պարտքեր ունեն: Հենց սկսեցի պարտքերն ուզել, ոտի հելան»,- ասաց Զարզանդ Գրիգորյանը:

Իսկ արշալույսցիները շարունակում են «պաշարած» պահել գյուղապետարանի շենքը: «Եթե ինքը պարտքերի մասին ա ասում, մենք էլ իր կատարած հանցագործությունների մասին ենք ասում, թե ոնց ա մարդկանց կապել շան բունը, վախացրել, ծեծել, նվաստացրել ու էլի լիքը բաներ, որոնց մասին իրավապահները տեղյակ են»: