ԱՄՀ եվ ՀԲ առաքյալները շրջում են պետական և ոչ պետական մարմիններով

ԱՄՀ եվ ՀԲ առաքյալները շրջում են պետական և ոչ պետական մարմիններով

Հայաստան են ժամանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ծանոթանալու տնտեսական վիճակին եւ հասկանալու, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Այս օրերին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունենում Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ մակրոտնտեսագիտության գծով տնօրեն Սանդիփ Մահաջանի գլխավորությամբ, հետաքրքրվում է ներդրումային միջավայրի բարելավման միջոցառումներով։ Արդեն մեկ շաբաթ է՝ Հայաստանում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը՝ Հոսեին Սամիի գլխավորությամբ, ուսումնասիրություններ է կատարում մեր պետական եւ ոչ պետական մարմիններում՝ այցելում է նախարարություններ, կոմերցիոն բանկեր, հանդիպում է միջազգային շրջանակներում հայտնի հայ գործիչների հետ։

ԱՄՀ առաքելության հանդիպումների մասին փոքրիկ պաշտոնական հաղորդագրություններ են միայն տրամադրվում մամուլին, սակայն համակարգված տեղեկություն, թե ինչ է մեր իշխանությունն ուզում ԱՄՀ-ից, ինչպես է պատկերացնում հետագա համագործակցությունը, չկա։ Վերջին ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանն իրականացրել ու ավարտել է 2017 թվականին։ 2017-ի ապրիլին վերջին ամփոփիչ ստուգումը կատարելուց հետո՝ որպես արդյունք, հայաստանյան առաքելությունն արձանագրել էր հետեւյալը․ «Նայելով առաջ՝ Հայաստանի առջեւ շարունակում են ծառանալ էական մարտահրավերներ. պահպանվում է տատանողական եւ նեղ հենքով աճը, արտահանման ոլորտը համեմատաբար չդիվերսիֆիկացված է, պահպանվում է գործազրկության եւ աղքատության բարձր մակարդակը, պետական եւ արտաքին պարտքը՝ ավելանում:

Դրա համար պահանջվում է վճռորոշ գործողությունների իրականացում՝ կայուն եւ ներառական աճի խթանման համար, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքի եւ կրթության բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ գործարար միջավայրի բարելավման բարեփոխումներ»։ Այժմ ԱՄՀ պատվիրակները, հավանաբար, ցանկանում են տեղեկանալ, թե որքանով է նոր կառավարությունը կարողանում լուծել նշված խնդիրները։

Նոր ծրագիր ԱՄՀ-ի հետ չունենք։ «Հիմա իշխանությունները կարող է ցանկանան նոր ծրագիր ունենալ եւ կարող է չցանկանան։ Որեւէ սարսափելի բան չկա, որ դուք ունեք ծրագիր կամ չունեք,- ասում է ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը, որը համակարգել է կառավարությունում ԱՄՀ-ի հետ աշխատանքը։- Ծրագրի ներքո դուք ստանում եք որոշակի գումար, եթե դրա կարիքն ունեք, որովհետեւ, որպես անդամ, դուք փող վերցնելու մշտական հնարավորություն ունեք։ Ես չեմ կարող ասել, թե կառավարությունն ունի՞ ծրագրի կարիք, թե՞ ոչ։ Քանի որ նրանք հիմնական ռեզերվները տալիս են Կենտրոնական բանկին, իսկ ԿԲ ռեզերվների քանակն այս պահին ավելի քան բավարար է, անմիջական կարիք՝ ծրագիր իրականացնելու, գուցեեւ չկա։ Բայց մենք դա արել ենք ոչ միայն անմիջական կարիքի համար, այլեւ արել ենք ծրագիր ունենալու համար»։ Ծրագիր ունենալը, ըստ Վաչե Գաբրիելյանի, լավ էր, քանի որ դրանով պետությունն ազդարարում է, որ իր մոտ ամեն ինչ բարեհաջող է։

«ԱՄՀ-ի հետ ծրագիր ունենալը լավ էր որոշակի ռեֆորմներ իրականացնելու համար, որոնց իրենք տեխնիկական աջակցություն ցույց կտային, լավ էր, որ մենք վճարային հաշվեկշռի համար լրացուցիչ բուֆերներ էինք ստանում։ Բայց դա միանշանակ չէ։ Այն ժամանակ մենք արել ենք որոշակի տրամաբանությունից ելնելով։ Այնպես չէ, որ դա պարտադիր է։ Ամեն դեպքում, կախված է նրանից, թե կառավարությունը ԿԲ-ի հետ ինչ կոնկրետ խնդիր է լուծելու։ ԱՄՀ-ի հետ դուք միշտ՝ որպես երկիր, գտնվում եք խոսակցության մեջ։ Այն երկրների մասին միշտ անում է իր եզրակացությունները։ Դրանք պարբերական բնույթ են կրում, եւ համաձայնագրի չորրորդ հոդվածի համաձայն՝ Արժույթի հիմնադրամը պետք է պարբերաբար գնահատի, թե երկիրն ինչ է անում եւ ոնց, որովհետեւ մեծ համաշխարհային ընտանիքի անդամ է։ Այս տրամաբանության մեջ իրենք պարբերաբար այցելում են տարբեր երկրներ, երբեմն ավելի մեծ հաճախականությամբ են այցելում, եթե իրենց հետ ծրագիր են անում»,- մեզ հետ զրույցում նշեց Վաչե Գաբրիելյանը։ ԱՄՀ պատվիրակներն առայժմ շրջում են նախարարություններով։

Փետրվարի 15-ին եղել են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, հետաքրքրվել են գործարար միջավայրի բարելավման քայլերով, այցելել արդարադատության նախարարություն, ՊԵԿ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից էլ ԱՄՀ առաքյալները հարկային վարչարարությամբ ու նոր օրենսգրքով են հետաքրքրվել։ ԱՄՀ գործընկերը ֆիսկալ գծով սովորաբար ֆինանսների նախարարն է, իսկ դրամավարկային գծով ԱՄՀ պատվիրակները շփվում են ԿԲ-ի հետ։ Լուր է շրջում, թե ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն աշխատում է այնպես անել, որ ԱՄՀ եւ ՀԲ պատվիրակները տեղեկատվություն ստանան միայն ՀՀ ԿԲ-ից, նրանք չհանդիպեն նախկին իշխանության, առեւտրային բանկերի ներկայացուցիչների հետ, որ բացասական ինֆորմացիա չտրամադրեն նրանց։ ԿԲ մամուլի խոսնակին այս լուրերը ծիծաղելի են թվում։ «Իհարկե, չի կարող նման բան լինել, ինչպե՞ս պետք է խոչընդոտի։ Այո, հանդիպումներ ԿԲ նախագահի հետ եղել են, բայց դրանք աշխատանքային հանդիպումներ են, եւ մենք մամուլի հաղորդագրություններ չենք տարածել դրանց վերաբերյալ»,- ասաց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը։

Նա հաստատեց մեր տեղեկությունը, որ ԱՄՀ ներկայացուցիչները եղել են նաեւ առեւտրային բանկերում, որոնք այլընտրանքային տեղեկատվության աղբյուր են ԱՄՀ-ի համար։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից էլ ԱՄՀ-ականները հարկային վարչարարությամբ ու նոր օրենսգրքով են հետաքրքրվել, ՊԵԿ ընթացիկ խնդիրներով։ «Անդրադարձ է եղել հարկային ստվերի գնահատման եւ բացահայտման առցանց համակարգի ներդրման գործընթացին, հարկային ստուգումների իրականացման համար ռիսկային նոր չափանիշների սահմանմանը եւ կատարելագործման անհրաժեշտությանը՝ կարեւորելով միջազգային առաջավոր փորձը նշված ոլորտներում»,- հայտնում են ՊԵԿ լրատվականից: ԱՄՀ-ն պատրաստակամություն է հայտնել հանդիպումների ժամանակ Հայաստանին տարատեսակ օգնություն եւ համագործակցություն առաջարկել, բայց առայժմ ԱՄՀ աշխատակիցները փորձում են պատկերացում կազմել հետհեղափոխական Հայաստանի մասին, հասկանալ, թե ուր ենք մենք գնում, ինչ է լինելու։

Ըստ ներքին աղբյուրի՝ նրանք այնքան էլ տպավորված չեն տեսածից ու լսածից։ Իսկ Հարկային օրենսգրքի նախագծին խիստ բացասական գնահատական են տվել։ Վարչապետի գրասենյակից հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՀ պատվիրակների հանդիպում չի եղել։