Եթե Արցախից տեղահանված քաղաքացին չի գրանցվել բազաներում՝ չի համարվում բռնի տեղահանված եւ գումար չի ստանալու 

Եթե Արցախից տեղահանված քաղաքացին չի գրանցվել բազաներում՝ չի համարվում բռնի տեղահանված եւ գումար չի ստանալու 

Արցախից բռնի տեղահանված անձանց զգալի մասը դեռ չի ստացել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 100 հազարական միանվագ օգնության գումարները, շատ են նաև դեպքերը, որ չեն ստացել 40 և 10 հազարական ամսական գումարները, որով պետք է հոգային տան վարձակալության և կոմունալ ծախսերը: 

Մեզ բազմաթիվ արցախցիներ են դիմել, որոնք բախվել են այս խնդրի հետ, ովքեր նկարագրում են Միասնական Սոցիալական Ծառայությունից ստացած պատասխանները, նշելով, որ իրենց օրերով տանում բերում են, բայց խնդիրները չեն լուծվում` չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները, որի մասին հայտարարել է ՀՀ Կառավարությունը։ 

Այս խնդիրների շուրջ զրուցել են ՀՀ Միասնական սոցիալական ծառայության պետ էդուարդ Պետրոսյանի հետ: 

-Ինչու մինչ օրս որոշ արցախցիներ չեն կարողանում ստանալ 100 հազարական գումարները, ոմանք դեռ չեն ստացել 50 հազարները, և մարդիկ օրերով դռնեդուռ են ընկնում, որ ստանան իրենց հասանելիքը և հենց ՄՍԾ-ից էլ նրանց ուղարկում են այլ հասցեներով, այնինչ այս հարցերի պատասխանները նրանք պետք է ստանային ՄՍԾ-ից։ 

-Խնդիրներ միշտ լինում են, ուղղեք գրավոր հարց, հասկանանք ինչ հարցեր են։ 

-Այն արցախցիները, ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք 100 հազարականները խուճապի մեջ են, քանի որ Ձեր ղեկավարած կառույցի տարբեր ստորաբաժանումներից, նրանց հայտնել են, որ նոյեմբերի 30-ը այդ գումարի ստացման վերջին օրն է` եթե չստանան, կզրկվեն այդ գումարներից։ Մինչդեռ շատերը դեռ չեն ստացել: Նոյեմբերի 30-ը վերջի՞ն օրն է, թե՞ ոչ։ 

-Հիմա ավարտվում է նույնականացման գործընթացը։ Դեպքերը տարբեր են, և ամեն մի դեպք առանձին պետք է ուսումնասիրվի։ Այս ամենը պայմանավորված է նույնականացման գործընթացի հետ՝ այսինքն, եթե մարդը չի ստացել գումարները, ուրեմն ինքը չի նույնականացվել։ Թե ինչ պատճառով չի նույնականացվել, պետք է գրավոր դիմում լրացնի, և կստանա իր հարցերի պատասխանը։ (Նույնականացում ասելով նկատի ունի` հաշվառվելը, որպես Արցախից տեղահանված` Կ.Ք.)

-Մեզ դիմած քաղաքացին ասում է, որ իրեն հայտնել են ՄՍԾ-ից, որ նոյեմբերի 30-ը վերջին օրն է, որից հետո չի կարողանալու ստանալ իր գումարները։ 

-Ես այս պահին գործուղման եմ՝ տեղյակ չեմ, նույնականացման գործընթացը անդադար շարունակվել է, և ով չի նույնականացվել, վերջնական արդյունքները կամփոփվեն, և ըստ այդմ, որոշում կկայացվի, թե ինչ պետք է արվի։ 

-Եթե արցախցին չի ստացել իր 100 հազար դրամը, հետագայում չի կարողանալու ստանալ նաեւ 40 և 10 հազարական գումարնե՞րը, որը պետք է տրամադրեն 6 ամիս։ 

-Ծրագրի ելակետային պայմաններից է` ծրագրով 100 հազարական դրամներ ստացողները, ովքեր համարվում են՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, նույնականացման հիմքը այդ 100 հազար ստացած ծրագրային բազայում գրանցված մարդիկ են։ Եթե մարդը չի ընգրկվում ծրագրում, ուրեմն ինքը չի համարվում ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված։ 

-Այսինքն, արցախցիներն են մեղավո՞ր, որ չեն գրանցվել, թե ՄՍԾ-ն, որ չի գրանցել այդ մարդկանց։ 

-Նույնականացման գործընթացը մինչ այս պահը շարունակվում է, և դեռևս չի ամփոփվել։ Հիմա, եթե քաղաքացին չի նույնականացվում, իրեն կարող է տրվել պարզաբանում։ Երբ ավարտվի առաջին փուլը, և ամփոփվի տվյալները, դրանից հետո որոշում կկայացվի, թե ոնց է լինելու շարունակությունը, ովքեր դեռ չեն նույնականացվել։ 

-Այսինքն, հնարավո՞ր է, որ այն արցախցիները, ովքեր մինչ այս պահը չեն ստացել իրենց հասանելի գումարները, ստանան երկրորդ փուլում, երբ ավարտվի նույնականացման գործընթացը։ 

-Եթե քաղաքացին չի նույնականացվել մինչ այս պահը, բայց պնդում է, որ ինքը բռնի տեղահանված է և ներկայացնում է համապատասխան ապացուցող տվյալներ, որը մենք համեմատում ենք օպերատիվ շտաբի տվյալների հետ, քանի որ, որպես այդպիսին, հիմնական բազա չկա, այդ տվյալները պետք է վերանայել։ 

- Բայց Գորիսում անցակետ էր տեղադրվել, որ բռնի տեղահանվածներին գրանցեին, ինչպե՞ս պատահեց, որ այդ մարդիկ չեն նույնականացվել եւ չեն կարողանում ապացուցել, որ իրենք փախստական են: Ընդ որում, գրանցվել են և՛ Գորիսում, և՛ իրենց ժամանակավոր բնակության վայրում գտնվող ՄՍԾ-ում, որտեղից էլ այսօր ուղարկում են տարբեր պետական դռներ։

-Դուք մտածում եք, որ ամեն ինչ պետք է իդեալակա՞ն լինի։ 

-Սակայն ամեն օր մեզ վստահեցնում են, որ խնդիրները լուծվում են, չկան լուրջ խոչընդոտներ, այնինչ մենք արձանագրում ենք, որ խոստումները չեն իրականացվում, մարդիկ չգիտեն ոնց լուծեն իրենց խնդիրները, որոնց առաջացման պատճառը իրենք չեն։ 

-Դուք կարծիք եք հայտնում, իրականում այդպես չէ, ես կրկնում եմ` եթե քաղաքացին չի գրանցվել բազաներում՝ չի համարվում բռնի տեղահանված։ Եթե դուք գտնվեիք Հակարի կամրջում կտեսնեիք, որ մարդիկ շտապում էին, շատերը չեն գրանցվել, և եղել են տեխնիկական խնդիրներ։ Նրանք պետք է մոտենան իրենց տարածքային ՄՍԾ, լրացնեն դիմումներ, մենք ուսումնասիրենք այդ դիմումները, քանի որ այս ոլորտում ամեն մարդու հետ խնդիրը տարբեր է, և մենք չենք կարող մեկ խնդիրը վերածենք բոլորի վրա։