Ուրիշ հայի մուրազ

Ուրիշ հայի մուրազ

(Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերի» ոգով)

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հումանիտար հրադադարի ժամանակ հայերը թիրախավորել են իրենց դպրոցները: Եթե աշխարհը պատմություն գիտի, կիմանա, որ Ադրբեջան պետությունում դպրոցներ չկան, այլ՝ աղանդի կենտրոններ, որտեղ ճիշտ ու սխալ չեն սովորեցնում, այլ` մահ:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, թե հայերն էլ պակաս դաժան չեն: Այնպես չէ, որ մենք քրիստոնեությունից հեռու ենք, քրիստոնեությունն է մեզնից հեռու:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հայերն ինչ-որ անհայտ զենք են կիրառել իրենց դիրքերի վրա: Այդպիսով ես կհավատամ, երբ դու` հայդ, ասում ես, որ հաղթելու ենք, որովհետեւ մենք դեռ չենք հաղթել այն թուրքին, որը մեզնից ճիշտ է:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ իրենք գրավել են ինչ-որ գյուղ: Մենք դեռ չգիտենք այն թուրքին, որն իր ճշմարտությունը չի ապականել:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հայերը հողին են հավասարեցրել Գյանջան, որի արդյունքում մեռել է հինգ խաղաղ բնակիչ: Ես արյան ծարավ չեմ, բայց այդպիսով ես կիմանամ, որ հայն իր վերջին կռիվն այնպես է կռվում, ինչպես ուրիշները նշում են իրենց առաջին հաղթանակը:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հայերն առաջինն են խախտել հրադադարը: Ես կհասկանամ, որ հայերն առաջին անգամ կռվում են այնպես, որ հաշվետու չեն ոչ մեկին, թքած ունեն բոլորի վրա, որոնց իսկապես էլ հետաքրքիր չէ, թե ով առաջինը խախտեց հրադադարը:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հայերն իրենց տեռորիստներն ունեն: Որովհետեւ ի վերջո մեզ ի՞նչ, որ նրանց կողմից տեռորիստներ էին կռվում, աշխարհում ինչ-որ մեկը մեզ օգնե՞ց, այդ աշխարհում մեկը փակե՞ց նրանց տեռորիստների ճանապարհը: Նրանք որոշել էին այս անգամ ոչ մի գնով չլացել ու չլացեցին: Ո՞ւմ վրա լացեն, եթե կռվում մեռնողն իրենք չեն:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հայերն արհամարհում են միջազգային իրավունքը եւ կրակում են իրենց նահանջող զինվորների վրա: Ես մի անգամ պետք է համոզվեմ, որ իմ զինվորը դեռ կռվի գնալուց առաջ գիտի, որ «թուրք» լինելը մենաշնորհ չէ: Երբ պատերազմն ավելին է, քան պատերազմը, պետք է լինել թուրքից ավելի թուրք:

Յուրաքանչյուր սերունդ ունենում է իր պարտությունը։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պարտությունը։ Եթե, իհարկե, ուրիշ ոչ մի պարտությունից տեղյակ չէ։ 

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հայը սրբություն չունի: Ինքը պետք է չդադարի համբուրել այն ձեռքը, որը չի կարող կտրել:

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիք մի անգամ ճիշտ լինեն, երբ ասում են, որ հայերն ուզում են Բաքվում թեյ խմել:

Ադրբեջանցին չպիտի կարողանա մտնել Արցախ, քանի դեռ դուրս չի եկել իր հորինած Արցախից:

Ես չեմ ուզում ադրբեջանցուն հաղթել քաղաքակրթական ֆրակով, որովհետեւ այսօր իմ հագով է նույն ադրբեջանցու «խորը թքած» ունենալը այս կոնֆլիկտի մասին միջազգային հանրության մտահոգությունների վրա:

Ես սարսափում եմ մեր գազանությունների մասին ադրբեջանցիների ստից:

Ես սարսափում եմ, երբ նրանք մեզ աշխարհին են մատուցում իրենց կերպարով:

Բայց ես չեմ ուզում, որ այս մի կտոր հողի վրա հայերն ապրեն երկնքում:

Գուցե հեռու է այն օրը, երբ գայլն ու ոչխարը կբալանսավորեն միմյանց խաղաղությունը, բայց այդ օրը պետք է գա փոխադարձ ատամների ամրությամբ։ 

Վերստին քրիստոնեություն ընդունելու մասին կարելի է մտածել միայն վերջին կռիվը տալուց հետո:

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ
Լուսանկարը` Գերման Ավագյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ