«Հրապարակ». Անելանելության, դատապարտվածության, «ջախջախված» բանակի, «կապիտուլյացիայի» մասին քարոզը ծառայեց մեր հակառակորդի օգտին

«Հրապարակ». Անելանելության, դատապարտվածության, «ջախջախված» բանակի, «կապիտուլյացիայի» մասին քարոզը ծառայեց մեր հակառակորդի օգտին

Ադրբեջանի կողմից առաջ քաշվող տարածքային նոր պահանջների մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։

- Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը նշել է․ «Անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր եւ Նախիջեւանի Քյարքին, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղն Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում»:

- Այս հայտարարությունը սպասելի էր, բավական է հետեւել Ադրբեջանում տարվող քաղաքականությանն ու հնչող հռետորաբանությանը, եւ մեզ պարզ կդառնա, թե ինչ տեսք ունի Ալիեւի առաջարկած «խաղաղությունը», դա ոչ թե իրական խաղաղության, այլ մեր պետականության կործանման առաջարկ է: Խնդիրն այն է, թե ինչու են մեր պաշտոնյաները, ընդհուպ մինչեւ երկրի ղեկավարը, խոսում նույն տերմիններով ու հնչեցնում նույն թեզերը, ինչի մասին ադրբեջանական կողմն է խոսում: Հիշեցնեմ, որ անցյալ տարվա նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից արել է Խալաֆովի միտքը կրկնող հայտարարություն, նա, մասնավորապես, նշել է. «Առաջին պատերազմի արդյունքներով նաեւ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են եւ գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո: Եվ, ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարեւոր է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը»: Դրանից հետո այդ հարցին անդրադարձել են նաեւ ՔՊ այլ պաշտոնյաներ։ Այսինքն՝ ստացվում է, որ իրենք են կոչ արել Ադրբեջանին՝ այդ հարցի վերաբերյալ հրապարակային պահանջ դնել։ Աբսուրդ է թվում, բայց այդպես է ստացվում: Ես սա որեւէ կերպ չեմ կարող հասկանալ կամ բացատրել, սա անթույլատրելի գործելաոճ է, որը շարունակվում է տեւական ժամանակ:

- Վարչապետի հայտարարությունների մեծ մասն ավելի շատ բխում է ու ծառայում Ադրբեջանի շահերին, քան Հայաստանի։

- Ենթադրում եմ, որ նա դա անում է բացառապես իր անձը եւ իր իշխանությունը պաշտպանելու համար՝ բարդել ամեն ինչ նախկինների վրա, անել հայտարարություններ բանակցային գործընթացի մասին, որոնք ոչ միայն սուտ են, այլ նաեւ մեր պետության դեմ են օգտագործվում: Այսինքն՝ չկա պետական շահի գիտակցում: Նիկոլ Փաշինյանն իր խոստացած «խաղաղության դարաշրջանի» քողի ներքո պատրաստակամություն է հայտնում գնալ Ադրբեջանի պայմանների լիարժեք կատարման ճանապարհով: Սա, վստահեցնում եմ, ոչ թե խաղաղության, այլ նոր կորուստների եւ հնարավոր պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է: Ջայլամի պես գլուխը հողի մեջ մտցնելով, Ադրբեջանի հետագա նպատակները քողարկելով, բանակի հզորացման ուղղությամբ ոչինչ չանելով՝ մենք իրոք կարող ենք կանգնել ընդհուպ մինչեւ պետականության կորստի խնդրի առաջ: Ալիեւի ախորժակը բացվել է, նա դիմադրության չի հանդիպում, նրա ելույթների մասին հայկական կողմը գնահատականներ չի տալիս, չի տանում աշխատանք, որ միջազգային գործընկերները դրա վերաբերյալ գնահատականներ տան, ուստի Ալիեւը հայտարարում է, որ իր նպատակը եղել է «հայերից տարածաշրջանը մաքրելը», եւ դա մնում է անարձագանք: Այդ ամենի հետեւանքով Ալիեւն ավելի հանդուգն է դառնում:

- Օրեր առաջ Քարվաճառից ադրբեջանական կողմը կրակ էր բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հանքի աշխատակիցն էր վիրավորվել, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

- Նշեմ, որ այդ դեպքի նախօրեին Քարվաճառում էր Ադրբեջանի ԳՇ պետը: Ավելին, ադրբեջանական կողմն օրեր շարունակ կեղծ տեղեկատվություն էր տարածում, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարը, ինչը ՀՀ ՊՆ-ն ժխտում էր: Ասածս այն է, որ նրանք նախապատրաստական աշխատանքներ տանում են՝ հնարավոր լարվածության համար հող ստեղծելու նպատակով: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր հարեւանը չի գնում խաղաղության կառուցման ճանապարհով:

- Արդեն մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են։

- Այո, մայիսի 12-ին կլրանա մի տարին, ինչ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Հիշեցնեմ, որ 2021 թ. մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա եւ լինի անձեռնմխելի: Եվ մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»:

- Դրանից հետո, կարծեմ, Փաշինյանը «հայելային հետքաշման» խնդրահարույց առաջարկն արեց, որի հետեւանքով էականորեն փոխվեցին մեր միջազգային գործընկերների գնահատականները:

- Այո, եթե մինչ այդ դա հստակ գնահատվում էր որպես զորքերի ներթափանցում, ապա դրանից հետո մեր սուվերեն տարածքները սկսեցին որակվել որպես «վիճելի»: Ցավոք, կրկին իշխանություններն ունակ չեղան որեւէ բան անելու ադրբեջանական զորքերին դուրս բերելու ուղղությամբ, դրա համար էլ Ալիեւը հայտարարեց, թե «սպասել են՝ ձյունը հալվի, ու վերադառնան իրենց պապական հողերը»: Սա եւս մեկ ապացույց է, թե որքան անհամարժեք ենք մենք մեր առջեւ ծառացած փորձություններին դիմակայելու առումով: Անելանելության, դատապարտվածության, «ջախջախված» բանակի, «կապիտուլյացիայի» մասին քարոզն ամբողջությամբ ծառայեց մեր հակառակորդի օգտին: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք պետք է գտնենք միջոց՝ ներքաղաքական այս գզվռտոցին վերջ դնելու համար, մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ, գաղափարական ուժեղ թիմ, որը կառաջնորդվի ոչ թե անձի կամ կուսակցության պաշտամունքով, այլ պետական շահով: Սա է պակասում մեր իշխանությանն ու խորհրդարանական ընդդիմությանը, դրա համար էլ Ալիեւն ավելի է ոգեւորվում եւ հանդուգն դառնում իր ելույթներում ու գործողություններում: Ավելին, իրեն իրավունք է վերապահում միջամտել մեր պետության ներքին գործերին, տալ գնահատականներ մեր ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, ցավոք, թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը հենց նույն Ալիեւի տերմիններն են օգտագործում իրար դեմ մղվող համառ, անզիջում, բայց պետության համար խիստ անառողջ եւ անօգուտ պայքարի համատեքստում: