Լավ պետություն ունենալը պայմանավորված չէ կառավարման մոդելով

Լավ պետություն ունենալը պայմանավորված չէ կառավարման մոդելով

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը շաբաթ օրը հանդես եկավ առաջարկներով, որոնցից ամենաուշագրավը կառավարման նախկին մոդելին վերադարձն էր։ ՀԱԿ-ն առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ։ Թե ինչու, երբ պառլամենտական մոդելն ընդամենը մեկ տարի է գործում եւ ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին, ՀԱԿ տարածած հայտարարության մեջ չի հիմնավորվում։ 

Քաղաքական դաշտի արձագանքն այս առաջարկին միանշանակ չէ։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, անցումը պառլամենտական կառավարման համակարգին դեռեւս ամբողջությամբ ապահովված չէ, եւ պետք է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե նորից հետքայլ կատարել: «Խորհրդարանական կառավարումը չհամտեսած՝ նորից հետ գանք կիսանախագահականի, կարծում եմ՝ հետընթաց է: Մենք պետք է առաջ գնանք: Այն խեղաթյուրված համակարգը, որ դրել են՝ սուպերվարչապետականը, դրանից պետք է ազատվել ու առաջ գնալ դեպի խորհրդարանական երկիր»: 

ԲՀԿ-ն այս փուլում խնդիրը չի քննարկել։ «Եթե նորից մենք հետ գանք, նորից փոփոխվի էդ ամեն ինչը, պետք է բոլոր ռիսկերը, բոլոր դրական եւ բացասական խնդիրները քննարկենք։ Մենք չենք քննարկել, ուղղակի պետք է դրա նպատակահարմարությունը լրջագույն, համակողմանի քննարկվի»,- իր անձնական տեսակետը ներկայացրեց պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 
ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ է տարակուսած․ «Սա նույնն է, որ երեխան մոր արգանդում է, մենք սեռը չգիտենք, բայց ասում ենք՝ հանեք, պետք չէ»։ Նրա խոսքով՝ մեկ տարում հնարավոր չէ պառլամենտական կառավարման պտուղները տեսնել եւ «դիագնոզ տալ» նոր համակարգին, մինչդեռ, նրա խոսքով, 30 տարի տեսել ենք նախագահական եւ կիսանախագահական համակարգերի թերությունները։

Հետեւաբար, անցումը կիսանախագահական համակարգին, ՀՀԿ-ականի կարծիքով, ակնհայտ հետընթաց կլինի «թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման եւ թե՛ պառլամենտարիզմի եւ քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից»: «Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում՝ գնալ դեպի անձի պաշտամունքի: Առաջնային պետք է լինի ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումը, այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը»։

Շարմազանովի կարծիքով, պառլամենտական համակարգում ընդդիմությանը հստակ լիազորություններ են տրված, եւ չի կարող մեկ ուժն ունենալ բացարձակ իշխանություն, իսկ վերադարձը նախկին համակարգին մի շարք վտանգներով է լեցուն։ Նրան հիշեցրինք, որ անցած ավելի քան 10 տարիներին մենք ապրել ենք կիսանախագահական մոդելով, այդ ժամանակ վտանգներ չկայի՞ն։ «Անցած 30 տարիները ցույց տվեցին, որ կիսանախագահական եւ նախագահական համակարգերն այնքան էլ արդյունավետ չեն եղել, մենք շատ դեպքերում չենք կարողացել մարտահրավերներին ճկուն դիմակայել եւ այսօր մենք չունենք կայացած քաղաքական համակարգ։ Այսօր մենք կանգնել ենք կոտրած տաշտակի առջեւ, որ նորմալ պառլամենտ չունենք, միայն Նիկոլ Փաշինյանն է, եթե ունենանք կիսանախագահական համակարգ, պատկերացրեք․․․ Աստված երկար կյանք տա Նիկոլ Փաշինյանին, երկար ապրի, բայց պատկերացրեք՝ հիվանդանում է, ի վիճակի չի լինում մեկ ամիս աշխատանքի գնալ, էս պետության վիճակն ի՞նչ է լինելու։ Իսկ պառլամենտական համակարգում դու համակարգերդ ես զարգացնում։ Իհարկե, այլ հարց է, որ այսօր ունենք պառլամենտ, որն ուշ թե շուտ պետք է ցրվի, որովհետեւ այնտեղ ընդգրկվածները չեն համապատասխանում պատգամավորի կոչմանը»,- նկատեց ՀՀԿ-ականը։ 

ՀՀԿ-ից Փաշինյանը ժառանգել է Սերժ Սարգսյանի «հագով կարված» սուպերվարչապետական համակարգ, որտեղ իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքում, հետեւաբար ի՞նչ տարբերություն՝ համակարգը պառլամենտակա՞ն է, թե՞ կիսանախագահական։ «Ի՜նչ սուպերվարչապետականի մասին է խոսքը»,- տարակուսեց ՀՀԿ-ականը։ «Երբ որ մենք սահմանադրական փոփոխությունները 3/5-ով ենք անցկացնում, երբ որ առանց ընդդիմության մասնակցության մենք չենք կարող ունենալ գլխավոր դատախազի ընտրություն, ԿԸՀ նախագահի, կիսանախագահական համակարգում դա անելու է մեկ հոգի, իսկ պառլամենտը զրկվելու է իր ֆունկցիաներից ու դառնա նախագահի կցորդը»։ Շարմազանովի դիտարկմամբ՝ ազգային անվտանգության տեսանկյունից նույնպես կիսանախագահական համակարգին անցումը խնդիրներ է ներկայացնում․ «Պատկերացրեք մի պահ, որ նախագահ է դառնում մի մարդ, որը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների կողմնակից է եւ ուղիղ հայտարարում է, որ Հայաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, բայց խորհրդարան է անցնում մի ուժ, որը գտնում է, որ ՀԱՊԿ-ում պետք է խորացնի հարաբերությունները, ո՞նց է այս դեպքում լինելու, ո՞նց են աշխատելու»։ 

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում եւս չեն քննարկել առաջարկը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ անգամ առաջարկի մասին չի լսել, երբ ծանոթանա, կարծիք կհայտնի։ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նույնպես տեղեկացրեց, որ իրենց ուժում առաջարկը դեռ չեն քննարկել, իսկ ինքն անձնական տեսակետ հայտնել չի կարող, քանի որ հարցը խիստ քաղաքական է։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ եթե ՀԱԿ ներկայացուցիչները կարողանան ապացուցել, որ երկրում հիմնական խնդիրները, սոցիալական բեւեռացվածությունը կառավարման մոդելով է պայմանավորված, ինքը կհամաձայնի այդ առաջարկին․ «Ցանկացած նման անցումային երեւույթ բարդ հետեւանքներ եւ ազդեցություն է ունեցել, եւ մեկ համակարգից մյուսին անցումը պետք է խիստ տրամաբանված ու հիմնավորված լինի»։

Պատգամավորի կարծիքով, ավելի առաջնային խնդիրներ կան, քան կիսանախագահական համակարգին անցնելն է, օրինակ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում, Ընտրական օրենսգրքում փոփոխությունները․ «Ես գուցե սուբյեկտիվ կարծիք հայտնեմ, բայց անտրամաբանական եմ համարում վերադարձը նախկին համակարգին, որովհետեւ խորհրդարանական մոդելն ավելի լայն հնարավորություն է տալիս խորհրդարանին։ Սակայն այսօր անգամ այս խորհրդարանի մասին են խոսում, որ իրական լայն լիազորություններ չունի, որը դասական իմաստով բնորոշ է այս մոդելին, շատերն ասում են, որ ավելի շատ սա սուպերվարչապետական է։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե որ ծայրն ենք գնում, այսինքն՝ խորհրդարանի լիազորությունները տալ իշխանության այս ճյուղի՞ն, թե՞ վերադառնում ենք նախկին համակարգին, որի դառը պտուղները մենք քաղել ենք»։ Նրա կարծիքով՝ լավ պետություն ունենալը պայմանավորված չէ կառավարման մոդելով․ «Եթե նայենք միջազգային փորձը բոլոր 3 դեպքում էլ՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, կարող ենք հաջողված մոդելներ նշել, հետեւաբար, պետք է հասկանալ, թե որ փոփոխություններն են առաջնային»։

ՀԳ․ Քաղաքական շրջանակներում խոսում են, որ ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է ներկայացրել այս առաջարկը, քանի որ Փաշինյանը դեմ չէ վերադառնալ կիսանախագահական կարգավիճակին, որտեղ ինքն առաջնային մանդատ կունենա՝ զբաղեցնելով նախագահի պաշտոնը, եւ ապահովագրված կլինի պաշտոնանկության վտանգից, որը թույլ է տալիս պառլամենտական համակարգը։ Որքան էլ նոր խորհրդարանում որակյալ մեծամասնություն կազմող խմբակցությունը կառավարելի լինի, կա տեսական հնարավորություն, որ այդ կառավարելի ֆրակցիան մի օր կարող է չենթարկվել եւ վարչապետ փոխելու փորձ անել։ Իսկ մինիմում  օգուտը, որ կարող են քաղել ՀԱԿ առաջարկից, մեկ-երկու տարով հեղափոխական էյֆորիան երկարաձգելն է՝ հանրությանը զբաղեցնելը։