ՊԵԿ նախկին ու ներկա փոխնախագահները՝ խոշոր բիզնեսի հետևում
«Նոր Հայաստանի» պետեկամուտների կոմիտեում կարծես թե նոր մոնոպոլ ընկերություն է ձեւավորվում։ Նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ՊԵԿ նոր ղեկավարությունն ազատվեց, որ սեփական «նորֆոլկը» ստեղծի։ Խոսքը «Յունիսերվ» ՍՊԸ-ի մասին է, որը զբաղվելու է մաքսային միջնորդական ծառայությամբ եւ կարող է մոնոպոլիզացնել ոլորտը։ Արդեն փակվել են «Ուրբան» մաքսային տերմինալը եւ Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձեւակերպման բաժինը․ այդ գործառույթները կիրականացվեն «Յունիսերվ»-ի միջոցով։ Մեզ ասացին, որ ընկերությունը ստեղծվել է 2018 թ․ վերջին, եւ հետեւում կանգնած են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախկին փոխնախագահ, 2018-ի օգոստոսին պաշտոնից ազատված Արա Գաբրիելյանը։ Վերջինիս մասին մամուլում սկանդալային հրապարակումներ եղան, որ ԱՄՆ-ում դատապարտված է եղել ամուսնացած կնոջ հետապնդելու եւ սպանության սպառնալիք հնչեցնելու համար, ինչից հետո Փաշինյանի հրամանով նա ազատվեց պաշտոնից։ Նույն նպատակով էլ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ժամանակին ստեղծեց «Նորֆոլկը», ինչի արդյունքում հսկայական գումարներ էին աշխատում։ Հիմա նույնն են անում, եւ չի բացառվում՝ հենց ՊԵԿ բարձրաստիճան դեմքերի մասնակցությամբ․ նման բաներն առանց վերեւների հետ համաձայնեցման տեղի չեն ունենում։
Մեր այս տեղեկությունը ճշտելու համար նախ այցելեցինք պետռեգիստրի e-register.am կայքը եւ պարզեցինք, որ «Յունիսերվ» ընկերության հիմնադիր է հանդիսանում Արա Գաբրիելյանը միանձնյա, ընկերությունը գրանցել է 2018 թ․ նոյեմբերի 1-ին։ Քանի որ Շուշանիկ Ներսիսյանն ի պաշտոնե չի կարող մասնավոր ընկերություն հիմնադրել, նրա անունը ֆորմալ առումով չկա հիմնադիրների ցանկում։ Ի դեպ, Գաբրիելյանը մտադիր չէ բավարարվել միայն Արարատյան մաքսատան գրասենյակով եւ նպատակ ունի մասնաճյուղեր բացել այլ տարածքներում եւս։
Այս թեմայով զրուցեցինք ընկերության հիմնադիր Արա Գաբրիելյանի հետ, որը հաստատեց, որ նման ընկերություն է հիմնել, որն արդեն ստացել է ՊԵԿ-ի կողմից լիցենզիան եւ մաքսային միջնորդական ծառայություններ է իրականացնելու, այդ թվում՝ ոչ միայն Արարատյան մաքսատանը։ Նա նաեւ նշեց, որ դե յուրե եւ դե ֆակտո միայն ինքն է այս ընկերության հետեւում կանգնած։
- Ինչո՞ւ որոշեցիք հենց այսպիսի ընկերություն հիմնել։
- Ես մաքսային ծառայության մասնագետ եմ, եթե Դուք հիշում եք իմ նախկին աշխատանքը եւ, ընդհանրապես, իմ կենսագրականին ծանոթ եք։
- Պարզապես կասկած կա, որ սա մոնոպոլ ընկերություն է դառնալու, եւ հատուկ այս ընկերության համար ՊԵԿ-ում առանձին բաժին է փակվել, «Ուրբան» տերմինալն է փակվել։
- Չէ, չէ, չէ։
- Ինչո՞վ վստահ լինենք, որ չէ։
- Այսինքն՝ ո՞նց ինչով վստահ լինեք․․․ հետեւեք մեր գործունեությանը, կտեսնեք, որ բացառապես օրենքով նախատեսված կարգով եւ հավասար պայմաններով փորձում ենք աշխատել։ Մենք բացառապես միջնորդ ենք։ Չգիտեմ՝ որտեղ ինչ է փակվել, մենք ունենք հնարավոր քաղաքացիների, բայց հիմնականում՝ կազմակերպությունների ցանկ, փորձում ենք առաջարկել մեր գործունեությունը․․․
- Արդեն աշխատո՞ւմ է։
- Հա, իհարկե, աշխատում է։ Լիցենզիան ստացել ենք ոնց որ թե 2018-ի նոյեմբերի 14-ին, բայց մի քիչ նախապատրաստական աշխատանքներ կային, օֆիսների վարձակալություն եւ այլն, սենց սիտուացիաների մեջ էինք․․․
- Մի՞ մասնաճյուղ ունեք, միայն մե՞կ վայրում է գրասենյակը։
- Չէ, չէ, տարբեր։ Տարբեր տեղեր փորձում ենք նենց անել, որ մեր ներմուծողներն ու արտահանողները սահմանից սկսած՝ արդեն իրենց մաքսազերծման գործընթացը սկսեն։
- Պարզապես, երբ «Նորֆոլկը» բացվեց, շատերը քննադատում էին, որ սա մոնոպոլ ընկերություն է, որ պետության հաշվին մի քանի հոգի մեծ գումարներ են աշխատում․․․
- Ես Ձեզ հրավիրում եմ, համեցեք մեր գրասենյակ, Արարատյան մաքսատան կողքն է, առաջարկում եմ, եթե տենց հետաքրքիր է, ու տենց անունների հետ եք կապում կամ փորձում պարզաբանել, ես Ձեզ ավելի շատ, ավելի մանրամասն ներկայացնեմ մեր գործունեությունը՝ ինչ ենք անում, ովքեր են աշխատակիցները, որտեղ ենք տեղակայված, ու, ընդհանրապես, մեր գործունեությունը կապ չունի «Նորֆոլկի» վարած գործունեության հետ։
- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն իրենց հավանությունը տվե՞լ են Ձեր այս պրոյեկտին։
- Այսի՞նքն։ Ես ումի՞ց պետք է հարցնեի հավանություն պրոյեկտի մասին։ Կա օրենքով նախատեսված կարգ՝ լիցենզավորված գործունեություն վարելու, դիմել եմ ՊԵԿ, ինչպես բոլոր բրոքերները, ենթադրում եմ, որ հարյուրից ավելի նման կազմակերպություններ կան, եւ ստացել ենք լիցենզիա։ Մենք հավելյալ որեւիցե հավանության կարիք չունենք։
Կարծիքներ