Ծեծկռտուքին մասնակցած հնդիկները վարժ հայհոյում էին հայերենով

Ծեծկռտուքին մասնակցած հնդիկները վարժ հայհոյում էին հայերենով

Երևանյան «Սթար» բար-սրճարանում, ուր այցելեցինք` մանրամասներ ճշտելու շաբաթ օրը տեղի ունեցած ծեծկռտուքի ու կրակոցների վերաբերյալ, սակավամարդ էր, և տնօրեն Ալբերտն ու աշխատողները դեռ շարունակում էին քննարկել արտակարգ պատահարը։  

 «Տանը պառկած էի, իմ բնակարանն անմիջապես վերևում է, դուրսն աղմուկ էր, տեսախցիկները միացրեցի, վիճաբանություն էր, միջև իջա, հայերը գնացել էին, իրենք  ստեղ ուրիշ հայի էին կպել։ Առաջարկեցի, ասի` ստեղից դուրս եկեք, հրեցի, ընկերն ասաց՝ կներեք, հանեց դուրս, դուրս եկան ու ատրճանակը ձեռքին` ներս եկան մի րոպե չանցած։ Դուռ բացեց ու սկսեց կրակել։ Ըտեղ կռիվը գնաց»,- «Հրապարակի» հետ զրույցում պատմեց Ալբերտը։ Նա, ի վերջո, կարողացել է հաղթահարել հնդիկների 5-6 հոգանոց խմբին։ Նրա խոսքով՝ հնդիկ երիտասարդները զարմանալի հաղթանդամ էին, միայն մեկն է եղել փոքր-մոքր։

Հնդիկների մոտ եղած ատրճանակը, իհարկե, մարտական չի եղել, այլ` գնդիկավոր։ 

«Հա, բայց էդ պահին չես մտածում՝ գնդիկավո՞ր է, թե ինչ, տեսքից «Բրաունինգ» ատրճանակի էր նման։ Վրեն շուշաթղթով համարը փորագրված, ըտենց ինստիկտով ձեռքից վերցրեցինք»,-պատմեց Ալբերտը, ով նախկին սպորտսմեն է՝ ձյուդոյիստ, և նաև Արցախյան ազատամարտիկ։ 

Հիշեցնենք,որ  նույն օրը ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարը։ 

Ամենաուշագրավն այն է, որ սրճարանն ուղիղ Ազգային անվտանգության ծառայության շենքի  դիմաց է գտնվում։ Նաև Ալբերտը պատմում է, որ, դատելով հայոց լեզվին տիրապետելու աստիճանից, նրանք առնվազն 5-6 տարի ապրում են Հայատանում, քանի որ վարժ հայերեն էին խոսում և վարժ հայկական «ազգային» հայհոյանքներ տալիս։