Ինչու ջազի կենդանի լեգենդի 75-ամյակը նշվեց Գյումրիում

Ինչու ջազի կենդանի լեգենդի 75-ամյակը նշվեց Գյումրիում

Ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը երեկ պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նշվեց ՀՀ ժողովրդական արտիստի 75-ամյակը։ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն իր խոսքում ողջունեց ու շնորհավորեց մաեստրոյին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, ապա ավելացրեց. «Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասյանի 75-ամյակը: Սա ոչ թե գյումրիական ընդունված կարգի համաձայն ունեցած պատվախնդրություն է, այլ այն ունի իր հիմնավոր պատճառները: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ Լևոն Մալխասյանը մշտապես եղել և շարունակում է գտնվել Գյումրու ջազային կյանքի ամենաակտիվ իրադարձությունների ուղիղ կենտրոնում»։

Լևոն Մալխասյանին շնորհավորեց ու իր ողջույնի խոսքը բեմահարթակից հղեց Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը՝ միաժամանակ ներկաներին փոխանցելով նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը. «Քաղաքապետը ներկա էր համերգին, բայց գիտեք, Գյումրին դարձել է աշխարհի կենտրոնը, զանգեցին, հյուրեր ունեինք, և նա ստիպված եղավ գնալ: Ես մի լավ հանձնարարական ունեմ, որի կատարումն ինձ համար մեծ պատիվ է»:Փոխքաղաքապետը մաեստրոյին հանձնեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալը:

Նշենք, որ համերգն իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Ջազի հայկական ասոցիացիայի, «Մանուկյան ընկերության» ու «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի  համագործակցության արդյունքում: