Ինձ հարցեր եք տալիս, որոնք ինձ չեն վերաբերում

Ինձ հարցեր եք տալիս, որոնք ինձ չեն վերաբերում

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը երեկ կառավարության նիստից հետո համառորեն չէր ցանկանում պատասխանել այն հարցերին, որոնց տակ փոքրիշատե քաղաքական ենթատեքստ կար։ Որքան էլ նրան բացատրեցինք, որ նա քաղաքական թիմի անդամ է եւ քաղաքական պաշտոն է զբաղեցնում, ուստի պետք է նման հարցերի եւս պատասխանի, Փիլոյանը շարունակում էր խնդրել, որ իրեն միայն ԱԻՆ-ին վերաբերող հարցեր տանք։

Որոշեցինք ճեպազրույցի ավարտից հետո նրան առանձին մի քանի հարց ուղղել հենց ԱԻՆ-ի գործառույթներից բխող թեմաներով՝ կապված Գորիս-Կապան ճանապարհահատվածում հավանական պատահարների դեպքում ԱԻՆ աշխատանքի կազմակերպման հետ։

- Պարոն Փիլոյան, Գորիս-Կապան մայրուղու այն հատվածներում, որտեղ թշնամին եկել նստել է եւ խնդիրներ է առաջացնում մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի հետ կապված, ԱԻՆ-ը կարողանո՞ւմ է ազատ աշխատել, եթե ինչ-որ դեպք է պատահում, ասենք, վթար է լինում ճանապարհին։

- Կոնկրետ, եթե հարցը վերաբերում է մեր կողմից կատարվելիք աշխատանքներին, ապա Շուռնուխում մենք ունենք հենակետ, Շուռնուխի հենակետը կոնկրետ էդ հատվածում է գործում եւ ցանկացած մեր բնակչության անհրաժեշտ օգնության միջոցառումներին ընդգրկվում է։ Կհիշեք, որ մի երկու օրով ճանապարհը փակվել էր։ Մեր աշխատակիցների ուժերով եւ միջոցներով այդ հատվածում գտնվող գյուղերին օգնություն է հասցվել՝ առանց խոչընդոտի։

- Ինչպիսի՞ օգնություն, մասնավորապես։

- Հաց, ջուր, դեղորայք․․․

- Իսկ ի՞նչ ճանապարհով է այդ օգնությունը հասցվել բնակիչներին։

- Գյուղամիջյան ճանապարհներով։ Մենք ունենք հնարավորություն, միջոցներ, որպեսզի էդ աշխատանքները կատարենք, նաեւ նախատեսել ենք, որ ձմռան ժամանակահատվածում ճանապարհների փակման կամ այլ դեպքերում կարողանանք խնդիրներ լուծել։

- Իսկ ադրբեջանական զինուժի կողմից խնդիրներ, խոչընդոտներ չե՞ն հարուցվել կամ չե՞ն հարուցվի հետագայում։

- Կոնկրետ մինչեւ հիմա մենք նման խնդիր չենք ունեցել, հետագայում չեմ կարող ասել։

- Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճանապարհահատվածի ճակատագիրը։

- Կներեք, դա իմ խնդիրը չէ։

- Բայց Դուք քաղաքական թիմի մաս եք կազմում, կառավարության անդամ եք։

- Կներեք, նորից եմ կրկնում՝ հարցն ուղղեք քաղաքական թիմի այն պաշտոնատար անձին, որը դրա համար պատասխանատու է։ Դա իմ գործառույթների մեջ չի մտնում։

- Լավ, եթե, օրինակ, վթար տեղի ունենա այդ ճանապարհին, եւ մեքենան հայտնվի ճանապարհից դուրս այն հատվածում, որն այս պահին ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո է գտնվում, ի՞նչ պետք է անեք դուք։

- Ունեցել ենք նման դեպք, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենան գլորված է եղել ձորը, մեր աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել, եւ ոչ մի խնդիր չի առաջացել։

- Իսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեքենա լինի՞։ Նա կարո՞ղ է հայտնվել գերու կարգավիճակում։

- Կրկնում եմ՝ մենք նման խնդիր չենք ունեցել, կարծում եմ՝ չենք ունենալու։

- Այս պահին ինչպիսի՞ն է այդ ճանապարհի վիճակը, բա՞ց է, կարողանո՞ւմ են մեր քաղաքացիներն ազատ երթեւեկել այդ տարածքով։

- Ես նորից եմ կրկնում, որ էդ ճանապարհի հետ կապված հարցերն ուղղեք դրա համար պատասխանատու պաշտոնատար անձին։

- Բայց Դուք կառավարության նիստերին եք մասնակցում, այդ թիմի անդամ եք։

- Էս պահի դրությամբ ճանապարհի հետ կապված խնդիր չկա։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Գորիս-Կապան մայրուղու որոշ հատվածներ քարտեզներով Ադրբեջանի տարածք են։ Դուք նո՞ւյնպես այդ կարծիքին եք, որ դա Ադրբեջանի տարածք է։

- Դրա համար կատարվելու են սահմանազատման աշխատանքներ, եւ դրա արդյունքում պարզ կլինի։

- Դուք 30 տարի այդպե՞ս եք կարծել, ռազմական ուղի անցած մարդ եք, կարծում եք, որ իսկապես դա մեր տարա՞ծքը չէ։

- Ինձ հարցեր եք տալիս, որոնք ինձ չեն վերաբերում։