Հայ-ադրբեջանական քաղհասարակությունները հանդիպում են, բայց ոչ ոք տեղյակ չէ դրանից

Հայ-ադրբեջանական քաղհասարակությունները հանդիպում են, բայց ոչ ոք տեղյակ չէ դրանից

«Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը նախօրեին հայտարարել էր, որ Թբիլիսիում կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումները՝ «Թե ինչպես խաղաղությունն ու վստահությունը կարող են նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը» խորագրով կլոր սեղանի շրջանակներում, որը կազմակերպվում է Եվրամիության աջակցությամբ։ «Հաքին ազ»-ի անդրադարձում նշվում է, որ հայկական կողմից հանդիպմանը մասնակցող ՀԿ-ների անուններն անհայտ են։ Երկրորդ մասում կողմերին կմիանան նաեւ Վրաստանի ներկայացուցիչները։
Մենք զրուցեցինք վրաց փորձագետ Գելա Վասաձեի հետ: Նա ասաց, որ նման հանդիպում՝ հայ եւ ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների միջեւ, արդեն իսկ ընթանում է` Վրաստանի շրջաններից մեկում։

«Ես տեղյակ եմ եւ կարող եմ հաստատել այս պահին ընթացող նման ֆորմատով հանդիպման մասին, բայց թե կոնկրետ այնտեղ ով կա` այս կամ այն կողմից, չեմ կարող ասել»,- ասաց Գելա Վասաձեն: Հարցրինք նաեւ, թե այդ հանդիպման օրակարգը ո՞րն է։ Ասաց. «Բնական է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, հակամարտության կարգավորում, ինչ կարելի է անել եւ այլն։ Կարծում եմ՝ այդ մասին շուտով հայտնի կդառնա, չեմ կարծում, որ կթաքցնեն»։ Գելա Վասաձեն հավելեց նաեւ, որ Վրաստանը շարունակում է հետամուտ լինել այդ հարաբերությունների կարգավորման իր միջնորդական ջանքերին, որոնք, ըստ նրա, բխում են Վրաստանի ազգային անվտանգության շահերից։ 

Երեւանի մամուլի ակումբի նախագահ, ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը եւս հայտնեց, որ ներկայում նման քննարկումներ անցկացվում են. «Ես գիտեմ, որ շփումները մի քանի ուղղությամբ են, կոնկրետ ո՞րը նկատի ունեք, որովհետեւ Ձեր ասած օրակարգով տարբեր շփումներ կան։ Հիմնականում՝ եռակողմ, վրացիների մասնակցությամբ, բայց կարող են լինել նաեւ երկկողմանի։ Ես բոլորի մասին տեղյակ չեմ, մի մասի մասին տեղյակ եմ, մի մասի` ոչ»։ Նավասարդյանը նշեց, որ մի մասին ինքը ներկա է եղել, բայց դրանք եղել են ոչ թե «ֆիզիկապես», այլ առցանց հանդիպումներ` հեռավար։ Իսկ ինչպե՞ս` կոնսենսուսո՞վ են ավարտվում այդ առցանց քննարկումները։  «Առայժմ՝ չէ, առայժմ օրակարգերի մասին է խոսքը, թե ինչ, ոնց պետք է քննարկվի, ինչպիսի մոտեցումներ ունեն կողմերը, բայց որեւէ համաձայնության մասին խոսք չի կարող լինել»,- ասաց Նավասարդյանը:

Այսինքն՝ քննարկում քննարկման մասին, թե ինչ է մտահոգում հայ եւ ադրբեջանցի ՀԿ-ականներին: Նավասարդյանը նաեւ հավելվեց, որ այդ հանդիպումներում ներկա են լինում ոչ այնքան ՀԿ-ներ, որքան փորձագետներ, որոնք մանրամասն տեղյակ են հակամարտությանը, դրա պատմությանը եւ «խոսում են ոչ թե պատրանքներով», այլ պատրաստ են պրակտիկ քննարկել իրական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։

Թբիլիսիում հայ եւ ադրբեջանցի ՀԿ-ների ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը, ըստ Նավասարդյանի, տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբներին։ Նավասարդյանը կընդունի՞ հրավերը, եթե լինի՝ այժմ չի կարող ասել․ «Եթե լինեն մարդիկ, որոնց մասին ասացի, որ պատրաստ են առանց պատրանքների քննարկել իրական մարտահրավերները, իրենց հետ խոսելն իմաստ ունի։ Իսկ եթե սկսվում են երկուստեք քարոզչական ելույթներ, նման միջոցառումների վրա ժամանակ ծախսելն անիմաստ է»։

Իսկ մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, նաեւ անհատ-փորձագետներ, որոնք պոտենցիալ կարող են մասնակցել նման օրակարգով կլոր սեղանին, հերքեցին ոչ միայն հրավերի փաստը, այլեւ ասացին, թե տեղյակ էլ չեն, որ նման հանդիպումներ են ընթանում։ «Aliq.ge»-ի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյան․ «Բացարձակ տեղյակ չեմ, թե ինչ է, ես ԱՄՆ-ում եմ ու առաջին անգամ եմ լսում նման հանդիպման մասին»։ 

Արցախյան հակամարտության կարգավորման հարցով փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանն ասաց. «Ես հիմա Մեղրիում եմ ու այդ մասին լսում եմ Ձեզնից»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը եւս զարմացավ․ «Ես էդպիսի բանից տեղյակ չեմ։ Գաղափար չունեմ։ Ազնվությամբ եմ ասում։ Ամեն դեպքում, արձանագրենք, որ Ադրբեջանում փաստացի ՀԿ չի մնացել, ինչքան քիչ թե շատ նորմալ մարդ կար, կա՛մ նստած է, կա՛մ երկրից դուրս է։ Էնտեղ ո՞ւմ հետ խոսես․․․ մեծ մասը «կագեբեշնիկ են։ Մենք ախորժակ չունենք խոսելու մեր երկրի «կագեբե»-ի հետ, իրենց «կագեբե»-ի հետ ի՞նչ խոսենք»։

Զանգահարեցինք նաեւ «Ինտերնյուս», որը հիմա կոչվում է Մեդիանախաձեռնությունների կենտրոն եւ ժամանակին հայ-ադրբեջանական երկխոսության թեմայով բազմաթիվ նախագծեր է իրականացրել ու անգամ ֆիլմեր նկարել։ Ասացին, որ կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը հանրապետությունում չէ, իսկ այդ կազմակերպությունից Արշալույսը հայտնեց, թե իրենք ԵՄ-ից Թբիլիսում հայ-ադրբեջական երկխոսության նպատակով կլոր սեղանին մասնակցելու հրավեր չեն ստացել, պատերազմից հետո անցած մեկ տարում էլ չեն ստացել ու չեն մասնակցել։ Իսկ եթե հրավիրեն, կմասնակցե՞ք։ «Առանց իմանալու միջոցառման բովանդակությունը, ո՞նց կարող ենք ասել՝ կարո՞ղ ենք, թե՞ չենք կարող մասնակցել»,- ասաց աշխատակիցը։

Չի բացառվում, որ կլոր սեղանին մասնակցի Գլոբալացման եւ տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ով այդ ֆորմատով քննարկումներին նախկինում մշտապես մասնակցել է։ Ստեփան Գրիգորյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ նրա հեռախոսին պատասխանած կինն ասաց, որ պարոն Գրիգորյանը չի կարող մոտենալ հեռախոսին: Մենք հնչեցրինք հարցը` հնարավո՞ր է, որ այս պահին նա Վրաստանում է։ Կինն անջատեց հեռախոսը։