Հնարավո՞ր է, որ կառավարությունը փոխհատուցի ջրի թանկացումը

Հնարավո՞ր է, որ կառավարությունը փոխհատուցի ջրի թանկացումը

«Վեոլիա ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջում է ջրի նոր, ավելի բարձր սակագին սահմանել: 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խմ-ի գինը դարձնել շուրջ 223,7 դրամ։ 

Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է, որ ջրամատակարարման համակարգի վարձակալը դառնալով՝ «Վեոլիա ջուրն» արդեն իսկ պայմանագրում, ըստ տարիների, բազիսային գին է ֆիքսել, որը 2022 թվականի համար կազմելու է 214 դրամ: 

 «Այսինքն՝ այդտեղ արդեն իսկ ունեինք 34 դրամի ավելացում, ինչը ձեւավորվել է մրցույթի ժամանակ»,- ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ 
Հիշեցնենք, որ խոսքը դեռեւս նախկին իշխանությունների օրոք՝ 2017 թվականի նոյեմբերին կնքված պայմանագրի մասին է: Այն ժամանակ արդեն ընկերությունը կառավարությանը ներկայացրել էր, թե որքան է լինելու ջրի սակագինը 2018, 2019 թվականներին եւ այլն: Սակայն 2018 թվականին, շատ լավ իմանալով, որ ջրի սակագնային պլանը հարաճուն է լինելու, արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին, Ալավերդիում Փաշինյանը հայտարարեց, որ ջուրն առաջիկա 6 տարիներին չի թանկանա: 

«Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասել էր Փաշինյանը: Փաստորեն, ոչ մի բանակցություն էլ չկար, կամ էլ դրանք տապալվել են, ինչի մասին և պատմությունը, և Փաշինյանն ու նրա կառավարիչները լռում են: 

Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ «Վեոլիա ջուր» ընկերության որոշ պաշտոնյաներ մեղադրվեցին խմելու ջրի սակագները բարձրացնելու որոշում կայացնելու մեջ, ինչի «փոխհատուցումը» հանձնաժողովի չինովնիկներին ջրամատակարարի հաշվին Փարիզ տանելն էր: 

Ահա ինչ է գրում ֆրանսիական ընկերությունը ՀՀ կառավարության հետ տարվող բանակցությունների մասին 2018 թվականի օգոստոսին հրապարակված տեղեկանքում, փրկելով իր համբավը կոռուպցիոն ստվերից։ «Համաձայն պայմանագրի՝ առաջին 7 տարիների ընթացքում սակագները պետք է որոշ չափով բարձրանան յուրաքանչյուր տարի՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից կատարվող ներդրումների մի մասը եւ հատկապես «Վեոլիա ջուր» ընկերության կողմից կառավարությանը վճարվող շատ բարձր վարձակալության վարձավճարը փոխհատուցելու համար: Այդ վարձավճարն ուղղակիորեն վճարվում է Հայաստանի Հանրապետության բյուջե, եւ այդ գումարից ջրային ոլորտին անհրաժեշտ ներդրումները որեւէ կերպ չեն ֆինանսավորվում»: 

Այսօր արդեն թանկացման հարցը որոշված է, անհայտ է ընդամենը չափը: «Հայտը ներկայացրել են օգոստոսի սկզբին, մինչեւ նոյեմբերի վերջ ժամանակ ունենք: Այս ընթացքում նաեւ ջրի ծավալների մոնիտորինգ ենք իրականացնում, որի արդյունքները երբ ունենանք, դա էլ իր ազդեցությունը կունենա հանձնաժողովի որոշման մեջ: Մոտավորապես նոյեմբերի 20-ին արդեն կիմանանք նոր սակագինը, եւ հարցը կդրվի հանձնաժողովի նիստի», - «Հրապարակին» ասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը: 

- Փաշինյանն ասել էր, որ չի թանկանալու, բայց թանկացավ, սա ինչպե՞ս եք բացատրում: 

- Կառավարությունն էլ ունի գործողություններ այս հարցում: Օրինակ, կարող է որոշ չափով փոխհատուցել գնի բարձրացումը, որ սպառողը շարունակի վճարել նույն գինը: 

- Որքանո՞վ է հնարավոր, որ կառավարությունը փոխհատուցի այդ թանկացումը: 

- Այդպես եղել է ե՛ւ 2018-ին, ե՛ւ 2019-ին, ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին, այսինքն՝ 4 տարի կառավարությունը որոշակի փոխհատուցում է տրամադրել, որպեսզի ջրի սակագինը սպառողների համար մնա նույնը: 

- Ժամանակին «Վեոլիա ջուրը» բողոքում էր, որ կառավարությունը չի կատարել իր կողմից խոստացված ներդրումները, այս կառավարությունն էլ ունի ներդրումային պարտականություններ եւ կատարո՞ւմ է արդյոք դրանք: 

- Դա արդեն մեր հանձնաժողովի իրավասությունների տիրույթում չէ, Ջրային կոմիտեին պետք է հարցնեք: Բայց ջրային համակարգերը պետական սեփականություն են, ու վարձակալության պայմանագրի պարագայում մասնավորը մեծ ներդրումային պարտավորություններ չի ունենում: Եթե լիներ կոնցեսիա, մասնավորի վրա մեծ ներդրումային պարտավորություններ կդրվեին, բայց այս պարագայում այդ պարտականությունները կառավարությունն իր վրա է վերցնում: Այս պայմանագրի շրջանակներում էլ է այդպես: Ներդրումներն իրականացնում է կառավարությունը: Սովորաբար, դա արվում է միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտոնյալ վարկային միջոցներ ներգրավելով: 

- Դուք ջրի գինը բարձրացնելուց առաջ նայելո՞ւ եք, թե ինչ որակի ծառայություններ է մատուցում մոնոպոլիստ դարձած «Վեոլիա ջուրը», որի աշխատանքից շատ բողոքներ կան: 

- Տեսեք՝ կառավարությունը պայմանագրում ֆիքսել է այն հիմնական կատարողական ցուցանիշները, որոնք «Վեոլիան» պետք է ամեն տարի պահպանի: Օրինակ, ջրամատակարարման շարունակականությունը, սպառողների սպասարկման որակը, բողոքներին արձագանքելու ժամկետը, խմելու ջրի որակը: Ի սկզբանե նայելով, թե կառավարությունն ինչ պարտականություններ է իր վրա դրել, ընկերությունը սահմանել է բազիսային գներ, որոնք համապատասխան են սահմանված ցուցանիշներին: 

- Իսկ դուք ստուգելո՞ւ եք` իրականության մեջ դրանք համապատասխանե՞լ են կառավարության պահանջներին, թե՞ ոչ: 

- Կառավարությունը ի դեմս Ջրային կոմիտեի ամեն տարի ստուգում է դա՝ տեխնիկական աուդիտոր ներգրավելով: Մենք այդ պայմանագրի կողմ չենք հանդիսանում: Հանձնաժողովի գործը գները 4 գործոնով ստուգելն է:

- Կարո՞ղ եք ստուգել եւ ոչ թե 43 դրամով թանկացնեք ջրի գինը, այլ, ասենք, 10 դրամով: 

- 4 գործոն կա՝ սղաճ, որը հրապարակվում է ԱՎԾ-ի կողմից, այսինքն՝ այդտեղ վիճարկելու հարց չկա, մենք հաշվենք, թե իրենք՝ նույն բանն ենք ստանալու: Էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունն է, որը նույնպես վիճելի չէ: Միայն մեկ գործոն կա, որը կարող է փոխել «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած թիվը՝ դա ջրամատակարարման փաստացի ծավալն է, որը մենք մոնիտորինգի ենք ենթարկում: Եթե մոնիտորինգի ընթացքում հայտնաբերում ենք, որ խախտումներ են եղել, ասենք՝ ապօրինի ջրօգտագործում է եղել, դրա արդյունքում հաշվում ենք լրացուցիչ ծավալ ու դա ներառում ենք հաշվարկում, դա բերում է սակագնի նվազեցման: Այս պահին դեռ մոնիտորինգը ընթացքի  մեջ է: