Ադրբեջանում նյարդայնացած են

Ադրբեջանում նյարդայնացած են

Բաքվում ամփոփում են փետրվարի 9-ի քվեարկության արդյունքները: Պատկերը տխուր է: Ժողովուրդը փաստացի բոյկոտել է ընտրություններ կոչված ֆարսը: Այնքան, որ նույնիսկ պաշտոնական թվանկարչությունը չի կարողացել մասնակիցների քանակը գոնե կեսի հասցնել, իսկ ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հազիվ 14 տոկոսը:

Խորհրդարանը «թարմացել է» ընդամենը 30 տոկոսով: Միլլի մեջլիսի պատգամավոր է ընտրվել միայն մեկ ընդդիմադիր՝ RaAl  շարժման ներկայացուցիչ Էրքին Գադիրլին: Մի շարք, հատկապես հարավային շրջաններում քվեարկությունն անցել է փաստացի արտակարգ դրության պայմաններում: Այս համապատկերին ալիեւյան քարոզչությանն այլ բան չի մնացել, քան դիտորդների ուշադրությունը հրավիրել «ավելի քան 10 ընտրատարածքներում վերահսկողություն չունենալու» վրա:

Խոսքն Արցախի եւ հարակից շրջանների մասին է: Ընդ որում, Բաքվում խիստ նյարդայնացած են, որ Միլլի մեջլիսի խայտառակ ընտրություններին կհաջորդեն Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները: Բանն այն է, որ ավանդաբար միջազգային կառույցներն առանձնացնում են Արցախում ընտրությունների ազատությունը եւ թափանցիկությունը՝ ի հակակշիռ Ադրբեջանի: Ալիեւյան քարոզչությունը փորձում է նախապես բացասական ֆոն ձեւավորել արցախյան ընտրությունների շուրջ: Բոլոր տարբերակները մատնված են անհաջողության, մնացել է սպառնալիքը: Լրատվամիջոցներից մեկը երեւակայում է, որ եթե «հայերը չօգտագործեն խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունը, բացառված չէ, որ հաջորդ անգամ Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունների տեղամասեր կբացվեն ոչ միայն Խանքենդիում, այլեւ Իրավանում»: 

Սա արդեն հուսահատության աղաղակ է: Բաքվում ընտրությունների «մրցակցության» մակարդակն իջեցրել են մինչեւ փողոցային բարեկարգումների խոստումների մակարդակ: Քաղաքական բանավեճ չի ընթացել հատկապես ԼՂ կարգավորման շուրջ: Իշխանությունն այդ հարցում հայտնվել է ցայտնոտի մեջ եւ հասկանում է, որ Արցախում եւս մեկ ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը չի կարող չարժանանալ միջազգային դրական արձագանքի: Մեծ է հավանականությունը, որ Ալիեւը կարող է եւս մեկ արկածախնդրության գնալ՝ Արցախի ընտրություններին ընդառաջ սրելով իրավիճակը շփման գծում: