Արմենը պետք է տարբերվեր իր որոշ գործընկեր դուրսպրծուկներից

Արմենը պետք է տարբերվեր իր որոշ գործընկեր դուրսպրծուկներից

Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքերը, թե սյունեցի համայնքապետերը ջոկատներ չեն կազմել եւ չեն կռվել, անհեթեթություն է անվանում։ Հիշեցնենք, որ Խաչատրյանն ասել էր․ «Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: Սակայն դա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու գնային պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել: Որեւէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ, ու դրա անհրաժեշտությունը չկար: Դուք որեւէ համայնքապետի տեսե՞լ եք, որ ադրբեջանցու դեմ պայքարի»։

Հունան Պողոսյանին հարցրինք՝ ճի՞շտ է ասում Խաչատրյանը, չէ՞ որ ինքն այդ ժամանակ մարզպետ է եղել, համայնքապետերը չե՞ն կռվել։ «Հիմա Դուք ուզում եք, որ ես անհեթությո՞ւն մեկնաբանեմ։ Դա, իհարկե, անհեթեթություն է, կարծում եմ՝ Արմենն էականորեն պետք է տարբերվեր իր որոշ գործընկեր դուսրպրծուկներից՝ կարծիք հայտնելուց առաջ, որովհետեւ ոմանք, պատեհ-անպատեհ, կարծիք են հայտնում, հետո իրենք էլ, իրենց քաղաքական թիմն էլ հայտնվում են վատ վիճակի մեջ, բայց Արմենը որոշակի անցած ճանապարհ ուներ, կարծում եմ՝ նման բաներ պետք է չասեր։ Դուք եթե նայեք իմ հրաժարականի խոսքը, այնտեղ ես շնորհակալություն եմ հայտնել բոլոր համայնքի ղեկավարներին եւ ոչ միայն, այդ թվում նաեւ վարչական շրջանների եւ խոշորացված համայնքների ղեկավարներին։ Ասեմ ավելին՝ ոչ միայն ջոկատներ են կազմել, ոչ միայն ջոկատներով են մասնակցել, այլեւ թիկունքային աշխատանքներ են ապահովել։ Այնտեղ մենք շատ մարդ ենք տեսել, հասկանո՞ւմ եք, տարբեր պաշտոնյաներ։ Մի մասն օրինակելի, հարգանքի արժանի վարքագիծ ու պահվածք է դրսեւորել, մի մասը, ցավոք սրտի, այնպիսի վարքագիծ է դրսեւորել, որ միայն նողկանք ու զզվանք է առաջացնում։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր համայնքների ղեկավարներին, ապա նրանք, կրկնում եմ, ոչ միայն առաջնագծում են եղել, այլեւ թիկունքն են ապահովել։ Ֆիզիկապես այնքան ծանրաբեռնված էինք, որ չէինք էլ հասցնում տեսնել, թե ով ինչով է զբաղված։ Տղերքի աշխատանքը, կարծում եմ, օրերը կգան, եւ բոլորը կխոսեն այդ օրերին հատկապես Սյունիքի մարզում կատարված աշխատանքների մասին։ Ես հպարտ եմ, որ այդ տղերքի հետ աշխատել եմ»,- ասաց Պողոսյանը։

Նախկին մարզպետին հարցրինք․ իր կարծիքով՝ նման հայտարարությունները չիմացությա՞ն հետեւանք են, թե՞ կոնկրետ նպատակի համար են արվում։ «Ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ դա, իմ կարծիքով, անհեթեթություն է, եւ, իմ կարծիքով, Արմենը որոշներից էականորեն պետք է տարբերվեր, որովհետեւ ինչ-որ ճանապարհ ունի անցած։ Թե ինչու է ասել, դա մենակ ինքը գիտի»,- պատասխանեց Պողոսյանը։