Եթե այս դեպքը լիներ նախկինների ժամանակ` ԱՄՆ դեսպանատունը հազար ամբիոնից կխոսեր դրա մասին

Եթե այս դեպքը լիներ նախկինների ժամանակ` ԱՄՆ դեսպանատունը հազար ամբիոնից կխոսեր դրա մասին

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման դեպքի մասին ապրիլի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել էր նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը. «Այդպիսի դրվագներ կարելի է միայն լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձանցից։ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից Սամվելը որեւէ վնասվածք չի ստացել։ Երբ դեպքի մասին տեղեկացել եմ, անմիջապես իջել եմ Դատաբժշկական փորձաքննության կենտրոն, ուր Սամվելին բերեցին, ես նրան տեսա իր տաբատի ծնկների հատվածում թարմ խոտի տեղերն էին, դեմքի ճակատային հատվածն ուռած էր, աջ ձեռքը ուռած էր, ձախ քունքը վնասված էր, ուսն ու ձեռքն էր քերծված»,- նշեց նա։

Ակտիվիստ Տաթև Արցախը, ով ամիսներ առաջ անհնազանդության ակցիաներ իրականացնելու կոչերի համար ևս կալանավորվել էր, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային ասում է.

«Սամվելին խոշտանգելով այս իշխանությունը մեզ ուզում է ասել` կամ ձայններդ կտրեք, մենք պիտի հայրենիք հանձնենք, իսկ դուք լռեք, բայց դուք եթե հանկարծ մեզ քննադատեք, ասեք` վիժվածք եք, մենք ձեզ կդատենք, դրան գումարած կխոշտանգենք: Օրինակ, ինձ փորձում էին դատելով լռեցնել, Սամվելին խոշտանգում են, վաղը մեկ ուրիշին կարող են խոշտանգելով սպանել: Ամեն ինչ սրանցից սպասելի է: Եթե կար մի ժամանակ, որ ուղղակի բանտերում մարդկանց մահվան էին հասցնում, ինչպես օրինակ` Արմեն Գրիգորյանի դեպքում եղավ, հիմա արդեն բանտ տանող ճանապարհին կխոշտանգեն: Նիկոլ Փաշինյանը փրփուրը բերանին խոսում է ժողովրդավարության մասին, իսկ ես կասեմ հետևյալը` Հայաստանի երրորդ Հանրապետությունը երբևէ այսքան քաղբանտարկյալներ չի ունեցել` որևէ իշխանության ժամանակ: Մեր սահմանադրությունն այս իշխանությունն ամեն օր բռնաբարում է: Իբր թե ոստիկանները չեն կարողացել չիշիկը զսպել, իջել են մեքենայից, մենակ թողնելով ենթադրյալ «հանցագործին»: Օրինակ, եթե նման դեպք տեղի ունենար Ալեն Սիմոնյանի հորեղբոր տղայի հետ, հիմա քայլեր կձեռնարկեին, կբացահայտեին խոշտանգողներին: Բայց քանի որ խոսքը ընդդիմադիր տղայի մասին է, պարզ է, որ ապացույց էլ չեն գտնելու և գործ չի հարուցվելու:

Մարդուն խոշտանգում են և ոչ մի գործ այս պահին հարուցված չէ, դեռ մի բան էլ պարզվում է` Սամվելն է հանցագործ ու ինչ արվում է, տեղին է արվում: Ես անձամբ ճանաչում եմ Սամվել Վարդանյանին, նա շատ հայրենասեր տղա է, մշտապես մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, նրա սիրտը ցավում է երկրում կատարվող դեպքերի համար, անտարբեր չէ ոմանց նման: Նա այն տղան է, ով Սայաթ-Նովա փողոցում Նիկոլ Փաշինյանին ասաց, թե ով է նա իրականում: Սամվել Վարդանյանը ենթարկվում է քաղաքական բնույթի հետապնդման: Հայաստանում նսեմացված է ժողովրդավարությունը, զրո մակարդակի վրա են մարդու իրավունքները: Եթե այս դեպքը լիներ մի քանի տարի առաջ` նախկին իշխանությունների ժամանակ, օրինակ` ԱՄՆ դեսպանատունը հազար ամբիոնից կխոսեր տեղի ունեցածի մասին: Այսօր ինչ ասես տեղի է ունենում Հայաստանում, ոստիկանները զբաղված են կատեգորիկ խուլիգանությամբ, մարդկանց տեռորի են ենթարկում, բոլոր կառույցները լուռ են», - նշեց նա: