Մի օր Մերկելը կարող է մի բան ասել, մյուս օրը՝ մեկ այլ բան․ Հայրիկյան

Մի օր Մերկելը կարող է մի բան ասել, մյուս օրը՝ մեկ այլ բան․ Հայրիկյան

Ապրիլի 20-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հիբրիդային նստաշրջանին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը նաև անդրադարձել էր Ղրիմին և Լեռնային Ղարաբաղին։

«Օրենքի գերակայությունը խթանող իր աշխատանքին զուգընթաց` Եվրոպայի Խորհուրդը նաև մեծ ներդրում է կատարում միջազգային մակարդակում ավելի մեծ հուսալիություն ապահովելու մեջ՝ կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերի միջոցով: Ի հավելումն, օրինահեն կարգը պետությունների միջև խաղաղ հարաբերությունների համար առանցքային հիմքն է: Այն գնում է մեր ընդհանուր հիմնարար արժեքների դեմ, եթե պետության ինքնիշխանությունը և ամբողջականությունը կասկածի տակ է դրվում և արհամարհվում, ինչպես ականատես ենք լինում Ղրիմում և Լեռնային Ղարաբաղում: Եվրոպայի Խորհուրդը կարող է վճռական դեր խաղալ այստեղ, բայց միայն եթե Եվրախորհրդի բոլոր հաստատությունները սերտորեն համագործակցեն», - հեռացող կանցլերի խոսքերն էր մեջբերել ԵԽԽՎ պաշտոնական կայքը։

«Հրապարակ» թերթն «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրվեց․ «Ինչո՞ւ Գերմանիայի կանցլերն այսպիսի հայտարարություն արեց, ինչո՞ւ հղում արեց  պետության ինքնիշխանությունը և ամբողջականությանը, համեմատեց Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը։ Արդյո՞ք մեր կողմից դիվանագիտական թերացումը կար»։

Հայրիկյանն ասաց, որ չնայած «մենք Արևմուտքի արժեքները գնահատում ենք, դա է մերօրյա քաղաքակրթությունը, ուրիշ քաղաքակրթություն չկա, բայց չպետք է իդեալականացնենք Արևմտյան քաղաքական գործիչներին։ Մանավանդ, երբ որ նրանք մասնավոր հայտարարություններով են հանդես գալիս»։ 

Քաղաքական գործիչը հիշեցրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ (1937-40 թվականներ) Նևիլլ Չեմբըրլենի և նախկին Նացիստական Գերմանիայի կանցլեր (1934-45) Ադոլֆ Հիթլերի միջև պայմանագիրը։  

«Երբ Չեմբերլենը Հիտլերի հետ պայմանագիր էր կնքում իբրև թե հանուն խաղաղության, բայց իրականում մեծ պատերազմի սկիզբը դրեց իր անսկզբունքայնությամբ։ Կամ հետագա ժամանակներին, որ գանք, ակնհայտ է, որ Ստալինը չարագործ է, բայց նույն Արևմուտքը Ստալինի տրամադրության տակ դրեց նաև Արևելյան Եվրոպայի երկրներին՝ հանուն իրենց ասելով «խաղաղության», որն իրականում 40 տարի ձգձգեց քաղաքակրթության զարգացումը մեր երկրներում։ Հիմա Մերկելն էլ, մենք չգիտենք՝ այս պահին ինչ նկատառումներով ինչ է ասում։ Եվ, իհարկե, մեր դիվանագիտությունը չկա, դա ակնհայտ է, ինչը որ Հայաստանի հետ է կապված, Հայկական հարցի հետ է կապված։ Մենք պետք է արձանագրենք ոչ թե այսօր չկա, այլ Հայաստանի անկախության հենց սկզբից չենք ունեցել տարրական ինքնաճանաչողություն ունեցող, սեփական իրավունքներն ըստ արժանվույն գնահատող իշխանություններ։ Ո՞վ էր Ժիրայր Լիպարիտյանը․ մի շարքային միջակություն, որն ամեն քայլափոխին մտածում էր․ «Ես ինձ ինչպե՞ս պահեմ, ինչպե՞ս դրսևորեմ, որ հետո Արևմուտքում ինձ որպես դասախոս հրավիրեն, մի քանի կոպեկ փող տան»։ Եվ այդ մարդը եկել էր Հայաստան, նախագահին խորհուրդներ էր տալիս՝ «Սա պիտի ասեք», «Սա սխալ կընկալվի»։ Հետո արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ «Մեզ ագրեսոր են ասում», «Հանկարծ Նախիջևանի անունը չտանք»։ Այդ բոլորը ներսում ստեղծել են։ Պատահական չէ, որ միշտ ասում էի․ «Մենք ազգային ռազմավարություն չունենք»», - նշեց ԱԻՄ առաջնորդը։

Ըստ նրա՝ նույնիսկ այնպիսի փոխանցում ստանալուց հետո, «որ այս օրերին շատ կարևոր է, ինչպիսին էր Եվրոպական Միության կողմից ցեղասպանության ճանաչումը»։ 

«Նույնիսկ դրանից հետո ձևավորվող հայկական պետությունում չմտածեցին, որ ցեղասպանությունը դատապարտող եվրոպական բանաձևը կարող է հիմք դառնալ։ Որովհետև դու ոչ թե քո անունից ես ասում, այլ քաղաքակրթական մի մեծ կառույցի անունից, որին զուգահեռ նաև Ամերիկան էր իրեն լավ պահում Ռեյգանի ժամանակ այդ հարցում։ Մեր կիսատ-պռատ քաղաքական գործիչներն Արցախի հարցը հայտարարեցին գերխնդիր՝ մոռանալով, որ Արցախի հարցը Հայկական հարցի մի մասն է։ Հիմա ցեղասպանության ճանաչում են պահանջում այն դեպքում, երբ 1920 թվականին է Ամերիկան Վիլսոնյան իրավարար վճռով ցեղասպանություն ճանաչել և նույնիսկ նվազագույն սահմանները գծել, որոնցով, ինչպես ասում են, պետք է ցեղասպանության հետևանքերը նվազեցվեր։ Այս լույսի տակ, որ նայում ես, մի օր Մերկելը կարող է մի բան ասել, մյուս օրը՝ մեկ այլ բան։ Մեր դիվանագիտության չգործելու պայմաններում, մենք դատապարտված ենք գաղթականի աչքերով նայելու այս բոլոր իրադարձություններին», - ընդգծեց Պարույր Հայրիկյանը։              

Դիտարկմանը, որ երբևէ չէր եղել, որ Եվրոպական Միության առանձին երկրի որևէ ղեկավար այսպիսի ընդգծված կերպով տարածքային ամբողջականության հարցը բարձրացներ, ԱԻՄ ղեկավարը պատասխանեց, որ սա էլ հայկական դիվանագիտության բացակայությունն է։ 

«Ոչ թե թուլությունը, որովհետև տարածքային ամբողջականությունը բխում է նույն Արցախի շահերից, եթե դա ճիշտ ես ներկայացնում։ Իսկ տարածքային ամբողջականության մասին խոսելուց առաջ ասում ես․ «Իհարկե դուք ճիշտ եք, մի հատ նայենք՝ ո՞ր տարածքների մասին է խոսքը, հստակեցնենք։ Դուք Ստալինի՞ գծած սահմաններն եք ճիշտ համարում, ուրեմն Արևելյան Եվրոպայի երկրները, Գերմանիան թող անջատվեն, Արևելյան Եվրոպայի երկրները դարձյալ հայտնվեն Ռուսաստանի ձեռքի տակ, անկախ պետությունները վերանան, տարածքային ամբողջականություն»։ «Իսկ եթե դու ոչ թե Ստալինի գծած սահմաններով ես առաջնորդվում, այլ միջազգային իրավունքով, ապա արի՛ վերադառնանք 1918 թվական, երբ Ադրբեջանի պետությունը ստեղծվեց, մարդկության քարտեզի վրա առաջին անգամ երևաց Ադրբեջան անունը»։ «Ի՞նչ տարածքներ ուներ այդ պետությունը, և Ազգերի լիգան ի՞նչ սահմաններ էր ճանաչում», հասկանո՞ւմ եք, որպես ՄԱԿ-ին նախորդող կառույց։ Էստեղ է, որ մեր դիվանագիտության թուլությունը կա», - ընդգծեց նա։

Ըստ նրա՝ Մերկելի հայտարարության պարագայում պետք է նկատի ունենալ, որ այսօր Արևմուտքը հակառուսական դիրքորոշում ունի։ «Տեսե՛ք, չեմ խորանում, չեմ ասում՝ առարկայական, թե ենթակայական։ Գրեթե վերադառնում ենք սառը պատերազմի շրջաններին։ Եվ այդ շրջանակներում իրենք Հայաստանին նայում են որպես Ռուսաստանի դաշնակցի, ավելի վատ, ոչ թե դաշնակցի, այլ Ռուսաստանի լաքեյի, ասում են. «Էս լաքեյն ո՞վ է, որ դրան մենք բանի տեղ դնենք»։ Իսկ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակիցն է, որը ճանապարհ է ուզում։ Վաղը կարող է չինական մերձեցում լինել։ Նայում են ստոր (ինչպես ասում են) քաղաքական շահերի տեսանկյունից։ Պետական գործիչներն իրենց համար ավելի կարևոր են համարում նախևառաջ պետութենական կոչված շահերը։ Չնայած քաղաքական կուսակցությունների հիմնական խնդիրը, Ֆրանսիական հեղափոխությունն է գրել, մարդու իրավունքներն են։ Մենք խոսում ենք ենք բացարձակ ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, բայց մեր կիսատ-պռատ քաղաքական գործիչները, կապելով աշխարհի քաղաքական գործիչներին, ա՜հ, իրենց կարծիքով հաշվարկներ են անում», - շարունակեց կուսակցապետը։ 

Հայրիկյանի խոսքերով՝ միակ բանը, որ քաղաքական գործիչները պիտի հաշվեն, իրավունքը և այդ իրավունքի ընդլայնման հնարավորությունը ճշտելն է։ «Եվ եթե մենք՝ հայերս, ուզում ենք, որ մեզ հարգեն նախևառաջ մենք մեզ պետք է հարգալի դրսևորեինք։ Դաշնակից ընտրելիս էլ չընտրեինք էնպիսի մի դաշնակից, որը ԵԽ-ի մակարդակով նույնիսկ մարդասիրական խնդիրների պարագայում քո դեմ կքվեարկի։ Եթե դու դա ես, պարզ չէ՞, որ այսօր Գերմանիայի կանցլերը, վաղը Ֆրանսիայի նախագահը, մյուս օրը Մեծ Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը մի բան կասեն՝ ի վերջո իրենց քաղաքական նկատառումներից ելնելով նաև։ Մենք այն ժամանակ էլ ենք ասել։ ԱԻՄ-ը, լինելով հայաստանյան քաղաքական ներկապնակի՝ 87 թվականից անընդմեջ գործող ամենահին կազմակերպությունը, խոսում էր ինքնորոշման մասին։ Նկատի ունենալով, որ Արցախն էլ իր ինքնորոշման իրավունքով պիտի որոշի՝ ինչ ապագա է իր համար ընտրում»։ 

«Բայց երբ որ Հայաստանի անկախության ձևավորումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ հանրաքվեի ժամանակ Արցախը հանկարծ չմասնակցեց, ես մեր իշխանությունների կողմից կազմակերպված մեծ դավադրություն նկատեցի՝ իրենց իսկ հայտարարած «Ղարաբաղ, Ղարաբաղ» կամ «Արցախը մերն է», «Միասնություն» կամ «Միացում» կարգախոսից։ ԱԻՄ-ը, գիտե՞ք ինչ էր ասում, ասում էր. «Ինքնորոշում»։ Իրենց ասում էին․ «Չէ, ԱԻ՛Մ, դո՛ւ, սխալ ես, «Միացում»»։ Կռիվ էին տալիս մեզ հետ։ Այն ժամանակ, դե, ԱԻՄ-ը քաղաքական ընդդիմության դաշտում հիմնական ուժն էր, դրանից առաջ՝ միակն ընդդեմ կոմունիստների։ Հետո հենց որ Արցախին թույլ չտվեցին մասնակցել անկախության հանրաքվեին, և դա այն պայմաններում, երբ որ Արցախը Հայաստանի պատգամավորական ընտրություններին մասնակցել էր, և աշխարհը դրա հետ համակերպվել էր, դա բնականոն էր համարել։ Ոչ ոք չէր բողոքում, թե ինչու եք արցախցիներին թույլ տվել մասնակցել Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններին։ Անգամ այն պայմաններում, որ մենք պառլամենտում ունեինք Արցախից ընտրված պատգամավորներ, հանրաքվեի ժամանակ ասում են, որ արցախցին չպետք է մասնակցի։ Եվ սկսում են տունտունիկ խաղալ՝ «Արցախը անկախություն է հռչակում», «հետո հանրաքվե է անում» և այլն։ Ամեն ինչ սկսվել է մեզնից», - ասաց քաղաքական գործիչը։
 
Բոլոր փորձանքների հիմնական պատճառը, ըստ ԱԻՄ ղեկավարի, «մենք ենք մեր տկարամտությամբ»։ 

«Այն ժամանակ մենք ցույցեր էինք անում, ասում էինք․ «Եթե Արցախը Հայաստանի կազմում չեք ճանաչում, գոնե արագ ճանաչեք Արցախի անկախությունը։ Դրա վիդեոներն ունենք, տասնյակ տեսաժապավեններ ունենք։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այն ժամանակ արտգործնախարար էր, ու մենք կարծում էինք՝ գոնե ինքը կհասկանա։ Այսինքն, «կամ Արցախը ճանաչում եք Հայաստանի կազմում դե ֆակտո, որ դե յուրե կայացել էր Սովետական օրենքներով, կա՛մ էլ եթե Արցախը Հայաստանի կազմում չեք ընդունում, ճանաչեք նրա անկախությունը»։ Ո՛չ նա արեցին, ո՛չ նա։ Կիսատպռատական, լակոտական, գործակալական մոտեցում։ «Գործակալական» ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գործակալն իրավունք չունի որոշակի բան հայտարարելու, ինքը էնպես պետք է խոսի, որ վաղը եթե տերը մի բան ասի, կարողանա տիրոջ ասածին հարմարվել», - նշեց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդը։

Ըստ նրա՝ «պատահականություն չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվականին ասում էր ծրագիր չունեմ։ 

«Ասում էր․ «Իմ ծրագիրը Մոսկվայից են ասելու, ես ո՞վ եմ, որ ծրագիր ունենամ»։ Բայց էդ գյադային թույլ տվեցին դառնալ նախագահ։ Ես գյադա նկատի ունեմ հենց էս մասով։ Եվ դա ունեցավ իր բոլոր բացասական հետևանքները՝ հետո ծրագիր չունենալով, Արցախի ինքնորոշմանը խփելով։ Ռոբերտ Քոչարյանը Արցախի ինքնորոշման խորհրդանիշն էր, առաջին ընտրված նախագահը, նրա բերում է վարչապետ։ Եթե դու Հայաստանը գերակա ես համարում, ազդարարեիր, մենք այդ ուղղությամբ պայքարեինք, մեկ է, վնասը կրեցինք։ Այսինքն, սկզբունքայնության, հետևողականության և նաև դրանց հետ կապված նպատատակասլացության բացակայությունը պիտի անպայման հանգեցներ այս ողբերգական հետևանքներին», - եզրափակեց Հայրիկյանը։