«Google Classroom»-ը եւ «Microsoft Teams»-ը ուսուցիչների համար կլինեն կամավոր վերապատրաստման դասընթացներ

«Google Classroom»-ը եւ «Microsoft Teams»-ը ուսուցիչների համար կլինեն կամավոր վերապատրաստման դասընթացներ

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, առցանց դասավանդման հմտությունների զարգացման նպատակով, e-school Armenia նախագծի շրջանակում սկսում է դասընթացներ՝ «Google Classroom» եւ «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ։ Համաձայն նախարարության հիմնավորման, գրանցվելով այս դասընթացներում՝ ուսուցիչները հնարավորություն կունենան ոչ միայն դիտել տեսադասերը, այլ նաեւ մասնակցել վեբինարներին եւ լրացնել գիտելիքների ստուգման թեստ։ 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն ասում է, որ կա եւս մի դասընթաց, որը վերաբերում է մանկավարժությանը, դա «Ուսումնառության համընդհանուր ձեւավորումն» է։ Պողոսյանը նշում է՝ այս 3 դասընթացներն էլ մշակվել են դեռեւես մարտ ամսից, երբ դպրոցները համընդհանուր հեռավար կրթության անցան։ «Մենք ուսումնասիրություններ արեցինք եւ հասկացանք, որ մեր շատ ուսուցիչներ ունեն հմտությունների զարգացման, ուսումնառության տարբեր հարթակներում աշխատելու կարիք։ «Microsoft Teams»-ի հետ կապված՝ մենք ունենք բոլոր լիցենզիաները, որոնք դպրոցներին տրամադրվելու են ամբողջությամբ անվճար։ Ուսուցիչների համար արդեն իսկ ստեղծված են հաշիվներ, եւ նրանք դա կարող են հանգիստ օգտագործել։ Մենք սպասում էինք կոմպլեկտավորման ավարտին, որպեսզի դպրոցները երեխաներին ընդունեին դպրոց։ Այդ պրոցեսից հետո, մոտակա 1-2 օրվա ընթացքում, մենք հաշիվներ կտրամադրենք նաեւ աշակերտներին։ Սկզբում մեկ ամսվա կտրվածքով արվելու են վեբինարներ, հետո եւս մեկ ամսով դրանք կշարունակենք»,- ասում է նա ու նկատում, որ թեպետ «Microsoft Teams»-ը շատ վաղուց արդեն պատրաստ է եղել, բայց չեն պարտադրել ուսուցիչներին, որովհետեւ դա կբերեր նրան, որ պրոցեսը կկանգներ․ «Մենք ազատ թողեցինք, որպեսզի ուսուցիչներն օգտագործեն բոլոր այն գործիքները, որոնք կարող են օգտագործել, եւ որն իրենց հարմար է։ Հիմնականում նրանք օգտագործեցին Զումը, Վայբերը, Մեսինջերը, նույնիսկ հեռախոսով ուղղակի հանձնարարում էին տնայինները եւ հետո ստուգում։ Բայց արդեն այն ժամանակ որոշում կար՝ ստեղծել որեւէ միասնական պլատֆորմ, որը հետագայում նաեւ, որպես մոնիթորինգի գործիք, կկարողանայինք օգտագործել»։

Այս պահի դրությամբ մոտ 1500 ուսուցիչ արդեն գրանցվել է «Google Classroom» եւ «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի դասընթացներում։ Այս վերապատրաստումներից հետո ուսուցիչները կհանձնեն նաեւ քննություն, բայց, ըստ Պողոսյանի, դա չի լինելու խիստ քննություն, այլ՝ թեստային առաջադրանքներ եւ գործնական աշխատանքներ, որպեսզի համոզվեն, որ ուսուցիչը յուրացրել է որոշակի գիտելիք։ «Առանձին լինելու են ե՛ւ թեստային, ե՛ւ գործնական աշխատանքներ։ Դասընթացի ավարտին ուսուցիչը պետք է որոշակի հանձնարարություններ ստանա, կատարի դրանք, որից հետո կստանա նաեւ հավաստագիր, որն էլ կվկայի, որ ինքը տիրապետում է այդ հմտություններին»,- ասում է Պողոսյանն ու հավելում, որ դրանք կամավոր վերապատրաստման դասընթացներ են եւ պարտադիր բնույթ չեն կրում։ 

Արդյոք այս վերապատրաստումներն ինչ-որ ձեւով ազդելո՞ւ են նաեւ ուսուցիչների ատեստավորման վրա, ԿՏԱԿ-ի տնօրենն այս պահին չունի նման ինֆորմացիա․ «Չեմ կարող ասել՝ արդյոք դրանք կհամարվե՞ն որպես նախաատեստավորման պարտադիր վերապատրաստումներ, թե՞ ոչ, բայց ինքը պարտադիր չէ, ազատ դրված է, եւ ուսուցիչներն իրենց կամքով են միանալու ու սովորելու»։    

Այս ծրագրերը յուրացնելու հետ կապված՝ ուսուցիչներն արդեն ունեն մտավախություններ։ Նրանցից շատերն այս ընթացքում հազիվ են յուրացրել Զումը, իսկ այս համակարգերը թեպետ ավելի հարուստ են, բայց մատչելի չեն ավագ սերնդի ուսուցիչների համար։ Որքանո՞վ է իրատեսական, որ ուսուցիչները կկարողանան յուրացնել այդ ծրագրերը։

«Այդպես չէ, Զումն ընդամենը առցանց համաժամանակյա տեսակապի միջոցով դասավանդում է ենթադրում, այդ գործիքը կա նաեւ «Microsoft Teams»-ում եւ կա նաեւ «Google Classroom»-ում։ Իհարկե, այս ծրագրերը հարուստ են եւ ավելի շատ գործիքներ ունեն, բայց դրանց ուղեցույցներն ազատ, բաց դրված են Յութուբում, եւ պարզ բացատրված են այն հիմնական գործիքները, որոնք պետք է օգտագործեն, օրինակ՝ ինչպես ստեղծեն դասարան, ինչպես ստանան հանձնարարություն։ Բոլորովին մտահոգվելու խնդիր չկա, մեկ անգամ օգտագործելով կտեսնեն, որ շատ հարմար է»։    

Ինչ վերաբերում է հարցին՝ այդ ծրագրերից օգտվելը հեռավարի ժամանակ պարտադի՞ր է լինելու, թե ոչ, ապա․ «Պետությունը հիմա ոչ թե հեռավար ուսուցման դասընթացները թողել է ուսուցիչների վրա, այլ կազմակերպում է կենտրոնացված։ Այն երեխաները, որոնք ռիսկի տակ են գտնվում, իրենց համար կազմակերպվելու են կենտրոնացված հեռավար դասընթացներ։ Իսկ հետագայում ուսուցիչները եթե իրենց առօրյա գործունեության մեջ ցանկություն կունենան օգտագործել «Microsoft Teams»-ը կամ «Google Classroom»-ը, դա կորոշեն հենց իրենք, բայց «Google Classroom»-ը միայն որոշակի մի հատվածով է անվճար, իսկ «Microsoft Teams»-ն ամբողջությամբ անվճար է»։  

Այս օրերին ուսուցիչներին մտահոգում է նաեւ այն հարցը, թե թեմատիկ պլանների մուտքագրումը երբ կբացվի դպրոցների համար, ինչին ի պատասխան՝ Ա․ Պողոսյանը նշեց, որ թեմատիկ պլաններն ու մատյանները հիմա համապատասխանեցվում են նոր պահանջներին, շուտով դրանք կբացվեն ուսուցիչների համար, եւ նրանք կկարողանան օգտագործել դրանք․ «Էլեկտրոնային մատյանները ստեղծված են, նախորդ կիսամյակում ուսուցիչներն օգտագործել են դրանք, բայց որպեսզի նրանց գործն ավելի հեշտացնենք, շուտով իրենց համար կբացվի հատված, որտեղ մեկ անգամ իրենց թեմատիկ պլանները կներբեռնեն եւ այլ՝ մասնավորապես թղթային տարբերակով թեմատիկ պլանները պահելու պարտավորությունից էլ կազատվեն, եւ դրանք կարտահայտվեն էլեկտրոնային մատյաններով։ Միեւնույն է՝ այդ թեմատիկ պլանները պետք է անեն, ուղղակի այս անգամ կանեն էլեկտրոնային, եւ այն կպահպանվի անընդհատ։ Ամեն դեպքում՝ գործն ավելի կհեշտանա իրենց համար»։