«Երիտասարդացող» կոռուպցիա

«Երիտասարդացող» կոռուպցիա

Կոռուպցիան այն թեման է, որի վրա ցանկացած պոպուլիստ՝ կառավարություն թե քաղաքական գործիչ, սկզբում սովորաբար կայանում է, հետո, որպես օրինաչափություն՝ սայթաքում։ Մեր թավշյա կառավարությունն իր առաջնորդով, բնականաբար, բացառություն չէ։

Երբ նոր-նոր իշխանության եկած վարչապետը հայտարարեց, թե՝ վերջ, Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա՝ վկայաբերելով սեփական ազնվությունն ու անկաշառությունը, շատերը քմծիծաղեցին․ վարչապետը սոսկ մի հայտարարությամբ «վերջ» էր տվել մի երեւույթի, որ համավարակի պես ստեպ-ստեպ մարում-բռնկվում է նույնիսկ ամենաժողովրդավարական ու զարգացած երկրներում։ Կոռուպցիայի վերջն ազդարարելով՝ Ն․ Փաշինյանը ելնում էր այն կանխավարկածից, թե այդ երեւույթը համագոյակից է հին ռեժիմին, հետեւաբար, եթե պետությունն ազատվում է հին ռեժիմից ու նրա դեմքերից, ինքնաբերաբար ազատվում է նաեւ կոռուպցիայից։ Հին ռեժիմ ասելով՝ նոր իշխանությունը հիմնականում նկատի ուներ նրա այն փորձառու դերակատարներին, որոնց դեպքում կոռուպցիան նաեւ որոշակի հասուն տարիքով էր «ներկայանում»։ Ահա թե ինչու, կարծում ենք, որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր զենք՝ մեզանում որդեգրվեց կառավարման համակարգը երիտասարդ, ոչ փորձառու, բայց նաեւ կոռուպցիոն ձեռնածություններում անփորձ եւ հնարավոր գայթակղություններին ազնվությամբ «դիմակայող» կադրերով համալրելու քաղաքականությունը։ Եվ սկսվեց նրանց հախուռն ներառումը կառավարման ոլորտ․ շատ արագ կառավարման համակարգը լցվեց, նույնիսկ հագեցավ անփորձ-երիտասարդ կադրերով։ Թվում էր՝ Ն․ Փաշինյանի նպատակը՝ կոռուպցիային վերջ դնել փաստացիորեն, շուտով իրականություն է դառնալու։ 

Նոր իշխանությունը, սակայն, հաշվի չէր առել կոռուպցիա կոչված ախտի՝ ըստ հարկի եւ ըստ հանգամանքների մուտացիայի ենթարկվելու հատկությունը, որը մեր դեպքում արտահայտվեց ոչ այլ կերպ, քան նրա «երիտասարդացմամբ»։ Կոռուպցիան շատ արագ թաքնվեց հավանական «զոհի» երիտասարդ լինելու հանգամանքի ետեւում եւ առժամանակ ապահովեց իր ալիբին։ Բայց դա, բնականաբար, կարճ տեւեց, եւ հանրությունը շուտով սկսեց իրար հետեւից տեղեկանալ այս կամ այն կոռուպցիոն սկանդալի մասին, ընդ որում՝ այդ ախտը քանի գնում՝ ավելի ու ավելի բարձր աթոռներ էր նվաճում՝ ընդհուպ վարչությունների պետեր, գերատեսչությունների ղեկավարներ, փոխնախարարներ։ Եվ երբ այս անմխիթար փորձառությունն արդեն իսկ ետեւում ունենալով՝ երկրի վարչապետը պատանեկան համառությամբ հայտարարում է, թե «Ղալաթ կանի մեկը, ով կասի՝ այս կառավարությունը կոռումպացված է», հստակ հասկանում ես, որ շուտով կոռուպցիայի զոհերի մեջ կհայտնվեն ավելի բարձր պետական չինովնիկներ, քան փոխնախարարն է։ Մանավանդ որ՝ փոխնախարարն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ կառավարություն։

Օրերս, ահա, մամուլը գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նախարարի կարգավիճակով մի երիտասարդի մասին, որի շուրջ, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ԵՏՀ-ում սկանդալ է հասունանում։ 2018 թ. հեղափոխությունից հետո վարչապետ Ն․ Փաշինյանի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ապա՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019 թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ եւ չարաշահումներ կատարելու մեջ։ «Հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ,- գրում է «Փաստինֆոն»,- ԵՏՀ կոլեգիայի նախագահ Մ․ Մյասնիկովիչի հանձնարարությամբ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման եւ տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։

Ըստ տեղեկությունների, քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որոնց՝ Գ․ Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա»։
Ահա այսպես՝ կոռուպցիայի վտանգավոր ոլորաններում սայթաքել կարող է ով ասես, եւ այնտեղ ամեն բան միանշանակ չէ․ կոռուպցիայից չի փրկում նույնիսկ այնպիսի ռոմանտիկ բան, որպիսին երիտասարդությունն է։

«Եվ ուրեմն»՝ ուրիշ, ռոմանտիկայից հեռու՝ ավելի գործնական բան մտածեք, պարոնա՛յք իշխանավորներ։ Եվ ինքներդ էլ զգույշ եղեք, որովհետեւ ոչ ոք ապահովագրված չէ այդ մեծ «ղալաթից»։