Պետական գույքի հետ կապված՝ 183 քրեական գործ է հարուցվել

Պետական գույքի հետ կապված՝ 183 քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունը 183 քրեական գործ է հարուցել համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման արդյունքում։ Խոսքը վերաբերում է 2019 եւ 2020 թթ․ ընթացքում հարուցված քրեական գործերին, որոնցից 75-ը հարուցվել է 2019-ին, 108-ը՝ 2020 թ․ հունվարի 1-ին կիսամյակում։
Ըստ դատախազության կատարած վերլուծական աշխատանքի՝ նշված ժամանակահատվածում հարուցված ընդհանուր 183 քրեական գործերից 105-ը վերաբերել է անշարժ գույքի օտարման գործընթացում արձանագրված չարաշահումներին, իսկ 78-ը՝ վարձակալության կամ ենթավարձակալության։

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես սխեմատիկ հանցավոր դրսեւորումներ՝ առավել տարածված է եղել օտարման ենթակա գույքերը ձեւական աճուրդներով կամ մրցույթներով իրացնելը։ Մասնավորապես, մրցույթները կամ աճուրդները կրել են ձեւական բնույթ, մրցույթի կամ աճուրդի երկրորդ մասնակիցը ձեւական է մասնակցել մրցույթին՝ ապահովելու նախապես որոշված մասնակցի հաղթանակը։

Հանցավոր սխեմայում տեղ են գտել նաեւ այնպիսի ապօրինություններ, երբ համայնքապետի (քաղաքապետի) անձնական շահագրգռվածությամբ համայնքին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողատեսքերը ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավար աշխատակցի անմիջական մասնակցությամբ, առանց իրավական որեւէ հիմքի, փոխվել են գյուղատնտեսականի, ինչի արդյունքում դրանք աճուրդի միջոցով օտարվել են անհամեմատ ցածր գնով (օրինակ՝ մի դեպքում 453.949.600 ՀՀ դրամի փոխարեն հողամասն օտարվել է 712.400 ՀՀ դրամով):

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքների մասով հիմնական պատասխանատու անձինք համայնքապետերն են՝ գյուղապետեր, քաղաքապետեր, բայց նաեւ կարող են լինել այլ պաշտոնյաներ, օրինակ՝ մարզպետներ, կադաստրի պետեր եւ այլն։ Ու թեեւ քրեական գործերը հարուցվել են 2019-2020 թթ․, սակայն Ն․ Բաբայանն ասաց, որ առերեւույթ չարաշահումներն ու կոռուպցիոն գործարքները տեղի են ունեցել ավելի վաղ՝ նախորդ իշխանության տարիներին, եւ իրենք են վերջին երկու տարում կատարած ուսումնասիրությունների արդյունքում դրանք հայտնաբերել ու փոխանցել դատախազությանը, վերջինս էլ դրանց հիման վրա քրեական գործեր է հարուցել։