Ադրբեջանական «բարոյականություն»

Ադրբեջանական «բարոյականություն»

Նոր կորոնավիրուսի սպառնալիքի հանդեպ քաղաքակիրթ աշխարհը, գոնե առերեւույթ, մի կողմ է թողել տարաձայնությունները: Երկրները միմյանց օգնության ձեռք են մեկնում: Իրավիճակի հետ կապված հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ սրացման տանող քայլերից: Ինչ-որ առումով դա ջանքերը համատեղելու հորդոր է: Բայց Ադրբեջանն իր «բարձրության» վրա գտնվեց նաեւ այս անգամ: Բաքվի լրատվամիջոցները տարածել են այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւի հայտարարությունը, որտեղ նա հավաստիացնում է, թե անցած օրերին իրեն են դիմել մի քանի արցախցիներ եւ բողոքել առողջապահական ենթակառուցվածքների անկատարությունից, դեղամիջոցների պակասից եւ որ «Հայաստանի եւ տեղական իշխանությունները բնակչությունից թաքցնում են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը»:

Ոչինչ չես ասի, սա ադրբեջանական «բարոյականության» եւս մի ցցուն դրսեւորում է, երբ փորձ է արվում իրավիճակը ծառայեցնել քաղաքական նպատակների: Եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանում օրենքով գրաքննություն է մտցված, վերահսկվում են նաեւ սոցիալական ցանցերը, որպեսզի կորոնավիրուսի հետ կապված անցանկալի որեւէ տեղեկատվություն չտարածվի: Գյանջալիեւի այս հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանը նույնիսկ համաճարակի տարածման սպառնալիքի դեպքում շարունակում է հակահայկական քարոզչությունը: Արցախի ԱԳՆ-ն պարտավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ իրազեկել Գյանջալիեւի սադրիչ քայլի մասին եւ պահանջի վերջ տալ այդ անցանկալի անձի հետ շփումներին: