«Մաքուր էջը» եւ հեղափոխության մակաբույծները
Քաղաքական շա՞հն է առաջնային, թե՞ պետականության լեգիտիմությունը: Թերեւս, սա է արցախյան իրականության գլխավոր երկվությունը: Վիճակը նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն է նետել՝ հայտարարելով, որ վերջին երեսնամյակում մենք առաջին անգամ ազատ կամարտահայտության հնարավորություն ունենք: Մայիլյանն Արցախի արտգործնախարարության երկարամյա աշխատակից եւ այս պահին ԱԳՆ ֆորմալ ղեկավարն է: Ըստ էության, նա իրեն նման ձեւակերպում թույլ չպիտի տար, քանի որ դրանով զրոյացնում է Արցախի պետականության նախընթաց շրջանը, հռչակում «մաքուր էջից» սկսելու նպատակադրվածություն:
Թվում է, մամուլը, փորձագետներն ու քազտեխնոլոգները պետք է Մայիլյանին կշտամբեին՝ սեփական ընտրարշավի հաջողությունը պետականության լեգիտիմությանն ստորադասելու համար, բայց գործ ունենք լրիվ հակառակ իրավիճակի հետ: Նրա այդ ձախավեր միտքը լրագրողական որոշակի շրջանակներ ոչ միայն գեներացնում, այլեւ գունազարդում են սեփական դատողություններով եւ եզրահանգումներով, որ, ի վերջո, հանգում են մի բանի՝ Արցախում ընտրությունները կճանաչվեն ազատ, մրցակցային եւ արդար, եթե հաղթանական տոնի Մասիս Մայիլյանը:
Ընդ որում, բաց կամ նրբաքողարկված ձեւով իրավիճակ է ուրվագծվում, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն օրերս Արցախում էր «հետախուզության» համար, ըստ երեւույթին նրան չի հաջողվել հիմնավորել Երեւանի ակնկալիքները: Եւ ահա ծագել է վարչապետ Փաշինյանի ուղղակի ներգրավվածության անհրաժեշտություն՝ ԱԽ քարտուղարին երկու օրով Ստեփանակերտ գործուղելու տեսքով: Ստեփանակերտում կայուն տպավորություն կա, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նախագահի պաշտոնում առաջ է մղում իր հովանավորյալ թեկնածուին՝ Մասիս Մայիլյանին: Հիշյալ լրատվամիջոցն իր հերթին երբեք չի թաքցրել Մայիլյանի նկատմամբ համակրանքը:
Եւ եթե իրավիճակը գնահատելու լինենք այս տիրույթում, ապա կստացվի, որ հանրությանը բաց ազդակ է հղվում, որ Հայաստանի ԱԽ քարտուղարը գործուղվել է Ստեփանակերտ, որպեսզի Մասիս Մայիլյանի համար հնարավորինս կոմֆորտ իրավիճակ ստեղծվի: Ընդսմին, նույն լրագրողական շրջանակները միանշանակ պնդում են, որ նախկինում Արցախի նախագահի հարցը լուծվել է Երեւանում: Իսկ ի՞նչ է փոխվում, եթե քվեարկությունից մի քանի օր առաջ Հայաստանի ԱԽ քարտուղարը գործուղվում է Ստեփանակերտ՝ ի աջակցություն նախագահի թեկնածուներից մեկի: Ի՞նչ տարբերություն, նախասիրությունը Երեւանու՞մ է արտահայտվում, թե՞ Ստեփանակերտում: Էական է, որ, եթե հիշյալ լրատվամիջոցի դիտարկումը հիմքեր ունի, Արցախի նախագահի տասնչորս թեկնածուներից մեկն առանձնացվում է: Հանուն ինչի՞: Ամեն ինչ «մաքուր էջից» սկսելու «հեղափոխական ռոմանտիզմի՞»: Բայց այդ դեպքում Արցախի երեսնամյա պետականության լեգիտիմությունն է կասկածի տակ դրվում: Պետք է հուսալ, որ նման հեռանկարը զուտ լրագրողական երեւակայության արդյունք է, եւ պաշտոնական Երեւանը կցուցաբերի կայուն չեզոքություն: Հակառակ դեպքում Արցախը հեղափոխության մակաբույծների փորձադաշտի կվերածվի՝ դրանից բխող անվտանգային եւ քաղաքացիական դիմակայության սպառնալիքներով հանդերձ։
Կարծիքներ