Դա այն էլիտայի ներկայացուցիչներն են, որից շատ էր վախեցած պարոն Փաշինյանը

Դա այն էլիտայի ներկայացուցիչներն են, որից շատ էր վախեցած պարոն Փաշինյանը

Այսօր՝ ժամը 15։00-ին «Հայ ազգային գվարդիա» ՀԿ նախագահ Արշակ Զաքարյանը նախատեսել է հանրահավաք՝ «Հայահավաք» անունով։ Երեկ Հայ ազգային գվարդիան և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ստորագրեցին համախմբման հուշագիր՝ Հայ ազգային ճակատը, «Ձայն հայրենյաց»-ը, Մտավորականների խորհուրդը և Կոմանդոսի Խորհուրդը։ Զրուցեցինք Մտավորականների խորհրդի անդամ, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ օրակարգ ունի համախմբումը:

«Միանշանակ կարող եմ ասել, որ դա այն էլիտայի ներկայացուցիչներն են, որից շատ էր վախեցած պարոն Փաշինյանը, այսինքն՝ հայ ժողովրդի մտավորական մասը որոշել է, որ անհրաժեշտ է միավորվել և դիմագրավել այն ամենին, ինչն ինքը փորձում է անել մեր երկրի դեմ։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ մենք միասնական ուժերով իսկապես կարող ենք այնպիսի ծրագրեր մշակել, որոնք ապագային են ուղղված և այս ծայրագույն իրավիճակից երկիրը դուրս բերելուն, և այդ ծրագրերը, իհարկե, պետք է իրականացվեն, իսկ դրա գլխավոր խանգարողը այսօրվա դրությամբ հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը, դրա համար մեր ուժերի ջլատումը պետք է վերանա, պետք է բոլորը միավորվեն, և մեր գլխավոր նպատակը հենց դա է՝ միասնական ուժերով մեր երկրին տեր կանգնենք։ Երրորդ հարց այն է, որ մենք հասկանում ենք, որ այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը, հատկապես այս տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ այդպես է։ Արդեն իսկ մենք տիրապետում ենք, թե Թուրքիան ու Ադրբեջանն ինչպիսի ծրագրեր են մշակում` այս տարածաշրջանում իրենց գործողությունները սկսելու։ Փետրվարի 1-12-ի այդ զորավարժություններն ուղիղ նշան են դնում Հայաստանը, դա միանշանակ է, և արդեն քարտեզի վրա են մեր տարածքները նշվում։ Այնպես որ այս վիճակում մենք չենք տեսնում ադեկվատ քայլեր կառավարության կողմից և մենք փորձելու ենք որպես և՛ հասարակական, և, ինչու ոչ, նաև քաղաքական ուժերի միավորումը իրականացնել։ Այդ «բրոունյան շարժումը», որ այսօր հանրապետությունում կա՝ ցաքուցրիվ խմբերում, ամեն մեկը փորձում է առաձին-առանձին ինչ-որ քայլեր անել․․․։ Վերջապես պետք է բոլորը միավորվեն, և դառնա հստակ, ամբիցիաներից հեռու, պատասխանատվության լուրջ զգացումով համակված մարդիկ պետք է որոշեն, թե ինչպես անել»,- պատասխանեց Սարգսյանը։ 

- 16 կուսակցությունները հստակ ասում են, որ ունեն վարչապետի թեկնածու՝ Վազգեն Մանուկյանը, և փորձում են հասնել նրան, որ Մանուկյանը դառնա անցումային վարչապետ։ Համախմբումն աջակցո՞ւմ է այս օրակարգը։

- Մեր բոլորի գլխավոր նպատակը նույնն է, որևէ տարաձայնություն այստեղ չկա, բոլորս պահանջում ենք այսօրվա իշխանությունների հրաժարականը։ Խնդիրը այն է, թե ինչպիսի մեթոդներով, մեխանիզմներով պետք է առաջ շարժվել։ Ես կարծում եմ, որ մեր մեջ տարաձայնություններ չեն լինի, պետք է համախմբվել և քննարկել բոլոր հարցերը, որպեսզի բոլոր քայլերը, որոնք պետք է ձեռնարկի ընդդիմությունը, պետք է միտում ունենան ամրապնդել, այլ ոչ թե վնասել մեր ազգային անվտանգությանը։ Սա այն գլխավոր հարցն է, որը մենք միշտ պետք է մեր առաջ տեսնենք, որովհետև պետության անվտանգության խնդիրը վեր է մնացած բոլոր հարցերից, և միասնական ուժերով պետք է հասնել այդ նպատակին, հետո նոր կորոշենք՝ ո՞վ, ի՞նչ, ո՞նց, ի՞նչ պատասխանատվությամբ և այլն։ Այստեղ այն աթոռակռիվը չէ, որ որոշ մարդիկ փորձում են այդ հարցը շահարկել, այդպիսի խնդիր չկա բացարձակ մեծամասնության մոտ, ովքեր ընդդիմության կազմում են։ Մենք շատ բան ենք տեսել մեր կյանքում և կարիք չունենք կամիկաձեի շոր հագնել` այդ ամբողջ ճանապարհով անցնելու։ Խնդիրն այն է, որ եթե պետության կայացման և գոյության վտանգն է, ուրեմն, իհարկե, մենք` այդ քաղաքական, հասարակական և ազգային էլիտան, պիտի միավորված մի տեղ լինի։

- Իշխանափոխության մեթոդների հետ կապված հակասություննե՞ր կան 16 կուսակցությունների հետ, Դուք ավելի կոշտ մեթոդների կողմնակի՞ցն եք։

- Ես արդյունավետ գործողությունների կողմնակից եմ, և այդ արդյունավետ գործողությունների վերաբերյալ մենք բազմակի փորձ ունենք, որը կարելի է կիրառել և այսօր, բայց հիմա հարցը հետևյալն է․ մենք հիմա ոչ թե հակադրվում ենք մեկս մյուսին, այլ հակառակը՝ ես կարծում եմ, որ բոլորը պետք է գտնեն այն համապատասխան համաձայնությունը, որը չի խանգարելու իրականացնել գլխավոր նպատակին հասնելու խնդիրը։ Մարտավարական խնդիրների առումով կարող են լինել տարբեր մոտեցումներ։

- Ձեր մոտեցումը ո՞րն է, հունվարի 28-ի հանրահավաքն ինչո՞վ  է տարբերվելու նախորդներից։

- Այդ հանրահավաքի կազմակերպիչները մենք չենք, մենք ամենաակտիվ մասնակիցներն ենք լինելու, իսկ կազմակերպիչները ավելի հստակ կարող են պատասխանել այդ հարցին։ Արշակ Զաքարյանը, որ հիմնական կազմակերպիչներից է, այդ հարցը պետք է ուղղել իրեն, բայց այն, ինչը մենք ենք պատկերացնում, թե ինչպես կարող է լինել, դա այս պահին քննարկելու հարց չէ, որովհետև պետք է տեսնել ժողովրդի վերաբերմունքը. եթե ժողովուրդն իսկապես գտնում է, որ այն, ինչ առաջարկվում է, դա է ճիշտ, ուրեմն ժողովրդի պահանջով էլ կկատարվի, իսկ եթե դա ժողովրդական պահանջ չէ, ուրեմն արդեն լրիվ այլ խնդիր է, դրա տարբերությունը պետք է հասկանալ։ Ես կարծում եմ, որ այսօր ամեն ինչ պարզ կլինի, այսինքն՝ ես նկատի ունեմ, թե ինչ քայլեր են լինելու և ինչպես պետք է իրականացվեն։ Համենայնդեպս, պահանջը մնում է մեկը՝ կա՛մ նա հեռանում է, կա՛մ ժողովրդի ճնշման տակ ստիպված է լինում հեռանալ։ Երկուսից մեկը։

- Իսկ երրորդ տարբերա՞կը․ Փաշինյանը կազմակերպում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

- Եթե դա արվեր մեկ տարի առաջ, հավանաբար, կարելի էր դրան համաձայնել։ Երբ որ մարդն արդեն հավասարակշռությունից դուրս է եկել, որովհետև մարդ, որը խայտառակ պարտություն է կրել, չի կարող մնալ նույն կեցվածքով։ Ինքը հիմա խուճապային քայլեր է անում`մեր մեջ ասած, ինքը որ հիմա առաջարկում է գնալ ընտրությունների, հո լավ կյանքի՞ց չի առաջարկում, բայց ուզում է ամեն դեպքում լծակները պահել իր ձեռքում։ Մենք էլ ասում ենք՝ ոչ, թող այս պահին լինի ժամանակավոր իշխանություն, որն իր սեփական շահերը չի հետապնդի, այլ կկազմակերպի այնպիսի ընտրություններ, որոնք չեն բերելու քաղաքացիական բախումների։