Նիկոլն իր մեղքը փաթաթում է ժողովրդի վզին

Նիկոլն իր մեղքը փաթաթում է ժողովրդի վզին

Փորձենք հաշվել, թե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ովքեր չեն պահանջել Նիկոլի հրաժարականը, քանի որ շատ ավելի ժամանակատար կլինի պահանջողներին թվարկելը` անհատ ու կազմակերպություն: Բայց փորձենք մասամբ վերհիշել` նախապես նշելով, որ նման նախադեպ մեր իրականության մեջ չի եղել` սկսած վաղնջական ժամանակներից: Երբեք չի պատահել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը միասին հորդորեն, որպեսզի հայոց պետականությունը ներկայացնող անձը վայր դնի իր լիազորությունները: Նույն հորդորով հանդես եկավ երկրի նախագահը, որ սահմանափակ լիազորություններ ունի վարչապետի համեմատ: Նիկոլի հրաժարականը պահանջեցին Գիտությունների ազգային ակադեմիան, մայր բուհի դասախոսները եւ էլի մի շարք բուհեր, մտավորականության զգալի մասը եւ այդպես շարունակ` մինչեւ հասարակության մեջ նրա հեղինակության գրեթե զրոյացում, որը նույնպես հրաժարականի պահանջ է: Ինչպես հարցնում են` տակը ի՞նչ մնաց. իմքայլականներն ու կառավարությունը, այն էլ՝ ոչ ամբողջական, քանի որ նրանց մեջ էլ ընդվզողներ եղան: 

Բայց Նիկոլը մնաց անդրդվելի: Սույն վարքագիծը նույնպես աննախադեպ է` դարձյալ վաղնջական ժամանակներից հաշված: Այս անձնավորությունը չի շփոթվում, չի ազդվում, վատ չի զգում, երբ Աստծո տանը քահանան մերժում է իրեն, երբ Եռաբլուր է գնում «դավաճան» վարկարկումների տարափի տակ, երբ Սյունիքում ժողովուրդը ճանապարհը փակում է, որպեսզի առաջ չգնա, երբ տան անվտանգությունն են պաշտպանում բազմաթիվ ոստիկաններ ու դիպուկահարներ, որպեսզի գիշերն անվտանգ քնի, երբ Ազգային ժողով է մտնում զրահաբաճկոնով... ո՞ր մեկն ասենք: Եվ այս մարդն ասում է, որ ինքը լեգիտիմ է եւ հասարակության արդար պահանջով է մնում իշխանության: Այս ամենը նույնպես աննախադեպ երեւույթ է նկարագրվելու, եթե ոչ դասագրքերում, որ գուցե շատ համարեն Նիկոլի համար, ապա քաղաքագիտական որեւէ ձեռնարկում:   

Հենց նոյեմբերի 10-ին, այդ խայտառակ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, պետք է եւ արդար էր, որ հրաժարական տար: Անգամ այն պարագայում, որ այդ խայտառակության մեղավորն ինքը չէր, որ չէր վրիպել, չէր սայթաքել ողջ պատերազմի ընթացքում եւ մազաչափ մեղք չուներ: Անգամ այն դեպքում, եթե նույնիսկ սուրբ տեսնեինք իրեն որպես գերագույն հրամանատարի ու երկրի ղեկավարի: Հրաժարական պետք է տար, քանի որ հմուտ ղեկավարը թույլ չի տալիս, որ իր երկրի վրա հարձակվեն, երկրի անվտանգությունը պաշտպանում է դիվանագիտորեն, խելամիտ ու ճկուն քաղաքականությամբ: Այստեղ է, որ աղոտանում են բարոյականության եզրագծերը եւ համառության նշաձողի սահմանումները: 

Իսկ հիմա Նիկոլը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ հույս ունի վերարտադրվել: Երբ ունենք կորցրած Արցախ՝ վերջին 30 տարում արյունով մեր ձեռքբերածն ու պահպանածը, մեր հաղթանակն ու հպարտությունը, մեր ամրությունը: Երբ ունենք Հայաստանի վտանգված սահմաններ եւ Սյունիքի գլխին կախված կորստյան վտանգ: Երբ ունենք ամենաողբերգականը` շուրջ 5 հազար զոհ, գերակշիռ մասը` 18-20 տարեկան: Ամեն ինչ հնարավոր է ետ բերել` բացառությամբ մեր զոհերի: Վերարտադրվելու դեպքում Նիկոլն այս ամենը փաթաթելու է ժողովրդի վզին: Եթե ժողովուրդն իրեն քվե է տվել, ուրեմն այս ամենի կրողն ու պատասխանատուն ժողովուրդն է, ոչ թե ինքը: Ժողովուրդն ինքնակամ իր վրա է վերցնում կատարվածի ծանրությունը, եւ Նիկոլը մաքրվում, սրբվում է: Իսկ վաղը պատմության դասագրքերում նզովքը ոչ թե Նիկոլին, այլ այսօր ապրող մեր ժողովրդին է հասցեագրվելու: Սա նշանակում է՝ տապալված ժողովրդին պարզապես թաղել:

Հուսիկ Արա