Գորշերի կառավարություն

Գորշերի կառավարություն

Ոմանց թվում է, թե ղեկավարելու-կառավարելու գաղտնիքը խիստ ղեկավարի իմիջ ձեւավորելն է, որ ենթականերդ դողան քո առաջ ու կատարեն բոլոր հրահանգներդ: Եվ շատ պարզ մեխանիզմ կա դրան հասնելու համար. խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր երբեւէ կհակաճառեն-կհակադրվեն քեզ, կհամարձակվեն քո կարծիքից տարբերվող տեսակետ արտահայտել եւ խրախուսել նրանց, ովքեր կքծնեն, կշողոքորթեն, կմեծարեն եւ անվերջ կերկրպագեն «շեֆին»: Իհարկե, արդյունքում կարող է ստացվել այնպես, որ քո ենթակայությամբ կհայտնվեն միայն պնակալեզներն ու քծնողները, որոնք ոչ մի ստեղծագործական թռիչքի, կրեատիվ քայլի ընդունակ չեն եւ «պրոդուկտ» չեն կարող ապահովել: Բայց բռնապետական հակումներ ունեցող ղեկավարների համար ոչ թե «պրոդուկտն» է կարեւոր, այլ իրենց անխռով կյանքն ու ստրուկների հնազանդ ծառայությունը:

Եթե այս սխեմայի պրիզմայով ենք նայում այսօր բարձր պաշտոն զբաղեցնողների բանակին եւ նրանց առաջնորդին, պարզ է դառնում, թե ինչու են կառավարության կազմում, խորհրդարանում, ՔՊ-ական վերնախավում հայտնվել այսքան անդեմ, անգույն, սեփական տեսակետ չունեցող, առաջնորդին պաշտող անպիտան մարդիկ: Պարզ է, որ առաջնորդը չի խրախուսում սեփական կարծիք ունենալը եւ չի հանդուրժում իր կարծիքից տարբերվող կարծիքները: Նա նախընտրում է գործ ունենալ անմռունչ ծառայողների բազմության հետ: Հենց այս պատճառով էլ ամենակարեւոր նախարարություններից մեկը ղեկավարում է Գնել Սանոսյանի նմանը, Պետական վերահսկողական ծառայությունը` Ռոմանոս Պետրոսյանի, Արարատի մարզը` Գարիկ Սարգսյանի, ՀՀ նախագահի աթոռին Վահագն Խաչատրյանն է, դատախազի աթոռին` Աննա Վարդապետյանը: Դա է պատճառը, որ ոչ մի կերպ չենք կարողանում մտապահել ֆինանսների ու ԲՏ նախարարների անունները: