Ինչ հապճեպություն է «Հին Երևան» նախագծի շուրջ

Ինչ հապճեպություն է «Հին Երևան» նախագծի շուրջ

«Հին Երեւան» նախագիծը նորից շրջանառության մեջ է դրվել, մասնավորապես նախօրեին «Հին Երեւան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Հին Երեւան» նախագծի հեղինակ եւ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ինչպես նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ֆեյսբուքյան իր էջում կարծիք էր հայտնել, որ քաղաքի ամենակենտրոնում, երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման։ «Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշել է նա:

Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նույնպես անդրադարձել է այդ հանդիպմանը՝ գրելով, որ շինարարությունն արվել է ապօրինի, եւ վերգետնյա ոչ մի հարկ կառուցելու համար թույլտվություն չի եղել. «Տեսե՛ք, թվում է, թե լավ բան են անումմ չէ՞։ Հին Երեւանի մասին են խոսում, կառուցապատում է գնում եւ այլն․․․: Վատը գիտե՞ք որն է․ որ շինարարությունն արվել է ապօրինի։ Վերգետնյա ոչ մի հարկ կառուցելու համար թույլտվություն չի՛ եղել, եւ դա իրականացվել է 2018 թվականի կեսերից մինչեւ այսօր։ Առանց շինթույլտվության առկայության ընթացել է մեծածավալ շինարարություն՝ խախտելով կառավարության որոշումը հարկայնության վերաբերյալ։ Իսկ, ինչպես գիտեք, հայտնի սխեմայով, երբ կառուցապատումն ավարտվում է, կարելի է արդեն բացել աչքերը եւ օրինականացնել շինարարությունը։ Ահա՛, եկել է աչքերը բացելու ժամանակը»։

Ի դեպ, դեռ ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ հեղափոխությունից հետո կառուցապատումը շարունակվեց առանց շինթույլտվության, քաղաքաշինական նորմերի ոտնահարմամբ․ կառուցվեց «մինուս 3» եւ «պլյուս 6»` 3 նկուղային, 6 վերգետնյա հարկ, եւ դա այն դեպքում, երբ առկա է կառավարության որոշում, որը թույլ է տալիս «Հին Երեւանի» դեպքում կառուցել վերեւում՝ 3, իսկ նկուղում` 2 հարկ։  

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանին զարմացնում է այն հապճեպությունը, որ արտակարգ իրավիճակի այս պայմաններում դարձյալ «Հին Երեւան» նախագիծն առաջ բերվեց։ Նա նկատում է` բացի այն, որ դրա ժամանակը չէր, եւ հանդիպման մասնակիցներն էլ առանց սոցիալական հեռավորությունը պահելու հավաքվել էին իրար գլխի` նույն մակետի շուրջ, այլ նաեւ, որ այդ նախագիծն ամեն ինչով` թե՛ իր բովանդակությամբ, թե՛ ձեւով դեկորատիվ է եւ նեոստալինյան ձեւի մեջ է արված: «Առաջին խնդիրն այն է, որ գաղափարական առումով այդ նախագիծն ամբողջովին կեղծ է եւ սխալ, այդ թվում` պատմության հանդեպ, որովհետեւ շարունակում ենք 3-րդ հանրապետության քաղաքաշինական սխալները: Նորից ստեղծել հինը, դա կեղծ է եւ կեղծ նրանով, որ բոլոր հին կառույցները քանդվեցին, եւ սա կոչում ենք Հին Երեւանի վերակառուցո՞ւմ»:

Ըստ նրա, 2-րդ խնդիրն այն է, որ սա ամենամեծ հակաթամանյանական նախագծերից մեկն է, քանի որ այդ տարածքները բաց էին ու ազատ իր նախագծում։ «Մենք կառուցում ենք ծավալ, ընդ որում, մեկ ծավալ՝ մեկ կտուրի տակ, մինչդեռ Թամանյանի հատակագծով պետք է լինեին ազատ, հանրային տարածություններ, իսկ այսօր Երեւանում մենք ոչ թե հանրային տարածություն չունենք, այլ կա միտում հանրային տարածությունները դարձնել մասնավոր, դարձնել շենք, այսինքն՝ ազատության գաղափարն էլ փոխվում է անազատության գաղափարով: Եվ 3-րդ. ճարտարապետական առումով սա, որպես կառույց, անհաջող է նաեւ նրանով, որ այդ ամբողջ պլաստիկ կտուրի տակ իբրեւ թե պետք է լինեն երեւանյան այդ կեղծ բակերը, մինչդեռ երեւանյան միջավայրը բաց բակերի եւ այգիների միջավայրն է, բոլոր այդ տներն ունեին դեպի հարավ բացված պատշգամբներ եւ, իհարկե, բաց երկնքի տակ էին: Երեւանն ունիկալ է նրանով, որ 300 օր արեւոտ է, եւ մենք փակում ենք այդ արեւը, թամանյանական ազատ տարածությունը` ի օգուտ մի մարդու: Մեր ինչի՞ն է պետք այդ ֆինանսավորումը, որպեսզի այդ մարդն այդտեղից իր շա՞հը ստանա: Հետո․ այդպիսի տներ չեն եղել, դրանք դեկորացիաներ են, որ որոշ մարդկանց դուր է գալիս: Չի կարելի առաջնորդվել այդ մարդկանց ոչ պրոֆեսիոնալ, հեռուն չգնացող, գիտելիքներից զուրկ ճաշակով: Կեղծ ֆասադների, լավ կառուցած փայլուն դռների հետեւում մարդիկ հին Երեւանի էությունը չեն տեսնի: Դա ոչ մեկին չի կարող հետաքրքրել, բացի սեփականատերից»,- ասում է Բալյանը:

Ստացվում է՝ ինչ իշխանությունն էլ գա, քաղաքաշինական ոլորտում նախեւառաջ գերակա է լինելու բիզնես-շահը։ «Հեղափոխությունից հետո քաղաքաշինության մեջ մեր հույսերը շատ մեծ էին, եւ պետք էր նախ գնահատական տալ, դա ժամանակին ասել եմ նաեւ Ա. Մեսչյանին: Մինչեւ գնահատական չտրվի, չես կարող ուղղել սխալները: Եթե ասեինք կամ ասենք, որ սա սխալ է, մյուս օրը նույն սխալն այլեւս չէր կրկնվի, բայց եթե չես ասում, ուրեմն դու ընդունում ես, որ սա սխալ չէ, եւ ուզում ես շարունակել, ավելին` մենք տեսնում ենք, որ սխալները շարունակվում են, որոնք ուղղելը գրեթե անհնար կլինի»: