Իշխանության «Ավարայրը» ոչ թե կորոնավիրուսի դեմ, այլ՝ հանուն սեփական գրպանի

Իշխանության «Ավարայրը» ոչ թե կորոնավիրուսի դեմ, այլ՝ հանուն սեփական գրպանի

Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, ՀՀ իշխանությունները մտահոգված են իրենց դիրքերի պահպանմամբ: Ազգային ժողովում պատգամավորների հետ երեկվա հարցուպատասխանն ընթացավ նախապես գծված սցենարով: Նախկիններն էլ էին վաղօրոք պայմանավորված հարցեր հնչեցնում ԱԺ-ում, որ պատասխաններ տրվեն, եւ ժողովուրդը լսի:

Վերջին օրերին պարգեւավճարների շուրջ կրկին բուռն քննարկումներ են ընթանում սոցցանցերում, եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ մարտնչում են «Ավարայրի դաշտում»։ Երեկ այդ գրոհին միացավ վարչապետ Փաշինյանը՝ հանրությանը հասկացնելով՝ ինչ անում ենք, լավ ենք անում:  

Նա նախ խոստովանեց, որ նախապես գիտեր, թե ինչ հարց է հնչեցնելու «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, եւ որպեսզի ավելի խոսուն լինի պատասխանը, նա տեսանյութով զինված էր եկել ԱԺ։

«Ես ինձ թույլ կտամ ձայնագրություն օգտագործել՝ ցույց տալու համար, որ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը Հանրապետության հրապարակից՝ հեղափոխական ամբիոնից իմ տված խոստումն է, որը տրվել է ժողովրդի աչքի առաջ: Այսինքն՝ դա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ ՀՀ ժողովրդի առաջ»,- ասաց  Փաշինյանն ու միացրեց իր ելույթներից մեկի ձայնագրությունը՝ հիշեցնելով, որ այդ հայտարարությունն արել է 2018 թ․ ապրիլի 19-ին: Բայց այդ ելույթում նա խոստանում էր ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, այլ պետական համակարգի աշխատողների եւ ոստիկանների։ Այնուամենայնիվ ասաց. «Ես ստանձնել եմ պարտավորություն, եւ դրանից հետո ժողովուրդը պարտադրել է, որ ինձ ընտրեն վարչապետ: Ես հիմա, երբ տեսնում եմ, որ քննարկում կա, թե ես ինչու եմ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել, կներեք, դա անընդունելի է: Խոստացել եմ, ժողովուրդը բարձրացրել է հարցը, եւ բարձրացրել ենք:

Այստեղ հետճանապարհ չկա, սա հեղափոխության արդյունքում է արվել, սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխությունն է: Եթե ժողովուրդը որոշում է, որ վատ որոշում է բարձրաստիճան  պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է, ինքը կարող է ցանկացած պահի անի նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի էն հին-բարի ժամանակների պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում եւ լափում են պետական համակարգը, ովքեր փայ են մտնում բիզնեսներում, ում համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ թվով գումար է, թե ինչքան փող մտավ իրենց գրպանը, իրենց եղբայրների, աներների, զոքանչների եւ մնացածների գրպանը»:

Իսկ այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ վարչապետի, 24 ժամ պայքարում են ինչ-որ բանի դեմ եւ հանուն ինչ-որ բանի ու պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինեն իրենց աշխատանքի վրա: Դրա համար էլ պետք է կտրված լինեն ամենօրյա մանր կենցաղային հարցերից: «Եվ, ընդհանրապես, պետական ծառայության պրեստիժը պետք է բարձրացվի, սա իմ սկզբունքային դիրքորոշումն է: Եվ ՀՀ քաղաքացիներն ունեն այս քաղաքականությունը կտրելու հնարավորությունը, հեղափոխություն անելու լեգիտիմ իրավունքն է, թող մեզ տանեն, ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»: Էժան մանիպուլյացիայի ընթացքում նա, իհարկե, չխոստովանեց, որ անգամ կրկնապատկված ու եռապատկված աշխատավարձի պարագայում մեր պետական ապարատը զերծ չէ սխալներից ու  սկանդալային ձախողումներից: Ինչպես եղավ քաղավիացիայի ոլորտում: 

Ի դեպ, Փաշինյանը երեկ, ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցին, հայտարարեց, թե քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակի մասին իմացել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի զգուշացումից հետո. «ՔԱԿ-ի պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե անմիջապես զեկուցել  ՔԱԿ-ի ղեկավարին (Տաթեւիկ Ռեւազյանին), չի զեկուցել, եւ վերջինս դրա մասին իմացել է 2 ամիս հետո Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ: Այդ մասին նրան տեղյակ են պահել եվրոպացի կոլեգաները»։ Կա հարուցված քրեական գործ: Այսինքն, այս դեպքում էլ Փաշինյանի սիրելի Ռեւազյանը մեղավոր չէ:

Եվս մի պայմանավորված հարց հնչեց երեկ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցրեց, թե կառավարությունում հիմնականում հին կադրերն են աշխատում, ինչի համար իրենք պարբերաբար արժանանում են քննադատության։ Վարչապետը պատասխանեց, թե ի սկզբանե խնդիր չի դրել կադրային ջարդ անել, ապա ավտոմեքենայի օրինակով հասկացրեց, որ քննադատությունները նախկինների պատճառով են, եւ որ իրենք քայլեր են ձեռնարկում. «Երբ մարդ գումար չի ունենում ավտոմեքենայի 4 անիվն էլ փոխելու, ապա սկզբում փոխում է դիմացի անիվները: Մենք այսօր դեմի անիվները փոխելու պրոցեսի մեջ ենք»: