ԵՊՀ կառավարման խորհուրդը ամսի 30-ին նիստ կհրավիրի

ԵՊՀ կառավարման խորհուրդը ամսի 30-ին նիստ կհրավիրի

Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ԵՊՀ-ն չունի ղեկավար։ Մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար համալսարանի հոգաբարձուների խորհուրդը մայիսի 30-ին նիստ կհրավրի։ Այս մասին «Հրապարակին« հայտնեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը․

«Մենք ամսի 30-ին ունենք հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որտեղ խորհուրդը պետք է նշանակի նոր ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա։

Իսրայելյանը նաև նշեց, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ պետք է հայտարարվի․

«Մրցույթը լինելու է ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո 6 ամսվա ընթացքում, կարող է լինել 1-ին կամ 2-րդ ամիսը կամ վերջին ամիսը։ Մրցույթը հայտարարելուց հետո 40-օրյա ժամկետում կոնկրետ թերթերում և լրատվական կայքերում կլինի հայտարարություն, նոր այն մարդիկ, որոնք հավակնում են, ունեն այդ կոչումները և այլն, դիմում եմ մեզ, և լինում է այդ գործընթացը։ Մրցույթն անցկացնում է հոգաբարձուների խորհուրդը։ Նախ պետք է մարդիկ ներկայացնեն իրենց ծրագիրը, լինելու են հարցեր և պատասխաններ և այլն։ Թեկնածուները պետք է 15 տարվա գիտամանկավարժական փորձ ունենան, և պարտադիր չէ ԵՊՀ-ում»,- ասաց Իսրայելյանը։

Որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ԵՊՀ-ում շրջանառվում է նորանշանակ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանի անունը, իսկ ռեկտորի հավանական թեկնածուներն են համալսարանից հեռացված Գեղամ Գևորգյանը, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։