Արաս Օզբիլիզը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

Արաս Օզբիլիզը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 23-ին կայանալու են ՀՖՖ նախագահի նոր ընտրությունները։ Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատարներից Արաս Օզբիլիզը կարիերան ավարտելու վերաբերյալ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ կառաջադրվի որպես ՀՖՖ նախագահի թեկնածու։

Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ նախագահի տեղի համար։

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետևյալ պահանջներին․

ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (Պաշտոնատար անձ (դիմելու պահին պաշտոնը չզբաղեցնող), նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած), կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան և այլն),
բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում,
գ) լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք,
դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել,
ե) չգտնվել սնանկության գործընթացում:

ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրելու համար անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն հետևյալ տեղեկությունները/փաստաթղթերը.

1.Կենսագրություն՝ ֆուտբոլի բնագավառում գործունեության մանրամասն նկարագրությամբ (մասնավորապես՝ վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում),
2.Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն (նույնականացման քարտի կամ կենսաչափական անձնագրի տրամադրման դեպքում նաև տեղեկություններ բնակության հասցեի վերաբերյալ),
3.ՀՖՖ Անդամի համապատասխան իրավասու մարմնի կողմից հավաստագիր, որ ՀՖՖ Նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն համապատասխանում է Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին` համաձայն սույն Ծանուցմանը կից ներկայացված ձևի (Հավելված 3),
4.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված դատվածության տեղեկանք,
5.ՀՀ ԲԴԽ աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված սնանկության գործընթացում չգտնվելու վերաբերյալ տեղեկանք: