Ե՞րբ կսպառվեն «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունները
Գազի գնի շուրջ դեռեւս շարունակվում են քննարկումները։ Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է։ Արդեն տեւական ժամանակ է՝ այս անորոշ պատասխանն է տալիս մեզ Գարեգին Բաղրամյանը, երբ էներգետիկայի նախարարն էր։ Երեկ նա նույնը ասաց նաեւ ՀԾԿՀ նորանշանակ նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է այս տարվա ապրիլից․ «Քննարկումները հենց ավարտվեն, հրապարակային բոլորդ կիմանաք»։
- Իսկ այդ քննարկումներն ո՞ւմ միջեւ են ընթանում, ի՞նչ ձեւաչափով։
- Համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էներգետիկայի նախարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Գազպրոմ Արմենիան», վերջերս նաեւ ռուսական կողմի հետ է մեկ հանդիպում տեղի ունեցել՝ ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչների։
- Եվ ի՞նչ են ասում ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչները։
- Հիմա որեւիցե կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետեւ նախ մի քանի համապարփակ բան է քննարկվում, դա մինչեւ 2030-ը գազամատակարարման սխեման է, այսինքն՝ ամբողջ այն ներդրումային ծավալները, որոնք պետք է իրականացվեն, այն արդյունքները, որոնք պետք է ստանան, թե դրա հետ շաղկապված ինչ սակագնային քաղաքականություն կլինի եւ այլն․․․ Դրան զուգահեռ՝ նաեւ քննարկվում է արդեն ռուսական «Գազպրոմի» հետ սահմանին գազի գնի ձեւավորման որոշակի ժամանակահատվածի համար կոնկրետ բանաձեւ ունենալու խնդիրը։
- Իսկ ներդրումներն ո՞ւմ կողմից են լինելու, եւ ի՞նչ ներդրումների մասին է խոսքը։
- «Գազպրոմ Արմենիայի» կողմից, կարող է եւ մայր ընկերությունից գումարներ ներգրավեն, կարող է եւ վարկային միջոցներ լինեն։ Ներդրումներն արվելու են Հայաստանի ամբողջ գազամատակարարման համակարգը պատշաճ վիճակի բերելու եւ դրա կյանքի տեւողությունը երկարացնելու համար։
- Իսկ սահմանին գազի գնի մասով հայկական կողմը հակված է նրան, որ գինն իջեցվի՞, թե՞ առնվազն գոնե պահպանվի այն, ինչ հիմա կա։
- Դե, դա արդեն մեր (ՀԾԿՀ-ի) իրավասություններից դուրս է, քանի որ բանակցում են ավելի շատ կառավարությունն ու նախարարությունը։ Բայց հիմա կոնկրետ ունենք միջպետական համաձայնագրով նաեւ հայ-ռուսական որոշակի պարտավորություններ, որ մինչեւ հուլիսի մեկը պետք է մշակվի եւ ներկայացվի միջպետական համաձայնագրի նախագիծ՝ սահմանին գազի գնի ձեւավորման վերաբերյալ։
- Պարոն Բաղրամյան, մի քանի տարի առաջ մենք 300 միլիոն պարտքի դիմաց մեր ունեցած 20 տոկոս բաժնեմասը տվեցինք ռուսներին, դրա հաշվին նաեւ չավելացավ գազի գինը։ Իսկ հիմա, երբ նորից բարձրացել է գազի գինը, կարծես թե այլեւս տալու բան չունենք, որ զսպենք այդ թանկացումը։ Հիմա ինչի՞ հաշվին պետք է դա լինի։
- Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ էլ տալու բան չունենք։ Գազի գնի բարձրացումը սահմանին որեւիցե ձեւով պարտքի կուտակում պետության համար չի առաջացնում, քանի որ որեւիցե նման պայմանավորվածություն, որ պետք է լինի, ինչպես նախկինում է եղել, չկա նման բան։ Եվ այն ժամանակ, եթե ինչ-որ բաժնետոմս նույնիսկ կար, այսօր ռուսական «Գազպրոմը» մեր «Գազպրոմ Արմենիայի» 100 տոկոսանոց սեփականատերն է։ Այսինքն՝ որեւիցե խնդիր նույնիսկ չի էլ կարող առաջանալ։
- Այսինքն՝ մենք, բացի խնդրողի դերում լինելուց, որեւէ այլ պայման կամ պահանջ չե՞նք կարող առաջադրել։
- Նույնիսկ եթե որոշակի տոկոս բաժնետոմս ունեք, էլի ինչ-որ պահանջ չեք կարող առաջադրել։ Պահանջներն առաջադրվում են՝ ելնելով այն օրենսդրական դաշտից, որը կա։ Դա էներգետիկայի մասին օրենքն է, «Գազպրոմ Արմենիան» համարվում է լիցենզավորված անձ, բնականաբար՝ նաեւ համապատասխան լիցենզիայի պայմաններով ունի պահանջներ։
- Ի վերջո, այն «սուբսիդիան», որ այս պահին տեղի է ունենում, ինչի շնորհիվ սահմանին գազի գնի բարձրացումը սպառողն իր վրա դեռեւս չի զգում, դա ինչի՞ հաշվին է, եւ ո՞վ է իր վրա վերցնում այդ բեռը։
- «Գազպրոմ Արմենիան» այսօր իր ներքին խնայողությունների հաշվին, քանի դեռ սակագնի վերանայման հարց չի բարձրացրել, բնականաբար, իր խնայողությունների հաշվին է դա կոմպենսացնում։
- Իսկ մինչեւ ե՞րբ կարող է դա տեւել։
- Նախնական պայմանավորվածությունը եղել է 2019 թվականի համար։ Այսինքն՝ հիմա, որ քննարկումներն ընթանում են, հիմնականում ընթանում են 2020 թվականից սկսած՝ որոշակի ժամանակահատվածի համար սակագնային քաղաքականություն ունենալու նպատակով․ խոսքը ե՛ւ ներքին, ե՛ւ ներմուծվող գնի վերաբերյալ է։ Համենայնդեպս, մինչեւ տարվա վերջ կա չգրված պայմանավորվածություն, որ իր խնայողությունների հաշվին լինի։
ՀԳ․ Թե որքան կարող է շարունակվել այս անորոշ վիճակը, եւ երբ կսպառվեն «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունները, դժվար է ասել։ Համենայնդեպս, արդեն տեղեկություններ են հասնում, որ «Գազպրոմ Արմենիան» չի կարող երկար իր խնայողությունների հաշվին զսպել գազի թանկացումը, ուստի հնարավոր է՝ մինչեւ աշուն արդեն գազի գնի բարձրացում լինի։ «Գազպրոմից» այս մասով որեւէ մեկնաբանություն չտվեցին՝ նշելով, որ քննարկումները շարունակվում են։
Կարծիքներ