Խնդրում եմ ներկայացնել ձեր տեսակետը Բաբայանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքի օրինականության վերաբերյալ

Խնդրում եմ ներկայացնել ձեր տեսակետը Բաբայանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքի օրինականության վերաբերյալ

ԱՀ Գերագույն դատարանի նախագահ
տիկին Նարինե Նարիմանյանին

ԱՀ արդարադատության նախարար
Պարոն Դանիելյանին

Հարգելի տիկին Նարիմանյան
Հարգելի պարոն Դանիելյան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մեկնարկը տրվում է հունիսի 4-ին: Հիմք է ընդունվել ԱՀ սահմանադրության հոդված 162-ը, որով սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունի նաեւ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը:

Նախաձեռնության իմաստով ենթադրվում է փոփոխություններ կատարել սահմանադրության հոդված 48-ում այնպես, որ ԱՀ նախագահի եւ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք վերապահվի նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում հաշվառված անձանց:
ԱՀ սահմանադրության առաջին հոդվածով սահմանվում է, որ Արցախի Հանրապետությունը անկախ, ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն է: Հանրաքվեի միջոցով սահմանադրության հոդված 48-ում ենթադրվող փոփոխությունների կատարումը չի՞ նշանակի ԱՀ անկախության եւ ինքնիշխանության սահմանափակում այն իմաստով, որ ԱՀ քաղաքացի չհանդիսացող անձը կստանա ԱՀ նախագահ ընտրվելու եւ սահմանադրությամբ սահմնաված լիազորություններ իրականացնելու իրավունք: ԱՀ սահմանադրության հոդված 163-ը սահմանում է, որ սահմանադրության 1-4 հոդվածները փոփոխության ենթակա չեն: 

Ելնելով վերոհիշյալից, խնդրում եմ հրապարակային ներկայացնել ձեր տեսակետը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքի օրինականության վերաբերյալ:

Հարգանքով՝ առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերերորդ գումարումների ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյան