Իշխա՞ն ես, թե՞ Ավետիք

Իշխա՞ն ես, թե՞ Ավետիք

Լեւոն Ջավախյանը հայ ժողովրդին «ավետիս է անում». թե բա իմացեք՝ Մարգարիտա Սիմոնյանի բերանով մեզ հետ ԻՆՔԸ Պուտինն է խոսում: Բայց դե ասածը հայ ժողովրդին չի վերաբերում, Մարգարիտայի բերանով Պուտինը Հայաստանի իշխանությունների երեսին է թքում:

Իսկ ո՞րն է տարբերությունը: Այդ իշխանությունը ժողովուրդն է, չէ՞ կազմավորել: Եւ անհասկանալի է, թե մարդ, որ գրող լինելուց առաջ երկրի քաղաքացի է, ինչպե՞ս է հանդուրժում, որ իր  հետ խոսեն այդ լեզվով: Լինի Պուտինը, թե Թրամփը: Ա՜խ, հասկանու՞մ եք, Մարգարիտայի բերանով Պուտինը սպառնում է, որ թուրք ենիչերինը կգան, մեզ կմորթոտեն:  Եւ Մոսկվայում ոմն Գոդ Նիսանով, որի դեմ ռուսական հատուկ ծառայությունները եւ ֆիսկալ մարմինները հաստատ հատորներով «կոմպրոմատ» ունեն, որովհետեւ Ադրբեջանի հետնախորշերից Ռուսաստանի նախաթոռ քաղաք հասած այդ թաթը հազիվ թե օրինական ճանապարհով է միլիարդատեր դարձել, հայկական գյուղմթերքերի առջեւ փակում է ԻՐ շուկայի դարպասները: Սպառնում են Մոսկվայում սումգայիթ պայթեցնել հայերի գլխին: Մարգարիտայի բերանով՝ Պուտինը:

Մենք, ուրեմն, Պուտինի աչքում կանք այնքանով, որքանով չպետք է թույլ տանք, որ Արեւմուտքը կախվի Ռուսիայի ոտքերից եւ նրան անդունդ տանի՞: Իսկ որտե՞ղ են ռուս պաշտոնյաներն ուսման ուղարկում իրենց դուրսպրծուկ զավակներին: Իհարկե՝ Արեւմուտք: Որտե՞ղ են ապրանքայնացնում ռուս մուժիկից եւ «բաբայից» գռփած միլիարդավոր դոլարները: Անշուշտ՝ Արեւմուտքում եւ Արեւմուտքի ստեղծած օֆշորներում: Սա քեզ 19-րդ դարավերջը չէ, երբ  ռուսական հատուկ ծառայությունը հայկական զինատար խմբեր էր կազմավորում՝ ուղարկում, որ Թուրքիայում ապստամբություն բարձրացնեն, բայց նրանք դեռ կես ճանապարհին՝ թուրքական ժանդարմերիան արդեն երթուղու մասին տեղեկացված էր լինում: Եւ ռոմանտիկ-միամիտների այդ խմբերը սահմանի վրա գնդակահարվում էին եւ դեմից, եւ թիկունքից:

Սա քեզ Առաջին համաշխարհային պատերազմը չէ, որ հայկական կամավորական «դրուժինաներն» ուղարկես կրակի առաջին գիծ եւ տակից Կովկասի փոխարքային գրես, թե Ալաշկերտի հովտում պետք է Եփրատի կազակություն ստեղծել: Այս այլեւս բացահայտված ճշմարտություններն իմանալն ու սեփական ժողովրդին ասելն է հայ գրողի խնդիրը: Ոչ թե տավուշյան մարտերից  ժողովրդական խանդավառությունը ծաղրելը: Եթե դու իմ երկրում ունես ռազմակայան, որի պահպանման ծախսերի առյուծի բաժինը հայ հարկատուն է հոգում, ապա իմ հարաբերական ապահովության քո գործը չպետք է երեսով տաս: Որովհետեւ այդ ռազմակայանը որքան՝ ինձ, կրկնակի, եռակի, բազմակի անգամ քեզ է պետք: Թե չէ չէիր ունենա: Չէիր պահի: Ահա թե ինչ պիտի ասի հայ գրողը Մարգարիտային, որպեսզի Պուտինը հասկանա, որ  իրեն են ասում: Վարչապետը չի ասում: Հայ գրող Լեւոն Ջավախյանն է ասում:

Որովհետեւ հայ ժողովրդի այսօրվա խոսքն Ռուսաստանին դա է: Եթե ես քո դապասապահ «շունն եմ» եւ թուրքական աշխարհը բաժանում եմ, եթե դա ձեռնտու է քեզ, ուրեմն վաղվա իմ դարպասը մի փոքր ավելի լայն պիտի լինի: Այսքան բան՝ ինչպես Լեւոն Ջավախյանի Վերնիսաժում են գին խոսելիս ասում: Հիսուն տարի առաջ Հրանտ Մաթեւոսյանն իր հերոսի բերանով ի՞նչ էր հարցնում՝ Իշխա՞ն ես, թե՞ Ավետիք: Գլխիդ բռունք բարձրացնողի ձեռքը բռնող, հարվածը հակադարձո՞ղ ես, թե՞ ամենայն զրկանք լուռումունջ կրող՝ որպես ի վերուստ տրված ճակատագիր: Եթե Լեւոն Ջավախյանը համոզված չէ, որ նաեւ այս հարցի վրա է բարձրացել ղարաբղյան պատերազմը, սխալվում է: 32 տարի առաջ ռուս լրագրողն Ստեփանակերտում արցախցի մտավորականին հարցրել է. «Ի՞նչ կլինի, եթե Մոսկվան ձեր ուզածով չլուծի ղարաբաղյան հարցը»: Հետեւել է հրացանի կրակոցի նման պատասխան. «Կսկսվի պարտիզանական պատերազմ»: Նա մարգարե չէր, տեղի մանկավարժական ինստիտուտի դասախոս Համլետ Գրիգորյանն էր: Բայց նա ժողովրդի հետ էր եւ պատասխանել էր ՆՐԱ անունից: