Մերժե՛լ Թուրքիային

Մերժե՛լ Թուրքիային

«Թուրքիան ոչ միայն գործընկեր է, այլեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, նա ընկեր չէ: ՆԱՏՕ-ում դու ընկերներ չունես, այլ՝ դաշնակիցներ, որը շատ ավելին է, քան ընկերը: Դա մեկն է, ում հետ կիսում ես այնպիսի կարեւոր բան, ինչպիսին քո անվտանգությունն է: Սա այն է, ինչ Իսպանիան կիսում է Թուրքիայի հետ. մենք հրթիռային մարտկոցներ ունենք այս երկրում, որն օգնում է պաշտպանել Թուրքիային երրորդ երկրների դեմ»,- այս տարվա հուլիսի 28-ին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայան: 

Թուրքիան առաջին երկիրն է, որտեղ COVID-19-ի տարածման ողջ ընթացքում եւ իր երկրում համաճարակային նոր բռնկման այս օրերին այցելել է Իսպանիայի արտգործնախարարուհին՝ իր այցն այսպես արդարացնելով. «Ես խոստացել էի արտգործնախարար Չավուշօղլուին»: Անդրադառնալով Լիբիայում, Միջերկրականի հունական հատվածում թուրքական ներկայության, ներգաղթյալների խնդրի շուրջ ԵՄ մտահոգություններին՝ Արանչա Լայան նկատել է, թե «դա ոչ թե մեղադրանքների խաղ է, այլ միմյանց հասկանալու խաղ»:

Թուրքական նոր արշավանքն աշխարհաքաղաքական սրընթաց եւ վտանգահարույց զարգացումներում «մեղադրանքների խաղից» անդին դիտարկող Մադրիդն իրականում սեփական քաղաքական խաղն է խաղում՝ անտեսելով թուրքական հարաճուն վտանգը ողջ քրիստոնեական Եվրոպայի համար:

Այդ այցից չորս օր առաջ՝ հուլիսի 24-ին, մզկիթի վերածած Կ. Պոլիսի քրիստոնեական հնամենի տաճարում՝ Սուրբ Սոֆիայում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ թուրքական պետական եւ կրոնական ողջ վերնախավի մասնակցությամբ կատարվող նամազը պետք է ցնցեր քրիստոնեական աշխարհը: Մինչդեռ Էրդողանին միջազգայնորեն մերժելու փոխարեն եվրոպական երբեմնի աշխարհակալ երկրի՝ Իսպանիայի արտգործնախարարն այցելում էր Թուրքիա: 
Քաղաքականությունը քաղաքականություն է. այն ավելի շուտ հենվում է շահերի, քան արժեքների վրա: Քաղաքականությունը քաղաքականություն է, նույնիսկ եթե քրիստոնեական Եվրոպայի ընդհանուր ժառանգությունն է վտանգված, եւ քրիստոնեական արժեքներին ու եվրոպական հումանիզմին կատաղի մարտահրավեր է նետված: Մեծ քաղաքականության մեջ եվրոպական պետությունների շահերի՝ դարավոր հակադրումից հետո Միավորյալ Եվրոպան քաղաքական շահերի եւ եվրոպական արժեքների ամուր պատվար էր, որ պարտավոր էր կասեցնել թուրքական նորօրյա արշավանքը Եվրոպա: Սակայն Ս. Սոֆիայի տաճարը դարձավ ոչ միայն թուրքական նվաճողականության գերին, այլեւ եվրոպական հանդուրժողականության պատանդը: 

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված տաճարի գրավման եվրոպական հուսահատ եւ հատվածական արձագանքը տարրալուծվեց մահմեդական նամազի մեջ: Պաշտոնական Աթենքը տաճարի գրավումը որակեց «սադրանք՝ ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին», Վիեննան հայտարարեց, որ Թուրքիան այդ քայլով հեռանում է Եվրոպայից, ռուս ուղղափառ եկեղեցին «խոր ցավ» հայտնեց, Հռոմի Պապը խոստովանեց՝ «Ես անչափ տխուր եմ»: Այդեւայլ արձագանքներին ի պատասխան՝ Էրդողանը նետեց. «Ս. Սոֆիայի տաճարի տնօրինումը բխում է Թուրքիայի ինքնիշխանության իրավունքից»: 

Քրիստոնեական ուղղափառ տաճարի գրավմանը զուգահեռ, թուրքական նավերը ներխուժեցին նաեւ Միջերկրականի հունական հատվածը՝ Ռոդոսի, Կարպաթոսի եւ Կաստելորիզոյի ծովային մասերը, որոնք Անկարան որակել էր «վիճելի տարածքներ»: Ի պատասխան Աթենքի մեղադրանքի, որ Թուրքիան խախտում է միջազգային օրենքները, Անկարան հայտարարեց, որ «Հունաստանը պետք է ձեռնպահ մնա առավելապաշտական մոտեցումից իր ծովային իրավունքների հանդեպ, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի մայրցամաքային հարավում գտնվող իր Կաստելորիզո կղզուն»: 
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն փլուզում է այդ դաշինքը»,- New York Times-ում ընդգծեց ֆրանսիական Le Monde-ի խմբագիր Սիլվի Կաուֆմանը՝ Արեւմուտքին մեղադրելով անգործության մեջ: 

ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի արձագանքը կասեցրեց թուրքական հետագա ներխուժումը. հուլիսի 28-ին Թուրքիան դադարեցրեց ծրագրված առաջխաղացումն ու հետազոտությունները Միջերկրականի հունական հատվածում. Անկարան նկատեց, թե Թուրքիան «կառուցողական է եւ որոշ ժամանակ հետ կկանգնի՝ Հունաստանից պահանջելով երկկողմ հարցերը լուծել երկխոսության, այլ ոչ թե սպառնալիքների միջոցով»: 

Թուրքիայի հուլիսյան արշավանքը, սակայն, չավարտվեց: Հայ-ադրբեջանական վերջին ռազմական բախումների ընթացքում Անկարան հայտարարեց, որ «միշտ կկանգնի իր ադրբեջանցի եղբայրների կողքին»: Եվ որպես բարեկամության եւ ուժի գործնական ցուցադրում հայ-թուրքական սահմանում՝ Նախիջեւանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը կիրականացվեն թուրք-ադրբեջանական համատեղ օդային եւ ցամաքային զորավարժություններ, որոնց ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա եւ մարտական ավիացիա: 

Ընդգծելով զորավարժությունների փաստը՝ Türkiye թերթը ցնծում էր. «Հյուսիսային Կիպրոսից ու Լիբիայից հետո Թուրքիան հիմա էլ Կովկասում է ցույց տալիս իր վճռականությունը՝ կանգնելով Ադրբեջանի կողքին»: 

Համաճարակից դեռ ուշքի չեկած աշխարհը շարունակում էր թերագնահատել թուրքական վտանգը թե՛ տարածաշրջանի, թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի համար: Եվ միակ երկիրը, որին հուլիսյան այս թեժ օրերին բախվեց թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական բարեկամությունը, Հայաստանն էր, որ վերջին ռազմական բախումների ընթացքում հետ էր մղել ադրբեջանական առաջխաղացման փորձերը, ողջ աշխարհում ադրբեջանական հրահրումներին արժանի հակահարված էր տվել հայկական Սփյուռքի ուժերով: Միակ երկիրը, որը դիմադրում էր անհավասար այդ պայքարում, փոքր Հայաստանն էր՝ Եվրոպայի անհուսալի գործընկերը, ՀԱՊԿ-ի երիցս դավաճանված գործընկերը: 

Թուրքական վճռականությունը բախվել էր հայկական ոգուն ու կամքին։ «Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի հյուսիս-արեւելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ եւ սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով: Մենք պետք է կռվե՛նք եւ հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից եւ թույլերի վախից են կործանվում հայրենիքները... Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն… Ցո՛ւյց տանք դավադիր ոսոխին մինչեւ վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստականությունը»,- ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչն էր հրամանատարներին եւ զինվորներին։
Մինչ հայկական զինված ուժերը հաղթում էին անհավասար կռվում, մինչ Ռուսաստանն Անկարայի հետ բանակցություններում իր աշխարհաքաղաքական ազդեցությունն էր փորձում պահպանել, հայկական դիվանագիտությունը վերածվել էր փաստերի պարզ արձանագրողի: Երեւանի պարզունակ, միագիծ արտաքին քաղաքականությունը՝ քաղաքական օրակարգի բացակայության եւ համահայկական ներուժի անտեսման պայմաններում, դառնում էր անգործունակ եւ դրանով իսկ՝ վտանգավոր: Որքան հայկական բանակն առաջ էր ընթանում, այնքան հետ էր մնում հայկական դիվանագիտությունը: Ներհայաստանյան իրավիճակն իր անլրջությամբ վաղուց արդեն լուրջ վտանգի էր վերածվել աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հարահոսում հայտնված մեր երկրի համար:

Նման բարդ իրավիճակում Հայաստանի բնական դաշնակիցը շարունակում է մնալ Ֆրանսիան, պոտենցիալ դաշնակիցները կարող են լինել Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան, ԱՄՆ-ն, Սերբիան, Բուլղարիան, Վրաստանը, Լեհաստանը՝ Հայաստանում ռուսական գործոնի թուլացման դեպքում: Այդեւայլ երկրների հետ նախաձեռնողական դիվանագիտության փոխարեն Երեւանի արտաքին քաղաքականությունը հանձնվել էր համաճարակային երկարատեւ անգործության: Հայկական դիվանագիտությունը կարող էր փոշիացնել հայկական բանակի ձեռքբերումները, եթե չլիներ հայկական Սփյուռքը: 

Թուրքական նոր վտանգին դեմ-հանդիման է այժմ ողջ արեւմտյան աշխարհը: Միջազգային հանրությունը չկարողացավ ստիպել Թուրքիային բացել Հայաստանի սահմանադուռը: Թուրքիայի նման անպատժելիությունները, գումարվելով, Ս. Սոֆիան վերածեցին մզկիթի, թուրքական նավերը հասան հունական ջրերը, եւ այժմ էլ կատաղի զորավարժություններ են իրականացնում Հայաստանի սահմանին: 

2005թ. նոյեմբերին ԱՄՆ Բոստոնի շրջակայքի տեղական հայտնի թերթերից մեկում՝ Watertown tab and press-ում, որպես «Ամբիոն» թերթի գլխ. խմբագիր վերապատրաստում էի անցնում: Խմբագրին հանձնեցի Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը քննադատող հոդվածս, որը երկու օր անց տպագրվեց թերթի առաջին էջում: Հոդվածի ավարտին կարծիք էի հայտնում, որ Թուրքիան, հնարավոր է, մասնատվի: Վոութերթանում հայկական համայնքը մեծ է, ազդեցիկ, չնայած դրան՝ թուրքական լոբբին ստիպեց թերթի գլխ. խմբագրին հոդվածս կայքից հեռացնել: Թերթի հրեա խմբագիրն ինձ ասաց, որ կվերատեղադրի այն, երբ թուրքական հարձակումը նահանջի, եւ երբ կգան ավելի բարենպաստ ժամանակներ: 

Միջազգային հանրությունը նմանվում է այդ գլխ. խմբագրին, որն անվերջ սպասում է, թե երբ կնահանջի թուրքական վտանգը, եւ երբ կգան աշխարհի համար ավելի բարենպաստ ժամանակներ: Մինչդեռ թուրքական վտանգն անապատի ուղտի պես վաղուց է չոքել ոչ միայն Արեւմուտքի դռանը: Այդ վտանգից ձերբազատվելու ճանապարհն այսօր կա՛մ Թուրքիային միջազգային պարտավորությունների հարգմանը եւ դիվանագիտություն վերադարձնելն է, կա՛մ Թուրքիայի համատեղ, միասնական եւ երկարատեւ մերժումը:

Մերժե՛լ Թուրքիային՝ Արեւմուտքի պարտքն է քաղաքակրթության, պատմության եւ մարդկության առջեւ: