Կինոն՝ կինոգործիչների տանը

Կինոն՝ կինոգործիչների տանը
Ինձ հաճախ են հարցնում՝ «+Կինո» ամսագրի ճակատագիրն ինչպե՞ս եղավ, պիտի հրատարակվի՞, թե՞ չէ։ Մեկ-մեկ խուսափում եմ այդ հարցի պատասխանից, մեկ-մեկ էլ կիսատ-պռատ պատասխաններ եմ տալիս։ Սակայն ճշմարտությունը հետեւյալն է․ մեկ տարի առաջ՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նորընտիր վարչության առաջին նիստում, մեր ճանաչված կինոօպերատորներից մեկը հարց բարձրացրեց. ««+Կինո» ամսագիրը շատ ծախսատար է եւ ավելի շատ անդրադառնում է մշակույթի մյուս բնագավառներին, քան կինոյին»։ Եվ առաջարկեց ամսագրի փոխարեն ինֆորմացիայի ավելի էժան աղբյուր ստեղծել:



Անկեղծ ասած՝ իսկապես, «+Կինո»-ն ավելի շատ անդրադարձել է թատերական արվեստին, գեղանկարչությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը, կիրառական արվեստին, լուսանկարչությանը, երբեմն-երբեմն էլ՝ գրականությանը, քան կինոյին: Դա ճշմարտություն է, որն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Ասեմ ավելին, անկախ ամեն ինչից՝ «+Կինոն» լուսաբանման գործում տեր է կանգնել ամբողջ մշակութային դաշտին… Դա լավ էր, թե վատ՝ ինքներդ դատեք: Եվ տասը տարի շարունակ պարբերաբար հրատարակվող ամսագիրը դարձել էր մեր մշակույթի գործիչներից շատերի սեղանի պարբերականը: Ասեմ, որ նույն վարչության նիստում գրեթե բոլոր ելույթ ունեցողները կարծիք էին հայտնել, որ ամսագրի հրատարակումը շատ թանկ է նստում միության վրա (ամեն համարը՝ 2 միլիոն դրամ), որից մեկ միլիոնը կազմել են միայն տպագրական ծախսերը: Սա, իսկապես, այդպես էր։ Չնայած մշակույթի նախկին նախարարը հստակ խոստացել էր, որ մեզ համար ֆինանսավորման ինչ-որ ձեւ պիտի գտներ: Հավանաբար, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:



Սակայն հիմա չեմ տառապում, որ «+Կինոն» չի հրատարակվում, որովհետեւ մեր այս սուղ պայմաններում տասը տարի տպագրվելը կատակ բան չէր:



Նախ՝ եթե ամսագիրը միայն պիտի կինոյին անդրադառնար, իսկապես թանկ հաճույք էր: Առայժմ մեր կինոն դեռ փնտրտուքի մեջ է, եւ երկրորդ՝ կինոմիության համար ուղղակի մեծ շռայլություն կլիներ նման ծախսերով ամսագիր հրատարակելը: Հիմա հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում:



Անկեղծ ասած՝ մոտ 50 տարի խմբագրելով «Ֆիլմ», «Գեղարվեստ» թերթերը, իսկ անկախության շրջանում էլ տասը տարի՝ «+Կինո»-ն, իմ կոպիտ հաշվարկով, այդ ընթացքում ես առնվազն 300 տոննա թուղթ եմ կարդացել: Այնպես որ, հիմա Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվող կինոթանգարանի աշխատանքներից զատ, ազատ ժամանակ աշխատում եմ կինոյին նվիրված գրքերի վրա: Պետք է ասեմ, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում, իսկապես, արմատական փոփոխություններ են կատարվել կինոմիությունում։ Դա առաջին հերթին վերաբերում է տասնամյակների պարապուրդից հետո Կինոյի տան մեծ` 510 տեղանոց դահլիճի եւ օժանդակ սրահների վերանորոգմանը, որի բեմահարթակից ես ժամանակին բազմաթիվ ֆիլմեր ու դրանց հեղինակներին եմ ներկայացրել: Այստեղ արդեն տեղի են ունենում միջազգային կարգի միջոցառումներ`«ՌԵԱնիմանիա» կինոփառատոնը, շուտով Ռոլան Բիկովին նվիրվածը կկայանա եւ այլն... Փաստորեն, Կինոյի տունն աստիճանաբար դառնում է մշակութային յուրօրինակ մի կենտրոն, այն, ինչը հարիր է ստեղծագործական միությանը: Կինոյի տանն ինքնատիպ հուշ-երեկոներ են անցկացվել՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, Լաերտ Վաղարշյանին, Ռուբեն Մամուլյանին, Ֆրունզե Դովլաթյանին, Յուրի Երզնկյանին, Ալբերտ Մկրտչյանին, Ռուբեն Գեւորգյանցին, Առնոլդ Աղաբաբովին, Անդրեյ Տարկովսկուն, Արա Վահունուն, Լեւոն Աթոյանցին, Աղասի Այվազյանին, Արկադի Հայրապետյանին, Հովիկ Հախվերդյանին եւ այլ կինոգործիչների:



Կինոյի տան Բուխարու սրահում, ինչպես նաեւ փոքր դահլիճում (Հ. Մալյանի անվ. թատրոն) «Վերադարձ կինոյի տուն», «Անկախության կինո», «Կինո դպրոցականների համար», «Մոռացված հայկական կինո», «Աշխարհի կինո», «Երիտասարդական կինոհարթակ», «Կինոերեկո՝ դերասանների հետ» խորագրերով կայանում են ցերեկույթներ, ցուցահանդեսներ, երեկոներ՝ նվիրված հայկական հին ու նոր կինոյին: Ցուցադրվող ֆիլմերն ուղեկցվում են ճանաչված կինոգետների մեկնությամբ, որին ներկա են գտնվում բազմաթիվ ուսանողներ, մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ:



Առանձնապես հետաքրքրությամբ է անցնում Բուխարու սրահում հայկական մուլտիպլիկացիային նվիրված կինոնկարների քննարկումը, որի ընթացքում երեխաներն իրենց ուշագրավ առաջարկություններն ու մեկնաբանություններն են անում:



Թե ինչպիսի ստեղծագործական ցերեկույթներ, երեկոներ, միջոցառումներ, իրադարձություններ են տեղի ունենում Կինոյի տանը, լայնորեն լուսաբանվում է թե՛ կինոմիության կայքում, թե՛ ֆեյսբուքյան էջում։



**Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ**