ՊԵԿ գործողությունը համաձայնեցված չի եղել վարչապետի հետ

ՊԵԿ գործողությունը համաձայնեցված չի եղել վարչապետի հետ
Երեկ [տեղեկացանք](https://www.hraparak.am/posts/5b7451de9791db64095cc014/%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB%D5%B6%D6%84-%D5%B4%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%AF%D5%B8%D5%BE%D5%AF%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB-%D5%A9%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE), որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ գործողություն իրականացրել․ խուզարկություն են արել, փնտրել եւ առգրավել են փաստաթղթեր, անգամ համակարգիչներ են տարել, ինչը խիստ վրդովեցրել է ոչ միայն երկաթուղու ղեկավարությանը, այլեւ ռուսական իշխանություններին, քանի որ, ինչպես հայտնի է, երկաթուղու հավատարմագրային կառավարումը հանձնված է Ռուսաստանին։



Երկաթգծի ադմինիստրացիան զարմացած է՝ եթե ինչ-որ փաստաթղթեր ստանալու կարիք ուներ ՀՀ իշխանությունը, կարող էին դիմել, իրենք պատրաստ էին տրամադրել՝ առանց մասկի-շոու իրականացնելու։



Կատարվածից հետո ՀԿԵ-ում հակաքայլերի հաջորդականությունն էին քննարկում, անգամ պատրաստվում էին հայտարարություն տարածել կամ որեւէ կերպ արձագանքել կատարվածին։



Ավելի ուշ մեր ձեռքում հայտնվեց Հարավկովկասյան երկաթուղու հայտարարության նախագիծը, որտեղ Հայաստանի հարկային մարմինների գործողությունները` օգոստոսի 14-15-ի գիշերը, գնահատվում էին որպես «ոչ բարեկամական եւ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ավանդույթները խախտող»։ Հայտարարության մեջ նշված էր, որ խուզարկությունը կատարվել է հարկեր չվճարելու մեղադրանքի շրջանակներում, որը կազմում է 9.7 մլն դրամ՝ ավելացված արժեքի գծով, ինչը շատ մեծ գումար չէ՝ հաշվի առնելով ՀԿԵ շրջանառությունը։



Պարզվում է՝ ՀԿԵ-ն քրեական գործի հարուցման մասին որոշում չի ստացել, խուզարկության մասին որոշումն էլ գրասենյակ է տարվել օգոստոստի 14-ին՝ ժամը 22։00-ին։ Փաստորեն, խուզարկությունը կատարվել է 2 ժամ անց՝ 00։00-ից մինչեւ առավոտյան 08։30-ը։ ՀԿԵ-ն նաեւ արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է «Հայաստանի օրենսդրության խախտումներով»՝ ընթերականերն անձը հաստատող փաստաթղթեր չեն ունեցել, խուզարկության են ենթարկվել նաեւ աշխատակիցների անձնական իրերը, եւ «հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով գործողությանը մասնակցել է նաեւ սպեցնազը»։ Ըստ տեղեկանքի, ՀԿԵ յուրաքանչյուր աշխատակցի բաժին է ընկել թվով երեք ստուգող։ Հայտարարության նախագծում նշված էր, որ ՀԿԵ-ն պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել ՀՀ իշխանություններին։



Ավելի ուշ ստացանք ՀՀ կառավարության հաղորդագրությունը, որտեղ նշված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն այցելել է Նիկոլ Փաշինյանին․ «Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաեւ վերջինիս ընթացիկ եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների»:



Սակայն իրականում հանդիպման նպատակը եղել է միջադեպը հարթելը, ինչը կարող է շիկացնել առանց այն էլ լարված հայ-ռուսական հարաբերությունները։ Չճշտված տվյալներով, ՊԵԿ գործողությունը համաձայնեցված չի եղել վարչապետի հետ, եւ ՊԵԿ նախագահը «դեղին քարտ» է ստացել այդ ինքնագործունեության համար։ Ի դեպ, Քննչական կոմիտեում եւս կա քննվող գործ՝ ՀԿԵ-ի հետ կապված։ Իսկ օրեր առաջ մեծ խումբ երկաթուղայիններ բաց նամակ էին հղել վարչապետին՝ նկարագրելով, թե ինչ է կատարվում երկաթուղում, եւ խնդրելով միջամտել այդ ամենին։



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**