Վարպետությունը սահմաններ չունի

Վարպետությունը սահմաններ չունի

Վաղուց ականատես չէինք եղել մեր ֆուտբոլասերների ոգեւորությանը եւ հպարտության այսպիսի զգացում չէինք ունեցել, ինչպես մեր ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության նախնական մրցափուլի մեկնարկում ունեցանք, երբ մերոնք հրաշալի ցուցանիշներ գրանցեցին։ Այո, Հայաստանի ֆուտբոլիստների ընտրանին ավագ մարզիչ, իսպանացի Խոակին Կապարոսի ղեկավարությամբ հասավ բացառիկ արդյունքի՝ մեկը մյուսի հետեւից տանելով 3 հաղթանակ ու զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, եւ սա այն դեպքում, երբ իտալական «Ռոմա» թիմում հանդես եկող մեր առանցքային խաղացող Հենրիկ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց վերոհիշյալ հանդիպումներին։ Այն էլ ասենք, որ նման բարձր ցուցանիշներ գրանցելու շնորհիվ ՖՒՖԱ-ի կազմի մեջ մտնող 210 երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանը 99-րդ տեղից բարձրացավ հասավ 90-րդ հորիզոնական՝ վաստակելով ռեկորդային քանակի` 40 միավոր։

Ինչ խոսք, հաճելի է, որ մեր գլխավոր թիմի տղաները, գոլեր խփելով, հաղթական միավորներ վաստակելով, վարպետություն դրսեւորելով, նաեւ հավատով են լցվել սեփական ուժերի նկատմամբ։ Սա հույսեր ներշնչող պլյուս է, մանավանդ որ Կապարոսը սկսել է ասպարեզ դուրս բերել նաեւ տակավին երիտասարդ ու շնորհալի խաղացողների։ Սակայն պնդել, որ նուրբ ու բարձրակարգ, կայուն խաղարվեստով ամեն ինչ հրաշալի դրսեւորում ստացավ, կհնչի որպես ինքնախաբեություն։ Այժմ, երբ, ըստ էության, հնգամսյա հանգիստ է հաստատվել, եւ էյֆորիան սկսում է նվազել, եկել է սթափ գնահատականներ տալու ժամանակը, մանավանդ որ նոր ու ավելի լուրջ արգելքներ հաղթահարելու համար տեղին դիտողությունները գերադասելի են անդադար գովեստներից։ Սա կրկնակի կարեւոր է, եթե նկատի ունենանք, որ աշնանը մեզ սպասվում են շատ ավելի դժվարին ու ծանր փորձություններ` հանդիպումներ առաջատարին անմիջականորեն հետապնդող մրցակիցների` Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականների հետ, ընդ որում` նրանց հարկի տակ։

Հասկանալի է, ներկա «հանգիստ» ամիսները հարկ է նպատակային օգտագործել, մշտապես հիշել, որ վարպետության կատարելագործմանն ուղղված կոնկրետ քայլերի շնորհիվ միայն հնարավոր կլինի հասնել ավելի պատկառելի հաջողությունների։ Իսկ անելիքները քիչ չեն։ Որպես ավելի քան կես դար մոտիկից ֆուտբոլով հետաքրքրվող՝ ինձ թույլ կտամ պնդելու, որ լիովին գոհ լինել մեր ֆուտբոլիստների ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստականությունից, անկարելի է․ ե՛ւ արագաշարժության, ե՛ւ գնդակը հմտորեն վարելու ունակությունների հետ առնչվող խնդիրներ կան։ Իսկ բոլորից շատ, հատկապես գրոհների ժամանակ, ցանկալի է տեսնել մեկ հպումով ու ճիշտ պահերին կատարվող եւ հասցեագրված փոխանցումներ, ինչը հակառակորդին անակնկալի բերելու, տարածք շահելու, գոլային լուրջ սպառնալիք ստեղծելու ամենանպաստավոր միջոցն է։

Եթե խոսենք առանձին օղակների մասին, այսօր առավել մտահոգիչ են հարձակվողների ապարդյուն գործողությունները` փոխանցումները հաճախ պարզունակ են, հեշտ կռահելի, հետեւաբար, իրական սպառնալիք մրցակցի համար չեն ներկայացնում։ Պատահական չէ, որ առաջին երեք խաղերում «մաքուր» հարձակվողներից եւ ոչ մեկին առայժմ չի հաջողվել գոնե մեկ դիպուկ հարված կատարել։ Անհնար էր չնկատել, որ Կապարոսին նույնպես այդ իրավիճակն անհանգստացնում էր` զուր չէ, որ հենց գրոհայինների խաղին թարմություն հաղորդելու համար նա շարունակ փոխարինողների էր դուրս բերում ասպարեզ...

Տարատեսակ մեկնաբանությունների առիթ էին տվել Երեւանում կայացած խաղերը (ինչ վերաբերում է Լիխտենշտեյնում անցկացված անդրանիկ հանդի- պմանը, ապա այստեղ «աչքի ընկան» դաշտի տերերը․ խաղի ելքը որոշած միակ գոլը նրանք խփեցին՝ գնդակն ուղարկելով... սեփական դարպասը)։ Իսլանդացիների նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը, այո, համոզիչ առավելություն էր, սակայն գոլային լուրջ սպառնալիք ներկայացնող անկյունային հարվածների հաշվարկով մեր տղաները բացահայտորեն տանուլ տվեցին հյուրերին։ Վկան 10:1 հարաբերությունն է։ Նման փաստը, ինչ խոսք, աչքաթող անել չի կարելի, թեկուզ պատասխան հանդիպման ժամանակ։ Ինչ վերաբերում է ռումինացիների հետ մրցամարտին, ապա այն կարելի է բաժանել 2 տարբեր կեսերի. մինչեւ ընդմիջում կողմերի գործադրած ջանքերը պարզունակ ու ապարդյուն էին, իսկ ահա հանգստից հետո երկկողմանի տարօրինակ միջադեպերը հաջորդում էին միմյանց՝ մինչեւ վերջ անորոշության մթնոլորտ ստեղծելով տրիբունաներում։ Նախ ներկաներին հաճելիորեն զարմացրեց կրասնոդարցի նորեկ Սպերցյանը․ փոխարինման դուրս եկած երիտասարդը զարմանալի աշխուժություն հաղորդեց խաղին, ավելին՝ բոլորը անակնկալի եկան, երբ ձախ եզրով նրա կատարած սլացիկ անցումն ավարտվեց գոլային հուժկու հարվածով։

Սակայն քիչ անց, ավաղ, իրավիճակը կտրուկ փոխվեց. հետեւեցին հյուրերի միմյանց հաջորդած 2 արդյունավետ կոմբինացիաներ, ինչը մեր պաշտպանները խափանել չկարողացան։ Խաղը մոտենում էր ավարտին, երբ կոպտության համար դաշտից հեռացվեց ռումինացի ֆուտբոլիստ Պուշկաշը, եւ սա լավ առիթ դարձավ, որ մեր տղաները, ստանալով թվային առավելություն, անցնեն վճռական գործողությունների։ Հարմար առիթը առաջինն օգտագործեց պաշտպան Հարոյանը, ում հաջողվեց 86-րդ րոպեին վերականգնել հավասարակշռությունը` 2:2, իսկ երեք րոպե անց վերստին աչքի ընկավ Սպերցյանը, որի ներխուժումը տուգանային հրապարակ հյուրերն ընդհատեցին արգելված հնարքով։ Նշանակված 11 մետրանոցը վստահորեն իրացնելով՝ Բարսեղյանը գրանցեց 3:2 հաշվով հաղթանակ։

Ի դեպ, խաղի հաջորդ օրը Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց անվստահություն հայտնել հավաքականի ավագ մարզչին։ Դա, հիրավի, միմյանց չզիջող ախոյանների ծանր մրցամարտ էր, որի անսովոր ընթացքն ու վերջնարդյունքը ուսանելի դաս կդառնան ոչ միայն պարտվածների, այլեւ հաղթանակ տարած թիմի համար։

Եթե բացթողումներն ինչ-որ չափով շտկվեն, ապա հնարավոր է հույսեր փայփայել, որ մեր ազգային հավաքականը կկարողանա արդարացնել սպասելիքները, իր համար տեղ ապահովել աղյուսակի վերին երկու աստիճաններից մեկում։

Միսակ Նազարյան