Սեփական շահի համար պետությունն էլ ոտնատակ կտան

Սեփական շահի համար պետությունն էլ ոտնատակ կտան

Անընդհատ թվում է, թե այլեւս կորցրել ենք զարմանալու հատկությունը, եւ իշխանությունների ոչ մի քայլ, որոշում, հայտարարություն այլեւս չի կարող մեզ շոկ պատճառել, բայց, պարզվում է, թերագնահատել ենք նրանց եւ նրանց հիմարության աստիճանը, որն անսահման է։ Ինչպես անսահման են չարությունը, տգիտությունը, ապաշնորհությունը։ 

Ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնագործություն արեց՝ հայտարարելով, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն իրեն չի զեկուցել, որ մենք ծանր վիճակում ենք, եւ պետք է պատերազմը դադարեցնել։ Բոլորն անմիջապես հիշեցին, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի այդ հայտարարությունից հետո վարչապետը հարցազրույց է տվել եւ չի հերքել ԳՇ պետի ասածը։ Ոմանք նկատեցին, որ Գասպարյանի հայտարարությունից անցել է 4-5 ամիս, եւ վարչապետն այդ ամիսներին չի հերքել նրա ասածները ու հանկարծ՝ ապրիլի 14-ին որոշել է 2020 թվականի կառավարության կատարողականի զեկույցը վերածել իրեն ուղղված մեղադրանքները հերքելու ակցիայի։ Նույն օրը եւեթ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ «բարոյազուրկ ստախոսներից կարելի է ամեն ինչ սպասել», եւ որ վարչապետն ու ԱԱԽ քարտուղարն «անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը»։

Եվ քանի որ բազմիցս ստերի մեջ բռնված վարչապետի խոսքի «դիմաց» հայտնվեց ԳՇ նախկին պետի խոսքը, եւ մարդիկ հակված էին ավելի շատ հավատալու զինվորականի խոսքին, ուստի իշխանությունը որոշեց իրեղեն «ապացույցներ» մատուցել հանրությանը։

Ազգային անվտանգության խորհուրդը մի տարօրինակ փաստաթուղթ հրապարակեց՝ սեպտեմբերի 30-ի ԱԱԽ նիստի արձանագրությունը, որի տողերի մոտ 90 տոկոսը սեւացրած էր՝ թողնված էին ինչ-որ պատառիկներ Օնիկ Գասպարյանի խոսքից։ Պարզ ասած՝ կոնտեքստից կտրված խոսքեր, որոնք ճիշտ գնահատելու համար հարկավոր է տեքստն ամբողջությամբ կարդալ, այլ ոչ թե դրանից առանձնացված կամայական տողեր։ Մեզ՝ լրագրողներիս, ամենից շատ մեղադրում են մարդու խոսքը կոնտեքստից կտրելու, ճիշտ վերնագիր չդնելու համար։ Հիմա դա անում է պետությունը՝ առաջին դեմքերի մակարդակով։ Եվ նրանց հետ չի պահում ո՛չ ԱԱԽ նիստի գաղտնիության արգելքը, ո՛չ տարրական բարոյականությունը՝ որ մարդու համաձայնությունը չունեն իր խոսքը հրապարակելու համար, ո՛չ տարրական տրամաբանությունը, որ խոսքի պատառիկները կարող են խեղաթյուրված պատկեր ներկայացնել։ 

Իսկ խելացի մարդիկ անգամ այդ սեւացրած կցկտուր տողերից հասկացան՝ Օնիկ Գասպարյանը զգուշացրել է, որ վիճակը վատ  է՝ պետք է պատերազմը դադարեցնել, բայց նաեւ ասել է, որ բանակը հերոսաբար մարտնչում է, որոշակի հաջողություններ որոշ հատվածներում ունենք, բայց դա չի կարող համատարած լինել եւ վերջնական հաղթանակի հասցնել մեզ եւ այլն։ 

ԱԱԽ նիստին մասնակցած վարչապետն ու իր ԱԱԽ քարտուղարը կա՛մ հասկանում են այս ամենը եւ հերթական անգամ խորամանկությամբ որոշել են մարդկանց խաբել՝ պարզ զեղծարարություն անել, կա՛մ նիստում հնչած խոսակցությունն ու ԳՇ պետի ասածները չեն հասկացել՝ ընտրովի են հասկացել։ Այսինքն՝ տեղ-տեղ լսել են, տեղ-տեղ չեն լսել կամ լսել են՝ չեն հասկացել, կամ չեն ցանկացել լսել։ Այդպես հաճախ է պատահում, երբ մարդիկ ադեկվատ չեն, եւ նույն տեքստը տարբեր մարդիկ տարբեր կերպ են հասկանում։ Տեքստը ճիշտ ընկալելու համար էլ են գիտելիքներ ու խելք պետք։ 

Երբ մարդիկ սկսեցին ծաղրել, թե սեւացրած տողերով արձանագրությունը կեղծիք է, չի արտահայտում ողջ իրականությունը, իշխանությունը որոշեց ավելի խորացնել իր ծիծաղելի կացությունը եւ հրապարակեց ԱԱԽ նիստի ձայնագրությունը՝ նորից հատվածաբար։ Ինչպես արձանագրությունն էին սեւացրած տողերով հրապարակել, այնպես էլ ձայնագրությունն են կտրտել եւ իրենց պետքական տողերը ձայնով տվել, այսինքն՝ Օնիկ Գասպարյանն ինչ-որ մտքեր է հայտնում, որոնք կիսատ են մնում։  

Չգիտես՝ լաս, թե խնդաս սրանց անհեթեթության, պետականության զգացումի իսպառ բացակայության եւ էշի համառության վրա։ Սրանք սեփական շահերը սպասարկելու համար, փաստորեն, ե՛ւ պետական գաղտնիքի, ե՛ւ անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքները, ե՛ւ մարդու իրավունքներն ու պետության շահը կարող են ոտնատակ տալ։