Յուրացում չկա՞

Յուրացում չկա՞
Նախօրեին ձերբակալված «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Արա Վարդանյանի գործը մեծ աղմուկ է բարձրացրել։ Սակայն եթե հանրությունն այս ձերբակալությունը դիտարկել է որպես հիմնադրամի միջոցների յուրացում, ապա առավել ուշադիր մարդիկ եւ հատկապես իրավաբանները բոլորովին այլ դիտարկումներ են անում՝ ընթերցելով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը։ Երեկ այդ մասին Ֆեյսբուքում գրել էր փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նկատելով, որ յուրացում չկա, իսկ մեզ հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասաց․ «Երբ որ ասում է՝ «եւ իր անձնական գումարները մուտքագրել էր հաշվապահություն՝ քողարկելու համար վատնումը», եթե իրականում ամբողջ գումարը վճարել է իր անձնական գրպանից, ես էստեղ, օրինակ, չէի տեսնի վատնում»։



Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ ասված է․ «Վարդանյանը խոստովանել է, որ, տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թթ․ ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ»:



Թեպետ, անշուշտ, խաղադրույքներ դնելը լավ բան չէ, այն էլ՝ քեզ վստահված կազմակերպության միջոցներից, սակայն եթե դրանք Արա Վարդանյանը վերադարձրել է հիմնադրամին, կնշանակի՝ խոսք կարող է գնալ ընդամենը պաշտոնական անփութության, պաշտոնը չարաշահելու, այլ ոչ թե յուրացման մասին, որն անհամեմատ ավելի ծանր մեղադրանք է։ Ի դեպ, նկատենք, որ Արա Վարդանյանը հիմնադրամի տնօրեն վերանշանակվեց Նիկոլ Փաշինյան վարչապետի օրոք։ Կասկածներ կան, որ Վարդանյանի խաղադրույքների մասին ԱԱԾ-ին հայտնել են խաղային բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարները, որոնք կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ, եւ որտեղ Վարդանյանն առցանց խաղադրույքներ է կատարել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**