ԿԸՀ-ն մանդատ կտա «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մեկին

ԿԸՀ-ն մանդատ կտա «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մեկին
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածուներ Թամարա Սարգսյանը, Հասմիկ Շափաղաթյանը, Նաիրի Բախշյանը, Ռոբերտ Հակոբյանը, Սլավիկ Ամիրյանը, Սոֆյա Պետրոսյանը, Աղասի Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Նախատեսված է, որ այսօր ԿԸՀ-ն իր հերթական նիստում պետք է քննարկի ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումների ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։



ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր, ժամը 15․00-ին գումարվելիք նիստում ԿԸՀ-ն կքննարկի այդ դիմումները եւ համապատասխանաբար գրանցումները կճանաչի ուժը կորցրած։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ թեկնածուները իրենց դիմումներում հրաժարավելու կամ ինքնաբացարկ ներկայացնելու պատճառների մասին չեն նշել։ «Երբ ստանում ենք նման դիմումներ, ԿԸՀ-ն գումարում է նիստ եւ քննարկում այդ դիմումները։ ԿԸՀ-ն կկազմի արձանագրություն «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թեկնածուներից մեկին մանդատ տալու վերաբերյալ»,- ասաց Հերմինե Հարությունյանը։ Հիշեցնենք, որ հունիսի սկզբին դադարեցվել էին ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մերուժան Սիմոնյանի լիազորությունները, նա ներկայացրել էր հրաժարականի դիմում։